Սյունիքում ցրտահարվել են պտղատու այգիները
Ապրիլ ամսվա անբարենպաստ եղանակներից, ցրտից ու ձյունից վնասվել են ծաղկած ծառերը: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի եթե աշնանացան մշակաբույսերը հիմնականում չեն տուժել, ապա կորիզավոր պտուղների ծառերը (դեղձ, ծիրան, սալոր, կեռաս, բալ) 40-45 տոկոսով ցրտահարվել են: Որոշակի վնաս է հասցվել նոր ցանված կարտոֆիլին:
Մեղրիի տարածաշրջանում տուժել են պտղատու ծառերը (արքայանարինջ, ծիրան, ընկույզ և այլն), խաղողի այգիները, ինչպես նաև բանջարաբոստանային մշակաբույսերը: Մեղրու քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրել է և ճշտել ցրտահարության պատճառած վնասները և կազմել համապատասխան ակտ:
Մասնավորապես ցրտահարվել են Մեղրիի համայնքի պտղատու այգիների 30-35, խաղողի այգիների` 45-50, բանջարաբոստանային ցանքսերի` 50-60 տոկոսը: Ցրտահարության պատճառած վնասների չափերը ճշտելու նպատակով համայնքներում ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք վնասների ակտերը պիտի ներկայացնեն Սյունիք մարզպետարան:
Կապանի տարածաշրջանի Սյունիք գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի փաստմամբ էլ համայնքում 20 հա-ից ավելի տնամերձ այգիներ, հիմնականում մրգատու ծառեր ցրտահարվել են: «Այս տարի հավանաբար բերք չենք ունենա: Նախնական հաշվարկներով գյուղացիական տնտեսություններին մոտ 15 մլն դրամի վնաս է հասցվել»,-ասում է գյուղապետը:
Ո՞վ կամ ե՞րբ են փոխհատուցելու վնասները պարզ չէ: Բնության անակնկալներից տուժած գյուղացիները հույս դրել են կառավարության վրա, չնայած ֆինանսկան միջազգային ճգնաժամի պայմաններում չեն կարծում, որ կստանան փոխհատուցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել