HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենն այցելել է տուժածներին

Երեկ երեկոյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ զանգահարել և հայտնել են, որ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կողմից 2009թ.-ի մայիսի 1-ին. նախատեսվող հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկներ բաժանելու ընթացքում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկվել և  տեղափոխվել բուժհաստատություններ: Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության` Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի արագ արձագանքման խումբն այցելել են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկական համալիր, ինչի արդյունքում պարզ է դարձել,  որ քաղաքային շտապօգնության մեքենայով այնտեղ է տեղափոխվել Վահագն Գևորգյանը: Վերջինս պաշտպանին հայտնել է, որ Իտալիայի դեսպանատան հարակից այգում իրենց վրա են հարձակվել քաղաքացիական հագուստով 7 անձինք և ծեծի ենթարկել: Կլինիկայի բուժանձնակազմի կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո հիվանդի հայտարարության հիման վրա  համապատասխան հաղորդում է ներկայացվել  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին: Այնուհետև Պաշտպանն ու արագ արձագանքման խումբն այցելել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տարվել էին քաղաքացիներ Արմեն Գևորգյանը և Սահակ Մուրադյանը:  Բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Ն. Թադևոսյանը հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել նշված քաղաքացիներից միայն Արմեն Գևորգյանը` նախնական եզրակացությամբ հնարավոր բազմաթիվ վնասվածքներով: Այցելուն հայտնել է, որ վայր է ընկել, որից հետո նրան զննել է վնասվածքաբանը, վիրաբույժը, ուրոլոգը, կատարվել է ներքին օրգանների սոնոգրաֆիա: Կատարված բուժզննության արդյունքում վնասվածքներ չեն հայտնաբերվել, որոնց մասին տեղեկացվել է այցելուն: Վերջինիս առաջարկվել է անցնել ռենտգեն հետազոտում, որից նա հրաժարվել է և հեռացել հիվանդանոցից: «Այդ ընթացքում Պաշտպանին է մոտեցել Լևոն Զուրաբյանը և նշել, որ նրա հետ է կապվել ՀՀ Ոստիկանության կենտրոնի բաժանմունքի պետ Աշոտ Կարապետյանը և սպառնացել քրեական գործ հարուցել Վահագն Գևորգյանի նկատմամբ, եթե վերջինս չհրաժարվի դեպքի առթիվ տրված ցուցմունքներից».-նշված  է հաղորդագրության մեջ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, համաձայն հաղորդագրության,  դատապարտում է տեղի ունեցած բռնությունները և կոչ է անում ոստիկանությանը իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները բռնարարք կատարած անձանց հնարավորինս արագ բացահայտելու և օրենքով  սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլապես ոստիկանության անգործությունը կարող է դիտվել որպես նմանատիպ դեպքերի խրախուսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter