«Հայաստանի թռչունների արահետը» ներկայացնող տեղեկատվական վահանակների շնորհանդես
ԱՄԱՓ մշակութային հասարակական կազմակերպությունը նախաձեռնել և իրականացնում է «Ճանաչեք hայկական հուշարձանները» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի պատմամշակութային ժառանգության վայրերում տեղադրվում են բացօթյա բազմալեզու վահանակներ, ինչպես նաև ճանապարհային ուղեցույց-ցուցանակներ: Ծրագիրն իր 2009 թ. մեկնարկն է ազդարարում և հրավիրում է «Հայաստանի թռչունների արահետը» ներկայացնող տեղեկատվական վահանակների շնորհանդեսին:
Վահանակներում ընդգրկված են Արմաշը, Ուրանոցը, Լիճքը և Նորաշենը և Նորավանքի կիրճը, այդ 5 վայրերում բնակվող բազմազան թռչունների ամենահետաքրքիր տեսակները: Ավելի քան 350 տեսակ աներևակայելի գույներով և անուշ դայլայլով հիացնող ամենազանազան թռչուններ իրենց բնադրման, հանգրվանի և ձմեռման վայր են ընտրել «Թռչունների արահետում» ընգրկված այս վայրերը:
Բիբլիական Արարատ լեռան ստորոտին ծվարած` Արմաշի ձկնաբուծական լճերն ընդհարձակ ջրային տարածքներ են` տեղադրված հարավ-արևմտյան Հայաստանի չորային հատվածում` 10-ից մինչև 100 հա մակերեսով: Տեղանքը գտնվում է կիսաանապատային գոտում և բնորոշվում է իր աղակալած հողերով, սակայն բնական ճահճուտները, ջրանցքները և տաք արտեզյան աղբյուրներն Արմաշը դարձրել են թռչունների դրախտավայր: Տաք, արևոտ օրերին այստեղ անկրկնելի տեսարան կարելի է դիտարկել:
Նորաշեն` Սևանա լիճն իր ավազանը լրացնող բազում գետերի համակարգով հանդիսանում է եզակի ջրային տարածք, որը հանգրվանում է չվող թռչուններին իրենց միգրացիոն ժամանակահատվածում:
Լիճք արգելավայրը, որը ներառում է փոքր լճակներ և իրենց սնուցող գետը, Սևանա լճի ավազանում ջրաճահճային թռչունների կուտակումների վայրերից մեկն է:
Ուրանոցի տարածքում կարելի է տեսնել կիսաանապատից մինչև լեռնային տափաստան հանդիպող գրեթե բոլոր տեսակի կենսամիջավայրեր: Ուղղահայաց ժայռերը, գիհու նոսր անտառը, ցածրաաճ ծառերը, մացառուտները, աղքատ բուսականությամբ պատված լեռների լանջերը գրավում են այն թռչնատեսակներին, որոնց գոյությունը բնորոշվում է խոնավության պակասով:
Նորավանքի կիրճը համարվում է Կարևորագույն թռչնաբանական տարածք, որտեղ գրանցվել է ավելի քան 190 թռչնատեսակ, այդ թվթում` հազվագյուտ և անհետացող (Կարմիր Գրքում գրանցված) տեսակներ:
Հայաստանի «Թռչունների արահետը» ներկայացնող վահանակների շնորհանդեսի ավարտին Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ՀԹՊՄ) նախատեսել է թռչնադիտական էքսկուրսիա, որի ընթացքում հնարավոր կլինի տեսնել այս վայրում բնակվող 200-ից ավելի թռչնատեսակներից մի-քանիսին. Արմաշը Հայաստանում թռչունների ամենամեծ բնակավայրն է, Արևմտյան Ասիայի ամենախոշոր բնակավայրերից մեկը:
Ծրագիրն իրականացվում է Մշակույթի նախարարության և ՀԹՊՄ համագործակցությամբ: Հովանավորներն են ՎիվաՍելլ-ՄՏՍ, USAID/CAPS և Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը:
ԱՄԱՓ մշակութային ՀԿ
Մշակույթի նախարարություն
«Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել