HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Սարգսյան. «Այսօր ոչ ոք չի կարող ծեծել ոստիկանի ու մնալ անպատիժ»

«Սա աղմկահարույց գործ էր, քանի որ Արտաշատի հետ էր կապված, և բոլորը փորձում էին շահարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: Ասեմ, որ նրա տղան ընդհանրապես առնչություն չունի այդ գործի հետ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արտաշատում տեղի ունեցած դեպքերին, ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Կրակել են Հովիկ Աբրահամյանի եղբոր տղայի մեքենայի վրա: Հանցագործությունը շարունակություն է ունեցել` հետո էլ կրակել են այդ կրակողների տան վրա` Մրգավան գյուղում: Այս ընթացքում երկու տաքսի է այրվել, որոնք պատկանել են Հ. Աբրահամյանի եղբորորդու մեքենայի վրա կրակողներին: Բոլոր գործերով ոստիկանությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Կրակող անձը գտնվում է հետախուզման մեջ, շուտով կհայտնաբերվի, կկանգնի օրենքի առջև»,- հավաստիացրեց ոստիկանապետը: Իրականությանը համապատասխանո՞ւմ է, արդյոք, այն տեղեկատվությունը., որ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի թիկնազորի թույլ տված ճանապարհա-տրանսպորտային խախտումների արդյունքում, որին ականատես էր եղել նաև Ա. Սարգսյանը, նույն օրը «Ծղոտներ» համալիրից ոստիկանություն են բերման ենթարկվել նաև ԱԺ պատգամավորներ Լևոն Սարգսյանը և Աշոտ Աղաբաբյանը: Ոստիկանապետը հերքեց այս տեղեկատվությունը` նշելով, որ Լևոն Սարգսյանը ընդհանրապես այս գործի հետ առնչություն չի ունեցել, իսկ Աշոտ Աղաբաբյանը խախտման ժամանակ մեքենաներից որևէ մեկում չի եղել: «Խախտում կատարած անձինք հայտնաբերվեցին «Ծղոտներ» համալիրում, սակայն որևէ պատգամավորի բերման չենք ենթարկել, բերել ենք նրանց թիկնազորը, անհրաժեշտ ստուգման ենք ենթարկել: Բերել ենք մեքենաներն ու այն մարդկանց, որոնք այդ պահին եղել են մեքենաների մեջ»,- հավաստիացրեց Ա. Սարգսյանը` ընդգծելով, որ այսուհետև էլ եթե ԱԺ պատգամավորների մեքենաներ կրկին փորձեն քաղաքում նման իրավիճակ ստեղծել, պատժից չեն խուսափի: «Չեմ հետաքրքրվելու, թե ում մեքենաներն են, բերելու ենք, պատժելու: Հետո թող տերերը հայտնվեն, ինչպես հիմա հայտնվեցին: Հաջորդ անգամ, համոզված եմ, Աշոտ Աղաբաբյանը չի տա իր մեքենան ամեն պատահած մարդկանց ու ասի` քշեք Երևանում ոնց կուզեք, որովհետև Երևանում մեր դեմ խաղ չկա: Երևանում բոլորի դեմ խաղ կա: Մեզ հետ չեն կարողանալու խաղալ: Խայտառակելու եմ բոլորին, ով խախտում կատարի: Ոչ մեկի անունը չեմ թաքցնելու»,-ասաց նա: Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորորդին ծեծի է ենթարկել մի քանի ոստիկանների, ինչի արդյունքում նրանց տարել են բաժին, սակայն Աղվան Հովսեփյանի միջամտությունից հետո բաց են թողել, ոստիկանապետը նշեց, որ որևէ ոստիկան ծեծի չի ենթարկվել: «Աղվան Հովսեփյանի եղբորորդին, իրոք, երթևեկության կանոնները խախտել է, ոստիկանները կանգնեցրել են, պահանջել են համապատասխան փաստաթղթեր, չի ունեցել, տարել են ոստիկանություն: Նա տուգանվել է, ապա ազատ է արձակվել, և այս ամենը տևել է 30 րոպե: Աղվան Հովսեփյանի եղբոր տղան ոչ մի ոստիկանի չի ծեծել: Նման բան ընդհանրապես չկա, դա ինչ-որ մեկի հորինածն է, խնդրում եմ, հավատացեք ինձ: Այսօր ոչ ոք չի կարող ծեծել ոստիկաններին ու մնալ անպատիժ, այդպիսի բան հնարավոր չէ»,- հավաստիացրեց ոստիկանապետը: Նատաշա Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter