
Ապրիլի 22-ին ԱՄՆ կոնգրեսում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղին: Տիկին Քլինթոնն այս հարցում տոգորված է լավատեսությամբ, և հետաքրքիր է, թե ինչով է նա հիմնավորում իր լավատեսությունը. «Մենք հավատացրել ենք Ադրբեջանի կառավարությանը», «մենք երկու անգամ պետքարտուղարության պաշտոնյա ենք ուղարկել Ադրբեջան...»: Առաջին հերթին տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն արդեն իսկ համաձայն են այդ «որոշակի լուծմանը» և մնում է միայն համոզել ադրբեջանցիներին: Տպավորությունը, հավանաբար, այնքան էլ ճիշտ չէ:
Բանն այն է, որ Հայաստանին համոզելու կամ, անհրաժեշտության դեպքում, ճնշում գործադրելու «պարտականությունը» դրված է ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ռուսաստանի վրա. «Մեր հարցով» Միացյալ Նահանգները բանակցում է ՌԴ-ի հետ, և եթե այդ երկու գերտերությունները վերջնական համաձայնության են եկել Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ, ապա մեր դիմակայելու, չհամաձայնվելու, բողոքելու ռեսուրսը, մեղմ ասած, սահմանափակ է:
Վերջին արտաքին քաղաքական զարգացումների առանցքում ոչ թե հայ-թուրքական հարաբերություններն են, այլ հենց Ղարաբաղի հարցը: Այս խաղի հիմնական մասնակիցների ուժերը զգալիորեն անհավասար են. առանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնության` այս տարածաշրջանում էական հարցեր չեն լուծվի, Թուրքիան կարող է շոշափելի ազդեցություն ունենալ այդ հարցերի վրա, Ադրբեջանը հնարավորություն ունի երբեմն ինքնուրույն քայլեր անելու, իսկ մենք կարող ենք միայն օգտվել մնացած խաղացողների հակասություններից: Երբ դրանք չկան, մեր գործը բարդանում է: Վերցնենք թեկուզ ապրիլի 22-ի չարաբաստիկ համատեղ հայտարարությունը: Այն, անշուշտ, պետք էր Թուրքիային և Միացյալ Նահանգներին ու ամենևին մեզ պետք չէր: Բայց վերոհիշյալ երկու պետությունների ներկայացուցիչները վերջին շրջանում սերտ շփումների մեջ էին ՌԴ պատասխանատուների հետ:
Այդ երեքը, իհարկե, իրենց առևտուրն էին անում բազմաթիվ այլ խնդիրների շուրջ: Եվ այդ եռակողմ փաստաթուղթը ստորագրելու Հայաստանի համաձայնությունը ռուսների խաղաթղթերի մեջ էր, իհարկե, ոչ «տուզ» էր, ոչ էլ նույնիսկ «ղառի վալետ», բայց դա մի քարտ էր, որը մյուսների հետ համադրությամբ հնարավորություն տվեց նրանց այլ հարցերում որոշակի հաջողությունների հասնել:
Այս է եռակողմ հայտարարության ողջ «գաղտնիքը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել