HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Որտե՞ղ եւ ինչպե՞ս է ժամանցն անցկացնում Աշոտ Աղաբաբյանը

Օրերս հանրապետության ոստիկանապետն անդրադարձավ «Ծղոտներ»-ի միջադեպին եւ հաստատեց, որ այնտեղ իր ժամանցն է անցկացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Նա ասաց, որ այդ վայրում հավաքվում են ոչ լավ համբավ ունեցող մարդիկ: Ճի՞շտ է, արդյոք, որ Աշոտ Աղաբաբյանը բռնությամբ տարվել է ոստիկանության գլխավոր վարչություն: Հարցն այսօր լրագրողները «Հայելի» ակումբում ուղղեցին հանրապետական Աշոտ Աղաբաբյանի քրոջորդի, ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին: «Աշոտ Աղաբաբյանն այն մարդկանցից մեկն է, որը այս պետության, Հայաստանի անկախության հիմքերում կանգնած մարդ է, եւ այս երկրի համար պատերազմ տեսած մարդ է: Եվ չեմ կարծում, որ կարելի է ուղղակի, մարդու անունը տալով, փորձել որոշակի այսպիսի գործողություններ անել: Կամ, մարդու անունը վարկաբեկելով, կարելի է աշխատանքի խնդիր լուծել»,- նշեց Սահակյանը: Անդրադառնալով «Ծղոտներ»-ի վարկանիշին` Արման Սահակյանը նշեց.   «Ես կարող եմ ասել, որ իրականում ոչ մեկը չի որոշում, թե «Ծղոտները» լավ կամ վատ վայր է, եւ լավ կամ վատ մարդիկ են գալիս: Լավ կամ վատ մարդիկ գնում են եւ լավ ռեստորան, եւ վատ ռեստորան: Այնպես որ, ես չեմ կարծում, որ կոնկրետ «Ծղոտներ»-ն այնքան վարկաբեկված տեղ է, որ մարդիկ իրավունք չունեն գնալու»: Պատգամավորը նաեւ նշեց, որ Աշոտ Աղաբաբյանը օբյեկտային կյանքով չի ապրում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հակադարձեց, թե ինքը երկու անգամ ականատես է եղել` ինչպես է Աշոտ Աղաբաբյանը գիշերը ժամը 4-ի սահմաններում վառում Հրազդան մարզադաշտի լույսերն ու խաղադաշտի մեջտեղում կերուխում անում: Ըստ Գագիկ Շամշյանի` քեֆն այդ ժամերին անում են Աշոտ Աղաբաբյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանը` ամիսը մեկ անգամ: Ֆոտոլրագրողը վստահեցրեց, որ ունի համապատասխան լուսանկարներ: Արման Սահակյանն էլ նկատեց, որ եթե  Շամշյանը լուսանկարներ ունենար, կհրապարակեր. «Եթե վերջին ժամանակահատվածում, առավել եւս` անցած տարվա մասին է խոսքը, եթե Հրազդան մարզադաշտի լույսերը գիշերը վառվում էին, ուրեմն դա նշանակում էր, որ մոտավորապես 2-3 հարյուր բանվոր մարդիկ ուղղակի պատրաստում էին, վերանորոգում էին Հրազդան մարզադաշտը»: Գագիկ Շամշյանը հնարավոր համարեց, որ բանվորների աշխատանքին զուգահեռ պատգամավորները քեֆ են արել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter