
Կառավարող կոալիցիայից դուրս գալու ՀՅԴ որոշումն աննախադեպ իրարանցում առաջացրեց ինչպես քաղաքական, այնպես էլ լրագրողական շրջանակներում: Առանձնակի աշխուժություն է տիրում արմատական ընդդիմության ճամբարում: Հասկանալ նեոբոլշևիկներին կարելի է. Համաշխարհային ճգնաժամը կարծես թ հույսեր արթնացրեց նրանց մեջ, բայց, ինչպես շուտով պարզվեց, միայն նրա համար, որ ավելի խորը թաղի: Եվ հանկարծ` ճակատագրի այսպիսի նվեր: Ճիշտ է` տրամադրությունը փոքր-ինչ փչացրեց այն, որ ՀՅԴ-ն հստակ ու աներկբա հայտարարեց, որ ՀԱԿ-ի հետ համագործակցել մտադիր չէ: Բայց նեոբոլշևիկները նման դիրքորոշմանը պատրաստ էին: Ներկայումս վերջիններիս համակում են երկակի զգացումներ:
Մի կողմից` երջանկությունը, իհարկե, որ իշխանությունը ճաք տվեց, բայց մյուս կողմից, գալիս է ընդդիմադիր դաշտում մենաշնորհի վերջը: Իսկ Դաշնակցությունը Տեր-Պետրոսյանի համար շատ ավելի վտանգավոր է ընդդիմության, քան իշխանության կազմում:
Մի՞թե խուճապի առիթ չէ: Չէ՞ որ հեղափոխությունը վտանգված է: Ո՞վ ասաց, թե այն ավարտվել է: Ցանկացած հեղափոխություն` թե ռուսականը, թե ֆրանսիականը, անհնար է նշել մեկ կոնկրետ օրով. Կարելի է միայն ուրվագծել դրա ժամանակային շրջանակները: Նոյեմբերի 7-ն ընդամենը իօնչ-որ պայմանական ամսաթիվ է, ինչպես և Բաստիլի գրավումը: Էլ ավելի դժվար է որոշել հեղափոխության ավարտի ժամանակը:
Ո՞վ և ի՞նչ է կանգնած ՀՅԴ-ի որոշման հետևում: Հայ-թուրքկան հարաբերությունները պատճա՞ռ էին, թե՞ առիթ: Կդառնա՞ Դաշնակցությունն իսկական ընդդիմություն, թե՞ դա ընդամենը մարտավարական խաղ է: Ինչպե՞ս իրենց միջև կբաժանեն ազատված պաշտոնները կոալիցիայի անդամները: Կհետևի՞ ՀՅԴ-ի օրինակաին «Բարգավաճ Հայաստանը»: Վերոթվարկյալ և համանման թեմաներով դեղնակտուց ու անգրագետ տղաների ու աղջիկների անվերջանալի, և որպես կանոն, տխմար «վերլուծությունները» աշխատանքի բերումով լսելն ու կարդալը կատարյալ կտտանք է: Մինչդեռ ոչ մի գերբնական բան, ըստ էության, տեղի չի ունեցել: Անդամներից մեկը որոշել է դուրս գալ կոալիցիայի կազմից: Նման բան պատահում է ողջ աշխարհում ու ամեն օր և համարվում ցանկացած քաղաքական ուժի իրավունքն ու գործը: Ի վերջո, ցանկացած կուսակցության համար օգտակար է ժամանակ առ ժամանակ փոխել սեփական իմիջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել