
Հարցն այս, հարկավ, ուղղված է ՀՀՇ-ի կցակառույց կոնգրեսի այն ներկայացուցիչներին ու քարոզիչներին, որոնք մի քանի օր է` ինչ ոտուձեռ ընկած, փրփրաբերան` դարակազմիկ մտքեր են արտահայտում իշխանական կոալիցիայից ՀՅ Դաշնակցության դուրս գալու կապակցությամբ:
Հարցը, ի դեպ, հռետորական է: Հապա էլ ինչպե՞ս բնորոշես սրանց համակած խուճապային շփոթը, եթե ոչ` մոլոքոր: Իրականում միանգամայն պարզ է, թե «Հետայսու ՀՅ Դաշնակցությունը հայաստանի քաղաքական դաշտում գործելու է նոր ընդդիմադիր ուժի կարգավիճակով» հայտարարությանը լեւոնականներին ինչու այդպես նյարդային ու ջղաձիգ արձագանքեցին. ՀԱԿ-ականների նման արձագանքի բուն պատճառը` «գալիս է ընդդիմադիր դաշտում մենաշնորհի վերջը»:
Բայց էլ ի՞նչ «մոնոպոլիստ», որ առանց կռիվ-ղալմաղալի զիջի դիրքերը: Ու բանը հասավ նրան, որ ՀԱԿ համակարգող Զուրաբյանը հայտրարեց, թե` «Իրական ընդդիմություն դառնալու համար իրավունք է պետք վաստակել»: Մի պահ կանգ առնենք ու հասկանանք, թե ով ինչից է խոսում: Լ. Զուրաբյանը արդեն Հայաստանում ընդդիմադիր լինելու սերտիֆիկատներ շնորհող գերագույն ատյա՞նն է: Այդ դո՞ւք եք ճամարտակում, թե ով պետք է վաստակի ընդդիմություն դառնալու իրավունքը: Դո՞ւք, ում իշխանության օրոք ներքաղաքական ու ժողովրդավարական ամենախոշոր «ձեռքբերումները» նորանկախ Հայաստանում մարդկանց քաղաքական հայացքների համար հետապնդելն ու բանտարկելը, քաղաքական կուսակցության, նույն ՀՅԴ-ի գործունեության ապօրինի արգելումն ու տասնյակ լրատվամիջոցներ նույնքան ապօրինի փակելը, այդ ԶԼՄ-ների ունեցվածքը թալանելն է եղել: Չհաշված ընտրությունների կեղծումները: Հակառակորդների ու պարզապես խոչընդոտ համարվող անձանց սպանությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել