HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երրորդ բևեռի տեսլականը

hj20Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հազիվ են իրենց զսպում կոալիցիայից դուրս գալու Դաշնակցության որոշումը չողջունելու համար: Մի անգամ արդեն նման էմոցիոնալ պոռթկումը գործը փչացրել է: Դա տեղի ունեցավ ընդամենը վերջերս, երբ ՀՀԿ ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից, մեկը մյուսի ետևից սկսեցին ողջունել Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի հետ դաշինք չկազմելու «Ժառանգության» որոշումը: Սա ավելի բորբոքեց «Ժառանգության»` տարակուսանքի առաջ կանգնած շարքերին, և ՀՀԿ-ի մտածումները չիրականացան: Եվ հիմա, ըստ ամենայնի, ամենայն վերևից եկած հրահանգի համաձայն` հանրապետականները զսպվածություն են ցուցաբերում: Իսկ տեղի ունեցածը միանգամայն մտնում է նախընտրական տրամաբանության մեջ: ՀՅԴ-ն ընդդիմադիր դարձավ 2007 թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, 2008 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ: Բնականաբար, նույնը տեղի պիտի ունենար Երևանի քաղաքապետի ընտրությունների շեմին: Իսկ առիթ միշտ էլ կգտնվի: Իսկ ինչու՞ նրանք սպանեցին արքայազն Համլետին: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ իշխանությունների կողմից Երևանի կենտրոնում 10 քաղաքացիների սպանությունը Դաշնակցությանը չդրդեց դուրս գալ կոալիցիայից: Ընդհակառակը, ՀՅԴ-ն որոշեց կրկնակոալիցիա կազմել Սերժ Սարգսյանի հետ: Ավելին` Դաշնակցությունը մարտիմեկյան սպանություններն ակտիվ արդարացնողի դերում է հանդես գալիս մինչև օրս: Բայց ահա, Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի մեկնարկին կրկին անցնում են հին, ծանոթ ձեռագրին: Եվ պետք չէ մտատանջությունների գիրկն ընկենլ` գլխի ընկնելու համար, թե, ասենք, եթե Երևանի ավագանու ընտրությունների առաջին փուլում քաղաքապետ չընտրվի և ավագանու նիստի ժամանակ առաջադրված լինեն ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի թեկնածուները` ում օգտին կքվեարկի Դաշնակցությունը: Հենց այս հնարավոր իրավիճակին են պատրաստվում հանրապետականները, որոնք ընդամենը մեկ շաբաթ առաջ կանխատեսում էին, որ Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում, հնարավոր է` չհաղթահարի 7 տոկոսանոց արգելքը: ԱԱԾ-ն փող չի ստացել Թերթի տեղեկությունների համաձայն` արդեն մի քանի օր է` ՀՀ կառավարության միասնական գանձապետական հաշիվը բացասական է: Այսինքն` եղած փողը չի բավարարում նույնիսկ ամենահրատապ ծախսերն իրականացնելու համար: Խոսքը, առաջին հերթին, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի մասին է: Այս իրավիճակի ամենավառ ապացույցն այն է, որ այս ամիս Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձի ուշացում է արձանագրվել: Սա աննախադեպ երևույթ է: Սովորաբար ԱԱԾ-ում աշխատավարձերը ստանում էին յուրաքանչյուր ամսվա 25-ին: Եթե 25-ը ոչ աշխատանքային օր էր լինում, ապա աշխատավարձը բաշխվում էր ամսի 23, 24-ին, բայց 25-ից երբեք չէր ուշանում: Ֆինանսների նախարարությունում հույս ունեն, որ առաջիկա մեկ-երկու օրերին գանձապետական հաշիվը գոնե «կկանգնի զրոյի վրա»: Բայց թե ինչպիսի վիճակ կստեղծվի հաջորդ ամիս, Ֆիննախում նախընտրում են այդ մասին չխոսել` մարդասիրական նկատառումներից ելնելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter