HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ո՞ւմ է աջակցում կառավարությունը

29_04-s-safaryan«Կառավարությունը բազմիցս հայտարարել է իր մտադրության մասին` մշակելու եւ գործողության մեջ դնելու ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղվող ծրագիր: Այս հայտարարությունների կողքին ունենք անհասկանալի քայլեր, որոնց ետեւում կանգնած է կառավարությունը»,- իր հարցը կառավարությանն այսպես սկսեց «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ խոսքը վերաբերում է ենթակառուցվածքային ոլորտներին, ինչպիսին ճանապարհաշինարարությունն է. «Միլիոնավոր դոլարների վատնումը, որոնք ակնհայտորեն կապ ունեն Երեւան քաղաքում նախընտրական մարաթոնի հետ եւ պատահական չէ, որ մեկնաբանվում են հենց այդ համատեքստում, այսինքն` շքեղություն թշվառության կողքը»: Պատգամավորն ասաց, թե Հայաստանում որոշ ընկերություններ մենաշնորհային պայմաններում ստացել են գերշահույթներ, որոնք չեն ուղղվել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը. «Նույն այդ կազմակերպություններն այսօր արժանանում են կառավարության աջակցությանը պետական երաշխիքներ ստանալու հարցում: Խոսքս վերաբերում է այնպիսի կազմակերպությունների, ինչպիսինն «Գլենդել Հիլզն» է, որ տարիներ շարունակ, առանց հիմնավորումների, տակնուվրա արեց Երեւանի կենտրոնը, ստացավ գերշահույթներ: Այս կազմակերպությունը ստացել է պետական մակարդակով երաշխիքներ` ճգնաժամի հետեւանքով չտուժելու համար»: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության առումով վերջին 4-5 ամիսների ընթացքում պետական ռեսուրսներից 100 մլն դոլար է հատկացվել: Ըստ նրա` աջակցությունը ստանում են մոտ տասը` հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկություններ, որոնք այս կամ այն ոլորտում հաջողել են եւ ավելացնում են արտահանման ծավալները: Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ եթե այդ գործընթացը թափանցիկ լիներ, հայտնի կդառնային այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, ովքեր կապ ունեն «Գլենդել հիլզի» հետ: «Նաեւ կիմանայինք, թե ովքեր են սահմանում այդ 10 ձեռնարկությունները: Եթե գործընթացը թափանցիկ լիներ, ապա կիմանայինք, թե ինչ հիմնավորումներով է, որ այդ կազմակերպությունները գերշահույթների պարագայում այսօր ընդունակ չեն գոյատեւել»,- հավելեց պատգամավորը: Ստյոպա Սաֆարյանի համար անհասկանալի է, թե ինչու ենք ամեն տարի նույն ճանապարհները վերանորոգվում. «Մի հատ էլ նախընտրական շոուներ են կազմակերպվում` քվեներ վաստակելու համար»: Նախարարը պատասխանեց, թե կարծում է, որ ճանապարհաշինարարությունը ճգնաժամի պայմաններում այն գործիքներից է, որին պետք է աջակցել, քանի որ ապահովվում են աշխատատեղեր, լուծվում են սոցիալական խնդիրներ. «Ամեն ինչ իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Iնչ վերաբերվում է թափանցիկ լինելուն, ապա մենք ունենք հստակ չափանիշներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter