
Կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ Ժառանգության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը որպես ակնհայտ բառախաղ որակեց առանց նախապայմաններ հասկացությունը:
Նա վարչապետին ասաց. «Շատ գեղեցիկ մեկ տարի առաջ ներկայացրիք կառավարության ծրագիրը, որը խոսում էր թափանցիկության, հաշվետու լինելու, հանրային մասնակցությանը ապահովելու, ժողովրդի հետ շիտակ խոսելու մասին: Հիմա նույն ոգով Ձեզ տալիս եմ հարցերը` արդյոք Դուք կամ Ձեր կողմից որեւէ լիազորված անձ պատասխան տալո՞ւ եք Թուրքիայի վարչապետի վերջին շրջանի հայտարարություններին, որ ուզում են Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դիտարկել որպես օկուպանտ»:
Րաֆֆի Հովհաննիսյանին հետաքրքրեց, թե ինչ դրույթներ են պարունակում համապարփակ շրջանակը, որ համաձայնեցված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, նաեւ ինչ դրույթներ է պարունակում «Ճանապարհային քարտեզը»:
Հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նախ նշեց, թե գիտակցում է, որ հայ-թուրքական հարաբերությունները զգայուն թեմա է եւ իրենց արտահայտություններում զգույշ եւ ճշգրիտ են. «Ես շատ լավ գիտակցում եմ, որ խոսքը գնում է ոչ թե նրա մասին, թե ինչպիսին են այդ բանակցությունների սկզբունքային կետերը, այլ խոսքը գնում է նրա մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների մեր պատկերացումները տարբեր են: Այսինքն` մենք շատ քաջ գիտակցում ենք, որ կան քաղաքական ուժեր, որոնք կողմ չեն, որպեսզի մենք հաստատենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ եւ բացենք սահմանները: Մենք դա շատ լավ գիտակցում ենք»:
Վարչապետն ավելացրեց, թե պատգամավորները հնարավորություն են ունենալու իրենց գնահատականները տալու, քանի որ փաստաթուղթը անխուսափելիորեն հայտնվելու է ԱԺ-ում. «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ որեւիցե գաղտնի սկզբունք, գաղտնի կետեր, որոնք մենք չենք ներկայացնելու, չկա եւ չի լինելու: Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող եւ չպետք է լինի հակաթուրքական, այլ պետք է լինի պրոհայկական: Այս հարցադրման շուրջ է, որ այսօր կա բանավեճ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնեց, որ բանավեճը պրոհայկական քաղաքականության շուրջ է եւ հավելեց, թե վերջապես ճիշտ ժամանակն է այդ քաղաքականությունն իրացնելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել