HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանցագործությունների աննախադեպ աճ է նկատվում

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն, ամփոփելով 2009թ.ոստիկանության կողմից կատարված աշխատանքի առաջին եռամսյակը, նշեց, որ  հանցագործությունների կատարման աննախադեպ աճ է արձանագրվել այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ` շուրջ 57 տոկոսով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանապետը շեշտեց, որ իրենք պայքարում են հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկայի դեմ, և բոլոր հանցագործություններն անխտիր գրանցվում ու ընթացք են ստանում: Այսպիսով, 2009թ առաջին եռամսյակում 2897 հանցագործության դեպք է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 1844-ի դիմաց: Ոստիկանապետը նշեց, որ աճել են ավազակության, կողոպուտի, գողության, խարդախոթյան և այլ դեպքերը:Աճ է գրանցվել նաև հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: «Հայտնաբերվել է մեծ թվով հրազեն` 336 միավոր հրազեն նախորդ տարվա 140-ի դիմաց: Հիմնականում բոլոր ուղղություններով էլ հանցագործությունների բացահայտումներն աճել են: Այսօր հրաման եմ ստորագրել, հայտրարարել ենք միամսյակ` ապրիլի 29-ից մինչև մայիսի 29-ը, միջոցառում է իրականացվելու, որը կոչվելու է «Վահան»: Դրա նպատակն է տեսնել Հայաստանն առանց ապօրինի զենք-զինամթերքի ու թմրանյութերի»,- ասաց Ա. Սարգսյանը: Լրագրողներն անդրադարձան ոստիկանապետի վերջերս արած այն հայտրարությանը, թե հյուսիսային պողոտան կառուցվել է այս իշխանությունների օրոք, և ընդդիմության ներկայացուցիչները թող ուրիշ տեղ զբոսնեն: Ոստիկանապետը, սակայն, նշեց, որ լրագրողի հետ պարզապես զրույցի ժամանակ ինքն ընդամենը կատակել է: «Եվ, և քանի որ այդքան լուրջ եք ընդունել, ասեմ, որ իմ ուզածն այն է, որ հյուսիսային պողոտայում հասարակական կարգը չխախտվի, որ այնտեղ մասսայական միջոցառումներն օրենքի սահմաններում լինեն ու չվերածվեն մասսայական անկարգությունների: Ինչ վերաբերում է հյուսիսային պողոտայի կառուցմանը, նշում եմ, ցանկացած մարդ կարող է քայլել, կառուցումը ոչ մի նշանակություն չունի: Ես չէի կարող այն աստիճան պրիմիտիվ գտնվել, որ ասեի` այսինչ մարդկանց օրոք է կառուցվել, ուրեմն տարեցները կամ կոմունիստներն իրավունք չունեն այնտեղով զբոսնելու: Ու խորհուրդ կտայի բառերից չկառչեն ու մտերմիկ խոսակցությունը չվերածեն քաղաքական լուրջ հայտարարության: Ինձ քաղաքականության մեջ խորհուրդ կտայի չներքաշեն, ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է»,-ասաց նա: Երեկ հայ ազգային կոնգրեսի` մայիսի մեկի հանրահավաքի մասին իրազեկող  թռուցիկներ բաժանող մի քանի երիտասարդների քաղաքացիական հագուստով անձինք փորձել են խանգարել, թռուցիկներ են խլել ու անգամ առևանգել նրանցից մեկին: Ու այս ամենը` ականատեսների վկայությամբ` մի քանի ոստիկանների աչքի առաջ: Ա. Սարգսյանը, սակայն, նշեց, որ ինքը չի կարծում, որ որևէ ոստիկան ականատես լիներ նման գործողությունների և չարձագանքեր: Նատաշա Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter