
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ անդրադարձել է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների որդիների և թիկնապահների «քաջագործություններին» և հայտարարել է, թե «մեր դեմ խաղ չկա» մտածելակերպն այլևս անցյալ է:
«ՉԻ» - Շատ ապրի ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչը: Փաստորեն, «մեր դեմ խաղ չկա» մտածելակերպն արդեն այնքան խորն անցյալում է, որ ոստիկանապետն անձամբ է լրագրողների առաջ պաշտպանում բարձրաստիճան պաշտոնյաների ազգականներին: Ըստ նրա` ստացվում է, որ Արտաշատի հայտնի միջադեպի ժամանակ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին իրականում տուժող կողմ է (խեղճ տղա), չնայած նույն օրը, ինչպես ոստիկանապետն է ասում, «ինչու ոչ` նաև երկու տաքսի մեքենա է հրկիզվել», իսկ Աղվան Հովսեփյանի եղբոր որդին ընդհանրապես հրեշտակից շատ չի տարբերվում, պարզապես մեքենայով պատահաբար հոծ գիծ էր հատել և վերջ:
Մի խոսքով` վերջին ամիսներին Հայաստանում իրավիճակն իսկապես փոխվել է: Հիմա արդեն բարձրաստիճան պաշտոնյաների սիրասուն զավակները կարող են նույնիսկ թիկնապահներ չպահել. հիմա նրանց իրավունքները պաշտպանում է մի ամբողջ ոստիկանապետ, ընդ որում` անձամբ: Անհասկանալի է միայն, թե ինչու է դա անում հարկատուների հաշվին, և այն էլ ` գեներալական ուսադիրներով:
Նեմեց Ռուբոյի «պասով»
Երեկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի երկու թիկնապահները բերման են ենթարկվել, քանի որ մարմնական վնասվածքներ են հասցրել մի քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց, հետո էլ` տուժողն իրենց է դիմել և հարուցվել է քրեական գործ: Երեկ, սակայն, ավելի ուշ իմացանք, որ ոստիկանությունը թյուրիմացության համար ներողություն է խնդրել գեներալ Մանվելի թիկնապահներից և ազատ է արձակել: Մեզ հաջողվեց պարզել, թե ի՞նչ ծեծված անձի մասին է խոսքը, և ինչու՞ է նա բողոք ներկայացրել:
Բանն այն է, որ բոլորովին վերջերս «Գեներալի գավաթ» ֆուտբոլային մրցաշար է հայտարարվել (ամենայն հավանականությամբ` գեներալի նախաձեռնությունն է), որին մասնակցել են մոտ 15 ֆուտբոլային թիմեր: Էջմիածնի ֆուտբոլային թիմը վճռական հանդիպումներից մեկի ժամանակ պարտության է մատնվել: Իսկ այդ հանդիպումը կայացել է Էջմիածին քաղաքում, որտեղ իրենց թիմի պարտությունը ծանր տարած երկրպագուները սկսել են վիճաբանության մեջ մտնել հաղթանակած թիմի ֆուտբոլիստների մարզիչների և մրցավարների հետ: Բանը հասել է ծեծկռտուքի, և Էջմիածնի թիմի երկրպագուները ծեծել են հակառակորդ թիմի ներկայացուցիչներից մեկին: Միջադեպը խիստ զայրացրել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին` Նեմեց Ռուբոյին, ով ծեծվածին հորդորել է բողոքել և անպայման դատի տալ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, այսինքն` Մանվել Գրիգորյանի որդուն:
Ի դեպ, քաղաքապետն ընդհանրապես ներկա չի եղել հանդիպմանը, և անհասկանալի է, թե ինչ դերակատարություն է նա ունեցել այդ ամենում: Այնպես որ, Նեմեց Ռուբոյի «պասով» հնարավոր է առաջիկայում գեներալ Մանվելի շրջապատից էլի մարդիկ տարվեն ոստիկանության բաժանմունքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել