
Մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ պահանջվեց` համոզվելու համար, որ ընդդիմություն դառնալու մասին Հայ հեղափոխական դաշնակցության հայտարարությունն այդ կուսակցության հերթական նախընտրական շոուն էր, որը պարզապես համընկավ հայ-թուրքական հարաբերություններում ընթացող գործընթացների վրա:
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոալիցիայի անունից ՀՅԴ-ին հորդորել է հետ վերցնել խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների հրաժարականների դիմումները և շարունակել «աշխատել միասին»: Դրան ի պատասխան` անցած շաբաթ կոալիցիայի հետ «անհամատեղելի տարաձայնությունների» մասին խոսող դաշնակցականները նույն կրքոտ տոնով հայտարարել են, որ դա «իրականացված ռևֆորմների դրսևորում է», և չեն բացառել, որ կարող են հետ վերցնել իրենց դիմումները` մանրամասն բացատրելով, թե ինչպես են քաղաքակիրթ երկրներում ընդդիմությունն ու իշխանությունը աշխատում իրար հետ: Ավելին` Դաշնակցությունը ոչ միայն չի մերժել առաջարկը, այլև այդ առաջարկը երեկ մինչև ուշ երեկո քննարկել է այլևս «ընդդիմադիր դիրքում» հայտնված Գերագույն մարմնում, որի կայացրած որոշումը հայտնի կդառնա հավանաբար այսօր: Սակայն դատելով խորհրդարանական պաշտոնները պահպանելու առաջարկի վերաբերյալ ՀՅԴ-ականների երեկվա խանդավառությունից` նրանց տարաձայնությունները գոնե մի քանի պաշտոնների մասով կդառնան «համատեղելի»:
Նաև ԲՀԿ-ն
Թերթի խմբագրություն զանգահարած Շենգավիթ համայնքի բազմաթիվ բնակիչներ տեղեկացնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն, արդեն քանի օր է, տնետուն ընկած հավաքում ընկած հավաքում են բնակիչների անձնագրային տվյալները` խոստանալով, որ մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դեպքում յուրաքանչյուր ձայնի համար 5 000-ական դրամ կվճարեն: «Երեկ մեր տուն եկան, անձնագրերն ուզեցին ու սկսեցին պատմել, թե ինչ երանության մեջ ենք ապրելու, եթե քաղաքի տերերը դառնան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները: Առանց ամաչելու էլ մարդն ասեց` ամեն ձայնի համար 5 000 դրամ կտանք: Հանեցի տնից դուս շպրտեցի»,- թերթի հետ զրույցում պատմել է Շենգավիթ համայնքի մի բնակիչ` խնդրելով չհրապարակել իր անունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել