HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Մենք Սեւանի հանդեպ պարտք ունենք»

29_04-sargsyanՆախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Նա դիտել է Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկվող տարածքները, լճի ափամերձ հատվածներում տեղադրված եւ կառուցված ինքնակամ շինությունները: Կարճատև քննարկում է տեղի ունեցել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` այնուհետեւ Ս. Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետարանում մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները քննարկել է մարզպետ Նվեր Պողոսյանի հետ: Վերջինս զեկուցել է մարզում ընթացող գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքը, մարզային այլ սոցիալ-տնտեսական հարցեր, իսկ նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: 29_04-nist1Գեղարքունիքի մարզպետարանում Սերժ Սարգսյանն անցկացրել է Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաեւ բնապահպանության, տրանսպորտի եւ կապի նախարարները: Բացման խոսքում նախագահը մասնավորապես ասել է. «Ինչպես պայմանավորվել էինք անցյալ տարվա դեկտեմբերին, Սեւանի լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը մենք անցկացնում ենք հենց այստեղ` Սեւանի ափին: Սեւանի` տարիներով, տասնամյակներով կարծրացած, փոխկապակցված խնդիրները մեզանից հետեւողական աշխատանք են պահանջում, եւ կարծում եմ, այստեղ կարեւորն այն է, որ չհուսահատվենք, տեսնենք, դեպի ուր ենք շարժվում, որովհետեւ շատ պարագաներում այս խնդիրները պարզապես արագ լուծումներ չունեն: Մեր աշխատանքի արդյունքը կարող է երեւալ տարիներ հետո: Երբ ասում եմ` չհուսահատվենք եւ չվհատվենք, այստեղ շատ կարեւոր, մշտապես գործող շարժիչ ուժ կա` դա մեր սերն է Սեւանի նկատմամբ ու նաեւ մեր պատասխանատվությունը սերունդների առջեւ: Մենք Սեւանի հանդեպ պարտք ունենք: Սեւանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սեւանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, եւ սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, եւ այդ պարտքը պետք է վերադարձնենք նաեւ այն ակնկալիքով, որ Սեւանը պետք է շարունակի ծառայել մեր ժողովրդին ու սերունդներին: Հանձնաժողովի ստեղծումից հետո անցել է չորս ամիս: Այս ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ հանձնաժողովի նախագահի հետ. ամբողջովին տեղյակ եմ կատարված աշխատանքին եւ կարծում եմ, այսօր պատրաստ ենք բաց քննարկել բոլոր հարցերը, խնդիրները: Սեւանի հետ կապված ծրագրերում մենք փոփոխությունների չենք գնալու: Թեեւ գիտեք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված` մենք որոշակի ուղղումներ ենք մտցնում պետական բյուջեում, այնուհանդերձ, Սեւանին առնչվող խնդիրներում լինելու ենք, այո, խնայող, բայց ծրագրերը երբեք չենք դադարեցնելու»: Վստահություն հայտնելով, որ բազմաթիվ խնդիրներ կարելի է լուծել, երկրի ղեկավարն առաջարկել է քննարկել ցանկացած հարց` սկսած հողահատկացման վատ պրակտիկայից, մինչեւ նախկինում ընդունված որոշումների թղթի վրա մնալու հանգամանքը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր, Մովսիսյանը ներկայացնելով կատարված եւ իրականացվելիք աշխատանքն, ասել է, որ Հանրապետության նախագահի կողմից դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին տրված բոլոր հանձնարարականները ներառված են հանձնաժողովի աշխատանքային ծրագրերում եւ դրված են գործողության մեջ: Նրա խոսքով` առանձնացվել են 16 կարեւորագույն կետեր, որոնցից 10-ի վերաբերյալ առաջարկություններն արդեն պատրաստ են, իսկ 6-ի վերաբերյալ կներկայացվեն առաջիկայում` սահմանաված ժամանակացույցին համապատասխան: Նշելով, որ ներկայացված առաջարկությունները հանձնաժողովի, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների ու մարզպետարանի համատեղ գործունեության արդյունք են, Վլադիմիր Մովսիսյանն ասել է, որ Սեւանի հետ կապված բարդ ու բազմապիսի խնդիրները պահանջում են լուրջ աշխատանք, համակողմանի ու հավաստի ուսումնասիրություններ: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել ջրածածկվող տարածքների, ինքնակամ շինությունների, անտառային տարածքների, ջրային պաշարների կորստի, ջրի որակի, ձկնային պաշարների վերականգնման, պետական ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունությունը համակարգելու հետ կապված խնդիրներին: Սերժ Սարգսյանը, կարեւորելով կանոնակարգված աշխատանքը, ասել է. «Ներգրավելով բոլոր կարող ուժերին` մենք պետք է կարողանանք պլանավորված, հստակ ու հիմնավորված քայլերով առաջ շարժվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter