Լևոն Զուրաբյան. «Համաձայնության գալուց հետո փաստաթուղթը չհրապարակելը լուրջ կասկածների տեղիք է տալիս»
«Այսօր անիմաստ է խոսել հայ-թուրքական հաշտեցման «Ճանապարհային քարտեզի» մասին, այսօր պետք է խոսել ներքին հաշտեցման ճանապարհային քարտեզի մասին` քաղբանտարկյալների ազատում, երկխոսության մեկնարկ և ժողովրդավարական ազատությունների վերականգնում, մայիսի 31-ին օրիանական ընտրությունների անցկացում:
Միայն դրանից հետո հնարավոր կլինի համատեղ լուծումներ գտնել ներքին քաղաքական և արտաքին մարտահրավերները ներազգային շահերից բխող եղանակներով հաղթահարելու ուղղությամբ»,- հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Այնուամենայնիվ, խոսելով «Ճանապարհային քարտեզի» մասին, Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք հասկանում են, որ բանակցային գործընթացի ընթացքում աշխատանքային փաստաթղթերը հրապարակելը իմաստ չունի, պետք է գաղտնիություն. «Բայց երբ արդեն կայացվել է համաձայնությունը, որի մասին ապրիլի 22-ին հայտարարել են, դրանից հետո այդ փաստաթուղթը գաղտնի պահելը լուրջ կասկածների տեղիք է տալիս»:
ՀԱԿ համակարգողի խոսքերով` իրենց համար ավելի հասկանալի կլիներ, որ նման պատմական գործընթաց սկսելու համար իշխանությունը փորձեր ազգային համաձայնության մթնոլորտ ստեղծել: Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ն իր վերաբերմունքը կարտահայտի հայ-թուրքական հարաբերությունների և «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, երբ այդ փաստաթղթի մանրամասները ձեռքի տակ ունենա: «Մենք շատ լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ հայ-թուրքական հաշտեցման, ինչպես նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացներն օգտագործվում են ՍԵրժ Սարգսյանի կողմից ուղղակի միջազգային հանրության աջակցությունը ստանալու եւ ըննդիմությանը ջարդելու նպատակով, որի արդյունքում կործանվելու է ժողովրդավարությունը Հայաստանում»,- շարունակեց Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողը հայտարարեց նաև, թե դիվանագիտական աղբյուրներից իրենց հայտնի է դարձել, որ հայ-թուրքական համաձայնության կարևորագույն հարցերից է հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցը. «Դա արվել է թուրքական կողմի պահանջով, և դրա նպատակն է հարցականի տակ դնել Ցեղասպանության հարցը»:
Մեկնաբանել