HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել են Մանվել Գրիգորյանի թիկնապահները

«Փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության բացահայտմանն ուղղված աշխատանքների հետ կապված, ցավոք, այս պահին որևիցե դրական արդյունք չկա»: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ  ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Չորս վարկածների ուղղությամբ, որոնք ես արդեն նշել էի, աշխատանքներ կատարվում են, հինգերորդ վարկած չկա այս պահին: Կարծում եմ` ընտրված են այնպիսի վարկածներ, որոնցում ներառվում են սպանության այն բոլոր պատճառները, որոնց ուղղությամբ պետք է աշխատել: Աշխատանքում դանդաղկոտություն, հապաղում չեմ տեսնում, քանի որ դա մեզ համար արժանապատվության խնդիր է: Քանի դեռ չի բացահայտվել Գևորգ Մհերյանի սպանության գործը, որևիցե ոստիկան, մեղմ ասած, իրեն լավ զգալ չի կարող: Մենք բացահայտելու ենք այդ գործը, չկասկածեք դրանում»,- հավաստիացրեց ոստիկանապետը: Ա. Սարգսյանը հաստատեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի թիկնապահներից երկուսն այսօր ձերբակալվել են: «Դեպքը երեկ է արձանագրվել: Համաձայն տուժողի հայտարարության` գեներալ Մանվել Գրիգորյանի թիկնապահներից երկուսը իրեն մարմնական վնասվածք են պատճառել: Գործին ընթացք է տրվել, այս պահին նյութեր են ստեղծվել, ընդամենը մեկ ժամ առաջ էլ թիկնապահները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Այս պահին աշխատում ենք, տուժողը կգա, կճանաչի, գործը կստանա հավուր պատշաճի ընթացք»,- ասաց նա: Ոստիկանապետն անդրադարձավ նաև լրագրող, «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանի գործին` նշելով, որ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել հանցագործի նկատմամբ, փորձաքննությունը մի քանի օր առաջ ավարտվել է, և գործն այս պահին նախապատրաստվում է, քննչական գլխավոր վարչության վարույթում է և մինչև մայիսի 3-4-ը կլինի դատարանում: Հնարավո՞ր է, որ կոալիցիայից Դաշնակցության դուրս գալու հետևանքով ոստիկանությունը վեր հանի դաշնակցականների դեմ եղած որևէ դոսյե: Լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան` ոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում որևէ դոսյե կիրառել կամ ձերբակալել որևէ դաշնակցականի: Ա. Սարգսյանը նշեց, որ իրենք Դաշնակցության հետ երբեք էլ խնդիրներ չեն ունեցել: «Իսկ հին դոսյեներ հանելը մեր խնդիրը չէ, դաշնակցականները մեր ընկերներն են ու համոզված եմ, որ ցանկացած դիրքում, թեկուզ իբրև ընդդիմություն, նրանք աջակցելու են պետությանը, իրենց փորձն են փոխանցելու: Նրանք Հայաստանի շահերի համար մտահոգվող, ցավող ժողովուրդ են»,- ասաց ՀՀ ոստիկանապետը: Նատաշա Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter