Ադրբեջան. հեղինակային իրավունքները խախտող «ծովահենները» արհամարհում են իրենց դեմ ձեռնարկվող խիստ միջոցները
Կեղծված ապրանքներով առատ շուկան վկայում է այն մասին, որ մտավոր սեփականության իրավունքը շարունակում է մնալ չգործող օրենք:
Ադրբեջանի մայրաքաղաքում տեսա եւ ձայներիզներ, խաղեր կամ համակարգչային ծրագրեր գնելիս կեղծ ապրանք ձեռք բերելու հավանականությունը չափազանց մեծ է:
Չնայած մտավոր սեփականության իրավունքների խախտման դեմ կառավարության ճիգերին՝ Բաքվի խանութները հեղեղված են կեղծ ապրանքներով:
Կեղծ ապրանքների մատնիչ նշանները հաճախ շատ հեշտ է տարբերել: Այսպես, Բաքվի կենտրոնում սկավառակների վաճառքով զբաղվող մի խանութում կարելի է երկու մանաթով (մոտավորապես՝ 2.5 դոլար) գնել մոտ կես դյուժին երաժշտական ալբոմներ կամ նույնքան հոլիվուդյան ֆիլմեր, որոնք տեղ են ընդամենը մեկ սկավառակի վրա:
Խանութի տնօրենը ժամանակի կորուստ է համարում ադրբեջանցիներին իսկական, որակյալ սկավառակները գնել համոզելը. «Եթե օրինական սկավառկներ վաճառենք, պարզապես կկորցնենք մեր բոլոր հաճախորդներին՝ դրանց բարձր գների պատճառտով: Վերջ ի վերջո մենք անում ենք ամեն հնարավորը՝ մեր սկավառակների լավ որակն ապահովելու համար»:
Ադրբեջանի մտավոր սեփականության պաշտպանության վարչության տվյալների համաձայն՝ տեսա եւ ձայներիզների մոտավորապես 80 տոկոսը, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերի 90-94 տոկոսը չարտոնագրված են: Վաճառվող սկավառակների մեջ յուրաքանչյուր տասից ութը կեզծ են:
Սեփականության իրավունքների դեմ նույնպիսի անտարբերություն է դրսեւորվում նաեւ հրատարակչական ոլորտում: Այստեղ եւս, գրքերի 80 տոկոսը կեղծվում է:
Ադրբեջանցի ճանաչված պրոդյուսեր Յաշար Բախիշը բողոքում է, որ երաժշտական աստղերն ու շոու բիզնեսի ներկայացուցիչներն Ադրբեջանում սպասվածից քիչ են վաստակում՝ երկրում տարածված «ծովահենության» պատճառով: Նրա խոսքերով՝ երաժիշտների հիմնական եկամուտն ապահովում են կենդանի համերգները:
«Հեռուստաալիքները եւս հաճախ են խախտում հեղինակային իրավունքները՝ առանց հեղինակի նախնական համաձայնության տեսահոլովակներ եթեր հեռարձակելով», - նշում է նա:
Հեռուստատեսությունում այդպես էլ դեռւես չի կիրառվում երաժշտության հեռարձակման «րոպեական» տարիֆը:
«Հեղինակային իրավունքների պաշտպանության բացակայությունը խոչընդոտում է շոու բիզնեսի զարգացմանը», - նշում է Բախիշը:
Նրանք, ովքեր մտադրվում են դատարանի միջոցով «ծովահեններին» կանգնեցնել, պետք է նկատի ունենան, որ ստիպված կլինեն տարիներով խճճվել դատական թղթաբանութան մեջ:
Դատապաշտպան Ռուսթամ Հուսեյնովի խոսքերով՝ հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ դատական գործերը ձանձրալի ու երկարաձիգ են լինում եւ շատ հազվադեպ են ավարտվում վճռի կայացմամբ կամ դատարանի կողմից նշանակված փոխհատուցմամբ:
«Շատ հաճախ կողմերը հանդիպում են իրենց դատապաշտպանների ներկայությամբ դատարանից դուրս հարցերը լուծելու համար, որպեսզի ազատվեն դատարանի հետ կապված ծախսերից», - նշում է Հուսեյնովը:
Ըստ Ադրբեջանական օրենսդրության՝ հեղինակային իրավունքները ցմահ շնորհվում են աշխատանքի հեղանակին կամ դրա սեփականատիրոջը, գործում են նրա մահից հետո եւս 50 տարվա ընթացքում եւ այդ ժամանակահատվածում կարող են օգտագործվել նրա ժառանգորդների կողմից:
Կես դար անցնելուց հետո նոր միայն հեղինակային աշխատանքը դառնում է հասարակության սեփականությունը, բայց փաստացիորեն սա չի ողջունվում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների միության անդամ Դենիս Գեկունովը նշում է, որ համակարգչային ծրագրերի վերաբերյալ մարդիկ կամ անտեղյակ են կամ էլ անտարբեր այն փաստի նկատմամբ, որ կեղծված ծրագրերը հաճախ ավելի խոցելի են համակարգչային վիրուսների նկատմամբ:
«Ընկերությունները, որոնց հետ աշխատել եմ, հաճախ խնդիրներ են ունենում հակավիրուսային ծրագրերի խափանման պատճառով, քանի որ չարտոնագրված ծրագրեր են օգտագործում», - վերհիշում է Գեկունովը:
Իշխանությունները, այնուամենայնիվ, ձեռքերը ծալած չեն նստում: Միայն անցյալ ամիս 1.750 տեսաերիզ եւ 270 ձայներիզ է առգրավվել Բաքվի խանութներում Ադրբեջանի հակամոնոպոլիստական ծառայության կազմակերպած ակցիայի շրջանակներում:
Սակայն տնտեսագետ Ֆարհադ Օմարովի կարծիքով՝ նման քայլերը չափազանց մակերեսային արդյունք են տալիս, քանի որ խնդիրն ավելի խորը արմատներ ունի եւ կապված է աղքատության եւ նյութական բարձր ակնկալիքների հետ:
«Արտոնագրված տեսա եւ ձայներիզները եւ հատկապես համակարգչային ծրագրերը շատ ավելի թանկ արժեն, քան կեղծված տարբերակները, եւ մարդիկ պարզապես չեն կարող իրենց թույլ տալ գնել դրանք», - համոզված է Օմարովը:
«Հաշվի առնելով երկրում սպառման ներկայիս մակարդակը՝ մարդիկ չեն կարող անցնել միայն արտոնագրված ապրանքների օգտագործմանը՚:
Տնտեսագետի հավաստմամբ՝ այսօր Ադրբեջանում «միայն բանկերը եւ «Բրիթիշ փեթրոլիում»-ի նման միջազգային կազմակերպություններն են արտոնագրված ծրագրեր գնում»:
Սրա պատճառն այն է, որ այս կազմակերպությունները կապված են կամ աշխատում են արտերկրի շուկաների հետ, որտեղ կեղծ ապրանքների գնումը կամ օգտագործումը տարօրինակ է թվում:
Վերլուծաբանի կարծիքով՝ Ադրբեջանում պետք է ընդհանուր տնտեսական բարեփոխումներ սկսվեն, որոնք ավելի մեծ բարեկեցության կբերեն, հետո նոր միայն կարելի է հուսալ, որ կվերացվի հեղինակային իրավունքների խախտման այս ֆենոմենը:
«Պետք է վերակառուցել ողջ տնտեսությունը, ինչպես նաեւ հարկային եւ պետական այլ կառույցները: Միայն այս ամենն անելուց հետո հնարավոր կլինի խոսել հեղինակային իրավունքների պաշտպանության մասին», - նշում է նա:
Մինչ այս ամենը գոյություն ունի տեսականորեն, Ադրբեջանն այս հարցում միակ երկիրն է, որը ստորագրել է Ստանդարտացման, միավորման եւ հեղինակային իրավունքների մասին Պրագայի կոնվենցիան, սակայն հասարակությունը շատ քիչ է տեղեկացված այս մասին:
«Մարդիկ համարյա չգիտեն, թե ինչ է «ապրանքանիշը»: Ադ մասին վկայում են հսկայական թվով ռեստորանները, կաֆեներն ու խնջույքի վայրերը, որոնք բոլորն են նույն անունն են կրում», - նշում է Օմարովը:
Անկախ սպառողների միության նախագահ Էյուբ Հուսեյնովը նույնպես այն կարծիքին է, որ ոստիկանության կողմից չարտոնագրված ապրանքների պարբերական առգրավումը դժվար թե փոխի մարդկանց վերաբերմունքն այս ամենի հանդեպ:
«Այդպիսի օր չկա, որ սպառողները չգանգատվեն մեր կազմակերպությանը իրենց գնած սկավառակների որակի վերաբերյալ, բայց ես համարյա ոչինչ չեմ կարող անել այդ կապակցությամբ», - ասում է Հուսեյնովը:
Նրա խոսքերով՝ արվեստագետներին ու աստղերին հեղինակային իրավունքների պաշտպանության իր ծրագրում ներառելու փորձն անտարբերությամբ ընդունվեց:
«Վերջերս առաջարկեցի մի ոչ-կառավարական կազմակերպություն ստեղծել, որը կզբաղվի մտավոր սեփականության պաշտպանությամբ: Այդ մտքով էլ մոտեցա շոու բիզնեսի աստղերին ու երգահաններին, բայց տարօրինակորեն, այդ նույն մարդիկ, ովքեր դեռ վերջերս բողոքում էին իրենց իրավունքների խախտման մասին, ոչ մի հետաքրքրություն չցուցաբերեցին այդ խախտումները վերացնելու մեր ջանքերի նկատմամբ»:
Հուսեյնովը նշում է, որ դեռեւս չի կորցրել հույսը. փետրվարին նա ԱՊՀ երկների ՀԿ-ների անդամների հետ միասին մասնակցել էր հեղինակային իրավունքների պաշտպանությանը նվիրված ամերիկյան մի սեմինարի:
«Նոր գիտելիքներ ձեռք բերեցինք, փորձի փոխանակում տեղի ունեցավ, եւ կապեր հաստատվեցին: Կարծում եմ՝ մենք դեռ լուծում կգտնենք սրան», - հույս է հայտնում Հուսեյնովը:
Իսկ ահա համակարգչային հայտնի ընկերության՝ «Apple» -ի ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք արդեն գտել են ծրագրային «ծովահեններին» զսպելու ձեւը:
Համակարգչային հսկա ընկերության ադրբեջանական մասնաճյուղի տնօրեն Ռամիլ Մուսաեւի հավաստմամբ՝ ընկերությունն այսուհետ պատրաստվում է արդեն իսկ տեղադրված գործող համակարգերով եւ ծրագրերով համալրված համակարգիչներ վաճառել:
Սակայն համակարգչային մասնագետ Դենիս Գեկունովի կանխագուշակմամբ՝ դժվար թե Ադրբեջանում մեծ փոփոխություններ լինեն այս ոլորտում, քանի որ ինտերնետի արագ տարածումն ինքնին խարխլում է հեղինակային իրավունքների հիմքերը համաշխարհային մասշտաբով:
«Ինտերնետն ուղղակի լի է բազմապիսի կայքերով, որտեղ կարելի է անվճար ֆիլմեր, երաժշտություն եւ զանազան համակարգչային ծրագրեր ձեռք բերել: Բոլոր տեսակի չարտոնագրված արտադրանքի ձեռքբերմանը հետեւելն այս դեպքում համարյա անհնար է», - նշում է մասնագետը:
«Մի հայտնի ռոք-խումբ նույնիսկ իր նոր ալբոմը միանգամից ինտերնետում էր թողարկել՝ խնդրելով երկրպագուներին վճարել դրա համար գոնե այնքան, որքան կկարողանային», - նշում է Գեկունովը՝ ակնարկելով Սիեթլի «Harvey Danger’s» ռոք խմբի՝ իրենց ալբոմն աստիճանաբար ինտերնետում թողարկելու վերաբերյալ ընդունած հակասական որոշումը:
«Ոչ միայն Ադրբեջանի պես երկրներն են այսօր նման երկընտրանքի առջեւ, այլեւ ողջ աշխարհը», - եզրակացնում է մասնագետը:
Մահարրամ Զեյնալով, Բաքու: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել