HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնահռչակ ընդդիմություն

168-jam3Կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու պատճառով երեկ հրաժարական են տվել նաև Կրթության և գիտության, Սոցիալական ապահովության, Գյուղատնտեսության դաշնակցական նախարարները, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը, ԱԺ մշտական հանձնաժողովի ՀՅԴ-ական նախագահները և այլ դաշնակցական պաշտոնյաներ: Թե ովքե՞ր են զբաղեցնելու նշված պաշտոնները, դեռևս վերջնականապես հայտնի չէ, երեկ քննարկվում էին միայն հավանական թեկնածուների հավանական անուններ: Օրինակ` որպես ԱԺ փոխնախագահի հնարավոր թեկնածուներ շրջանառվում էին ոչ ավել, ոչ պակաս երիտհանրապետական Էդուարդ Շարմազանովի և ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի անունները: Ընդ որում, ըստ նույն լուրերի, եթե վերջինս դառնա ԱԺ փոխնախագահ, ապա Շարմազանովին նշանակելու են կամ Կրթության և գիտության, կամ Սոցապ նախարարի պաշտոնում: Նշված երկու պորտֆելներից մեկը տրվելու է ԲՀԿ-ին, որտեղ արդեն որոշել են, որ անկախ նախարարության ուղղվածությունից` նախարար է դառնալու ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ՀՀԿ-ն մտադիր է պահել իրեն, իսկ թե ովքեր կդառնան ԱԺ Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության, Անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովների նախագահներ, դեռևս հայտնի չէ: Իհարկե, ՀՅԴ-ի այս քայլը քաղաքական դսաշտում որոշակի վերադասավորումների պատճառ կարող է հանդիսանալ: Սակայն, անկախ ՀՅԴ-ի երեկվա հայտարարությունից և առաջիկայում կատարվելիք քայլերից, ակնհայտ է, որ այդ վերադասավորումը չի վերաբերի ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին: Արմեն Ռուստամյանը երեկ հստակ հայտարարել է, որ բացառում է ՀՅԴ-ի համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ: Իսկ դա նշանակում է, որ ՀՅԴ-ի «ընդդիմադիր գործունեությունը» սահմանափակվելու է միայն հայ-թուրքական հարաբերությունների թեմայով: Դա ամենևին չի նշանակում, թե ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս է եկել «հետին մտքով»(ասենք` Երևանի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր դիրքերից ՀՀԿ-ին սատարելու կոալիցիոն մղումով): Պարզապես ՀՅԴ-ն պետք է նույնքան ազնիվ լինի և հայտարարի, որ ընդդիմություն է` առանձին վերցրած հարցերի «ծիրին մեջ»: Նույնիսկ ծառ է տնկելու Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելելու է «Նաիրիտ Գործարան»: Երեկ խմբագրություն էր զանգահարել գործարանի աշխատակիցներից մեկը, ով պատմում էր, թե ինչպես են ընդունելու «մեծարգո» վարչապետին: «Հանդիպելու են միայն այն բանվորները, որոնք իրենց հետ արդեն համաձայնության են եկել, նախապատրաստած հարցերը, որ տրվելու են, հետաքրքրում է ոչ թե բանվորներին, այլ իրենց: Վարչապետը պետք է ծառ տնկի, գնա բանվորների հետ նստի, հաց ուտի ճաշարանում: Ու այս ամենը` ցույց տալու համար, թե իբր ինչքան շատ են մտահոգվում գործարանի համար, թե իբչ ոչ մի խնդիր էլ չկա»,- նշել է թերթի զրուցակիցը, որը չի ցանկացել ներկայանալ` պարզաբանելով, որ գործարանում վախի մթնոլորտ է տիրում, աշխատասկիցներին հեռացնում են աշխատանքից: Ըստ նրա` գործարանի ղեկավարությունը չի վերականգնել նաև հաշվապահության այն աշխատակցին, որին հեռացրել էին տեղեկատվության արտահոսքի համար և հետո խոստացել վերականգնել` պահանջելով, որ ոչ մի տեղ չբողոքի: Իսկ ընկերության ֆինանսական դրությունը գնալով էլ ավելի է վատանում: «Նաիրիտ Գործարանն» արդեն մի ամիս է, ինչ աշխատում է, և թերթի տեղեկություններով` այդ ընթացքում արտադրել է ընդամենը 300 տոննա քլորոպրեն, որից կարող է ստանալ 400 տոննա կաուչուկ: Սակայն դրա վաճառքի խնդիրն այսօր հարցականի տակ է, քանի որ այսօր էլ պահեստում կա շուրջ հազար տոննա կաուչուկ, որը չի վաճառվում: Բայց ընկերության ղեկավարության համար կարևորն այն է, որ գործարանն այսօր աշխատում է, քանի որ վարչապետը հայտարարել է, թե ինքը «Նաիրիտ» կգա միայն այն ժամանակ, երբ գործարանն արտադրանք թողարկած լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter