
Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած փակ խորհրդակցությանը: Վերջինս նշեց, թե իրենց հուզող որոշ հարցերի պատասխաններ ստացել են, սակայն, այնուամենայնիվ, նախկին մտահոգությունները շարունակում են մնալ: «Դատելով այն պատասխաններից, որոնք մենք ստացանք, ենթադրում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների առումով ճիշտ ուղղության վրա չենք»,- ասաց պատգամավորը:
Ի պատասխան «Հետքի» հարցի` Մարտիրոսյանը նույնպես փաստեց, թե «Ճանապարհային քարտեզ» կոչվածն ինչ-որ չափով գաղտնազերծվել է, բայց քանի որ քննարկման ֆորմատը փակ էր, մեկնաբանություններ տալուց հրաժարվեց:
Փորձեցինք նաեւ պարզել «Ժառանգության» դիրքորոշումը ԱԺ-ում ունեցած պաշտոնները պահպանելու առումով կոալիցիայի կողմից ՀՅԴ-ին արված առաջարկության վերաբերյալ: «ԱԺ կանոնակարգ օրենքն այդ հնարավորությունը չի տալիս: Մյուս գումարման նիստին էլ, կարծես` չենք հասել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Հետքը» պատգամավորից հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք փակ խորհրդակցության ժամանակ քննարկվե՞լ է նաեւ «Ճանապարհային քարտեզում», որպես նախապայման, Կարսի պայմանագրի վավերացումը լինել-չլինելու հարցը: Պատգամավորը նույն` «մանրամասները չեմ կարող հրապարակել» հիմնավորմամբ հրաժարվեց հարցին պատասխանել: Բայց եւ այնպես, հավելեց. «Կարսի պայմանագրի մասին չի բարձրաձայնվում, եւ մենք մտահոգություն ունենք այդ փաստի առթիվ: Կարծես թե տաբու կա այդ հարցի վրա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել