HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջրազրկումների հերթը Ամբերդինն է

Այսօր առավոտյան` ժամը 10-ին, «Խոյ» ջրօգտոգործողների ընկերության տնօրեն Սեյրան Սարգսյանը Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում ջրօգտոգործողների հետ ժողով էր նշանակել, որպեսզի տեղեկացնի, որ այսօրվանից փակվելու են գյուղի կանալներից դուրս եկող ոռոգման ջրի առուները եւ ջուր կտրամադրվի այն գյուղացիներին, որոնք կվճարեն գոնե նախորդ տարիների պարտքը:

Թեեւ մեկ առ մեկ գյուղացիները տեղեկացված էին հանդիպման մասին, սակայն գյուղապետարանի առջեւ հավաքվել էր ընդամենը 8-10 մարդ, որոնց մի մասը ջրբաժաններն էին:

Հանդիպման մասին տեղեկացվել էր նաեւ Ամբերդի գյուղապետ Մանվել Բաբայանը, սակայն նա էլ չէր եկել հանդիպման: Տպավորությունն այնպիսին էր, որ գյուղապետին ընդհանրապես չի մտահոգում` գյուղացիները իրենց հողերը կոռոգեն, թե ոչ: Նրա հետ զրուցել չհաջողվեց: Գյուղապետարանի աշխատակիցներն ասացին, որ գյուղապետը տեղում չէ, իսկ բջջային հեռախոսն անհասանելի էր:

ՋՕԸ-ի տնօրենը գյուղացիներին տեղեկացրեց, որ այսպես շարունակվել այլեւս հնարավոր չէ, քանի որ ինքն էլ պարտավորություն ունի պետության առջեւ: Օրինակ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար գյուղացին տույժ-տուգանք չի վճարում, սակայն օրենքով տույժ-տուգանքի պարտավորություն ունեն ՋՕԸ-ները՝ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.15 տոկոս, ինչը տարեկան մոտ 55 տոկոս է կազմում:

Գյուղացիները համաձայն էին, որ ՋՕԸ-ն իր պարտավորությունը կատարել է եւ ժամանակին իրենց ջուր է տվել, սակայն փաստեցին, որ գյուղացին եկամուտ չունի եւ չի հասցնում նույնիսկ կոմունալ ծախսերը հոգալ, ուր մնաց ջրի վարձավճարները վճարի: «Դա արդեն իմ խնդիրը չէ»,-արձագանքեց Ս. Սարգսյանը:

«Սարգսյանն էլ մեղավոր չէ, այդ մարդն էլ վերեւներին պիտի պատասխան տա: Գյուղացին էլ ի՞նչ անի. մնում է միայն մեռնենք պրծնենք»,-ասաց գյուղացիներից մեկը:

Սեյրան Սարգսյանն ասաց, որ ոչ մի վճարող գյուղացի անջուր չի մնա, եւ եթե հարկ լինի, ինքն անձամբ կգա ու կկանգնի հողամասի գլխին, որ նա հանգիստ իր մշակաբույսը ոռոգի: Նա ցույց տվեց պարտքի ցուցակը: Չկար մեկ գյուղացի, որ ՋՕԸ-ին պարտք չլիներ:

ՋՕԸ-ի տնօրենը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ամբերդ գյուղը ոռոգման ջրի համար պարտք է մոտ 38 մլն դրամ, որից գյուղացիները վճարել են ընդամենը 2 մլն դրամը: Հարեւան Դողս գյուղում, որտեղ առաջիկա օրերին նույնպես ջրազրկումներ կլինեն, պարտքը կազմում է 26.5 մլն, որից միայն 3 մլն է վճարվել: Իսկ Աղավնատուն գյուղում գյուղացիների պարտքը կազմում է 48 մլն դրամ:

«Այս տարվա պարտքերի մասին դեռ չենք խոսում, ասում ենք` գոնե բերեք նախորդ տարիների պարտքերը փակեք, որ ջուր տանք: Պարտքերը գոյացել են 2004 թվականից»,-ավելացրեց Ս. Սարգսյանը:

«Խոյ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում գործում է 57 խորքային հոր, աշխատում է 17 պոմպակայան, որոնք էական ազդեցություն են ունենում ջրի ինքնարժեքի վրա: Օրինակ` այս տարածքում օռոգման ջրի 1խմ-ի ինքնարժեքը 26.5 դրամ է, սակայն սուբսիդիաներով գյուղացուն ջուրը վաճառվում է 11 դրամով:

Սեյրան Սարգսյանը չկարողացավ հստակ ասել, թե ջրի այս սահմանափակումները երբ կավարտվեն:  Նրա ասելով` այս վիճակը կարող է նույնիսկ մինչեւ տարեվերջ շարունակվել, քանի որ իրենք ջրի պակաս չունեն եւ ցանկացած պահի կարող են ապահովել գյուղացու պահանջը, միայն թե դրա համար գյուղացին վճարի:

Նշենք, որ օգոստոսի 15-ից նման սահմանափակումներ կան նաեւ Աղավնատուն գյուղում: Այնտեղ էլ վճարողները ջրում են, իսկ պարտք ունեցողները՝ ոչ:

ՋՕԸ-ի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերից սկսվելու են դատական գործընթացներ, եւ իրենց կամքով ջրի վարձը չվճարած գյուղացիները ստիպված կլինեն դա անել դատարանի պարտադրմամբ:

Այս պահի դրությամբ, սեպտեմբերի 10-ից հետո միայն Աղավնատան ջրօգտագործողների դեմ 450 հայց է ներկայացվելու: Ամբերդի գյուղացիների դեմ դատական գործընթացները կսկսվեն սեպտեմբերի 15-ից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter