HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

ՀՅԴ-ն պնդում է, ՀՀԿ-ն` հերքում արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը

«ՀՅԴ-ն այլեւս ընդդիմադիր դաշտում է: Բացարձակապես կասկածի տակ չդնելով մեր նախկին կոալիցիոն գործընկերների հայրենասիրությունն ու նվիրվածությունը մեր հայրենիքին` մենք գտնում ենք, սակայն, որ որոշ շեղում է տեղի ունենում ընդունված արտաքին քաղաքական կուրսից, եւ դա կարող է տանել մեզ բավականին վտանգավոր տեղ»,- այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Նա հույս հայտնեց, որ կատարված սխալը հնարավոր կլինի շտկել: Պատգամավորը նշեց. «Կոալիցիայի խմբակցությունների համատեղ հայտարարությունը կոռեկտ եւ քաղաքավարի տոնայնության մեջ էր, մեր հայտարարությունը նույնպես այդ ոճի մեջ էր, եւ սա հնարավորություն է տալիս լիահույս լինելու, որ Հայաստանում կձեւավորվի ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների նոր մոդել, որտեղ հայհոյանքները, փոխադարձ վիրավորանքները տեղ չեն գտնի»: Հովհաննիսյանը նշեց, որ եղան հայտարարություններ, որոնք դեսոնանս էին պարունակում: «Սակայն ամեն ինչի մասին չէ, որ կարելի է հեգնանքով, մեծամտությամբ խոսել»,-եզրափակեց պատգամավորը: ՀՀԿ-ն ներկայացնող Կարեն Ավագյանն էլ իր ելույթում նշեց, որ իշխանությունների որդեգրած ոչ մի մոտեցում փոփոխություն չի կրել. «Ուստի, մեղմ ասած, աննպատակ շահարկումները Հայաստանի արտաքին կուրսի փոփոխության, Թուրքիայի հետ ինչ-ինչ հարաբերություններ հաստատելու մտավարժանքներ են: Եվ եթե ոմանք իրենց քաղաքական կուրսի փոփոխության համար փորձում են տարբեր արդարացումներ գտնել, ապա դա կոռեկտ չէ, եթե չասեմ` քաղաքականապես ոչ գրագետ»,-եզրափակեց պատգամավորը: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր էլ` Էդուարդ Շարմազանովը, վերահաստատեց, որ ՀՀԿ-ն անփոփոխ է իր դիրքորոշման մեջ. «Ղարաբաղի հարցում չեն լինելու միակողմանի փոխզիջումներ, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որ Ղարաբաղի հիմնահարցի հիմքում լինի ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»: Նա նաեւ ներկայացրեց ՀՀԿ-ի տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ` առանց նախապայմանների. «Մենք հետամուտ ենք լինելու, որ Հայաստանը դառնա տարածաշրջանում լուրջ երկիր, եւ որ այդ ամենը լինի ոչ ի հաշիվ մեր ազգային նպատակների»: ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, որ կասկածի տակ չեն դնում հանրապետության ղեկավարության հայրենասիրությունը. «Այնուամենայնիվ, ձեւավորված է մտահոգություն, որ տեղի է ունենում արտաքին կուրսի շեղում: Այդ շեղումը կարգավորելու, ավելի վատթարագույն վիճակ չստեղծելու համար ՀՅԴ-ն հստակորեն վարելու է իր քաղաքականությունը»: Մտահոգությունները, ինչպես նշեց պատգամավորը, ձեւավորվել են նախագահի տված հարցազրույցների պատճառով: Սակայն մինչ Արծվիկ Մինասյանի ելույթը Կարեն Ավագյանն ու Էդուարդ Շարմազանովը լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter