HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

t-sargsyan_280409ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիզոնյերոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա վիճակին եւ հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ փոխգործակցության, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից։ Միաժամանակ, նա արտահայտվել է ոչ միայն առկա մակարդակը պահպանելու, այլեւ համագործակցությունն ավելի զարգացնելու եւ խորացնելու օգտին։ Ըստ պարոն Բիզոնյերոյի, չնայած վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, դեռեւս որոշակի անելիքներ կան, մասնավորապես, պաշտպանական, արտակարգ իրավիճակների, մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման, հակաահաբեկչության, էներգետիկ անվտանգության, համապատասխան օրենսդրական բարեփոխումների բնագավառներում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ՆԱՏՕ-ի, ինչպես նաեւ միջազգային այլ հեղինակավոր կառույցների, Եվրամիության հետ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի եւ անդամ երկրների կողմից Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման նպատակով Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, տրամադրվող խորհրդատվական եւ տեխնիկական օժանդակությունը։ Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, մեր երկիրը շահագրգռված է շարունակելու եւ զարգացնելու փոխգործակցությունը գործընկերության օրակարգի բոլոր բնագավառներում, որոնք ռազմավարական եւ պաշտպանական խնդիրների, ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում ներգրավվածության հետ մեկտեղ, ներառում են նաեւ տնտեսական անվտանգության, ճգնաժամային կառավարման, հանրային տեղեկատվության եւ այլ հարցեր։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության կազմում վերջերս ստեղծված արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը կօգնի առավել արդյունավետորեն լուծելու արտակարգ իրավիճակների պլանավորմանն ու աղետների արձագանքմանն առնչվող խնդիրները, որոնց շուրջ մեր երկիրն ակտիվորեն համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ։ Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների մեղմման եւ հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները։ Կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ ճգնաժամը նաեւ հնարավորություններ է ստեղծում բարեփոխումների արագ իրականացման, այդ գործընթացում երիտասարդությանն առավել մեծ չափով մասնակից դարձնելու եւ ձեռնարկվող քայլերի հրապարակայնության ու թափանցիկության ապահովման համար։ Համաձայն ՀՀ կառավարության կայքէջի տեղեկատվության` հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանն ուղղված վերջին զարգացումներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter