HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական թեստ

aravot14Եթե Էրդողանը չորս անգամ հայտարարում է, որ մեր հարաբերությունները կկարգավորվեն միայն Ղարաբաղի հարցի լուծումից հետո, ապա դրանով խոսակցությունն ավարտված է: Այսինքն` ի՞նչ իմաստ ունի բանակցել մի խնդրի շուրջ, որի լուծումն ամբողջությամբ պայմանավորված է մեկ այլ խնդրով: Ենթադրենք, հայ-թուրքական պայմանագրում կամ դրան նախորդող «Ճանապարհային քարտեզում» խիստ հայանպաստ դրույթներ են գրված: Բայց չէ՞ որ այդ դրույթները, ըստ թուրքական կողմի, միևնույնն է, կյանքի չեն կոչվի մինչև Ղարաբաղի խնդրի լուծումը: Էլ ինչի՞ համար ենք մենք քննարկում այդ (մեզ համար անհայտ, ենթադրական) դրույթների «հայանպաստ» կամ «թուրքանպաստ» լինելը, եթե դրանք անիրագործելի են: Իսկ եթե իրագործելի են, ուրեմն մեր իշխանություններն անկեղծ չեն` օրը 20 անգամ կրկնելով «առանց նախապայմանների» հանգերգը: Այս իմաստով Դաշնակցության դժգոհության մեջ տրամաբանություն կա: Այս վերջին զարգացումներից հետո, մնալով իշխող կոալիցիայի մեջ, այդ քաղաքական ուժը կկորցներ իր վերջին անկեղծ կողմնակիցներին` պահպանելով, բնականաբար, «կերակրատաշտին» ձգտող պատեհապաշտներին: «Դարավոր ոսոխի» և «արյան ծովի» գաղափարախոսությունը դավանող կուսակցությունը չէր կարող մնալ մի իշխանության մեջ, որի գործողությունները տագնապ են առաջացնում նույնիսկ ոչ ազգայնական շրջանակներում: Ոմանք ասում են, որ ՀՅԴ-ն, դուրս գալով կոալիցիայից, դարձյալ շարունակում է իր իշխանական խաղերը: Բացառված չէ: Այդ ամենը պարզ կդառնա մոտակա ամիսներին, և որոշիչը ոչ միայն Երևանի ավագանու ընտրություններն են լինելու: Հայաստանում շատ ավելի էական «թեստեր» կան: Եթե մոտ ժամանակներս սկսեն «խորացած կերպով» ստուգել «դաշնակցականամերձ» գործարարների հարկային պարտավորությունները, կամ եթե Ամալյանի հանձնաժողովը «Երկիր մեդիայում» հայտնաբերի «լուրջ խախտումներ», ուրեմն ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալը խաղ չէ: Հակառակ դեպքում` խաղ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter