Վրաստանում ազգային փոքրամասնությունների դպրոցների ճակատագիրը վտանգված է
Վրացերենով կրթություն ստանալու աճող միտումը վտանգում է երկրի հեռավոր շրջանում՝ Մառնեուլում եղած հայկական դպրոցների ճակատագիրը:
Ազգությամբ հայ Մարգարիտան ծնվել եւ մեծացել է Վրաստանի հարավում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ սահմանակցող Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղում:
Շրջանի 20-հազարանոց բնակչության 80 տոկոսը կազմում են ադրբեջանցիները, ովքեր ապրում են անմիջապես Մառնեուլում:
Մարգարիտան վրացերեն չգիտի. ավարտելով Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղի հայկական դպրոցը` նա տեղափոխվել է Երեւան` լրագրություն ուսանելու:
Նա ասում է, որ Մառնեուլի ու Ջավախքի հայ երիտասարդները վրացերերն չիմանալու պատճառով սովորում են հայկական ԲՈՒՀ-երում:
Սակայն Մառնելուլի պես շրջաններում լեզվի խնդիրը ազգային փոքրամասնությունների մոտ ունի իր ուրույն առանձնահատկությունները:
Առանց վրացերենի լավ իմացության երիտասարդները չեն կարող շարունակել ուսումն այդ երկրում, բայց, մյուս կողմից, նրանք չեն ցանկանում մոռանալ իրենց մայրենի լեզուն:
Մարգարիտան ուշադրությամբ հետեւում է Մառնեուլում առկա խնդիրներին եւ դրանց մասին նաեւ հոդվածներ է գրում հայկական ինտերնետային պարբերականներից մեկի համար:
Նրա օրերս հրապարակած հոդվածը` «Մառնեուլում փակվում են հայկական դպրոցները» մեծ արձագանք գտավ մամուլում: Հոդվածում նշվում էր, որ շրջանում դպրոցները փակվում են ազգային խտրականության հիմունքներով, որպեսզի աճող սերունդը բացառապես վրացերեն խոսի:
«Այս ամենը արվում է վրացականացնելու համար, որ հայերը ձուլվեն դառնան վրացի…», - IWPR-ին ասաց Մարգարիտան:
«Զարմանում եմ ուղղակի, որ նույնիսկ վրացական իշխանությունները տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Մառնեուլում: Ավելի շուտ տեղյակ են, ուղղակի փակում են աչքերը…», - համոզված է Մարգարիտան:
Հոդվածի հեղինակը չցանկացավ ասել ազգանունը, ասելով. «հաճախ եմ գնում ծնողներիս մոտ եւ վախենում եմ խնդիրներ առաջանան վրացիների կողմից…»:
Մառնեուլի կրթական համակարգի ներկայացուցիչները հերքում են այն ենթադրությունը, թե հայկական դպրոցները դիտավորյալ են փակվում՝ պետական ոչ-պաշտոնական քաղաքականության համաձայն:
«Հայկական դպրոցները այսօր էլ են գործում, ինչպես 10-15 տարի առաջ», - հավատացնում է Մառնեուլի կրթության ոլորտի ռեսուրս-կենտրոնի տնօրեն Քամանդար Իսմայիլովը, ով երկար տարիների աշխատանքային փորձ ունի այս ոլորտում:
Նրա խոսքերով՝ ընդամենը մեկ-երկու ան•ամ է եղել, որպեսզի չափազանց փոքրաթիվ դասարաններ ունենալու պատճառով միմյանց հարեւանությամբ գտնվող դպրոցները միացվեն:
«Օրինակ՝ Խոժոռմի գյուղի դպրոցը համակցված է», - դպրոցների փակման մասին տեղեկություններն ակնարկելով՝ նշում է Իսմայիլովը, - «Դպրոցի հիմնական ուսուցման լեզուն շարունակում է մնալ հայերենը, սակայն այսուհետ նաեւ ադրբեջանական բաժին է գործելու: Դպրոցները շարունակում են գործել նույնիսկ այն վայրերում, որտեղ աշակերտների ընդհանուր թվաքանակը չի գերազանցում 9-ը»:
Ներկայում Մառնեուլի շրջանում 81 հանրակրթական դպրոց է գործում, որոնց ուսուցման լեզուների քանակն արտացոլում է այստեղ ապրող ազգային փոքրամասնությունների բազմազանությունը եւ ադրբեջանական բնակչության գերակշռությունը. այսօր 11 վրացական, 8 ռուսական, 9 հայկական եւ 51 ադրբեջանական դպրոց կա Մառնեուլում:
Հայկական համայնքի համար նախատեսված դպրոցներից շատերում միայն փոքր դասարաններ են: Այսպես, Գյուլբախի գյուղի հայկական դպրոցում 35 աշակերտ է սովորում:
Խոժոռմի գյուղի հայկական դպրոցի տնօրեն Ռիմա Ղարիբյանը դպրոցների փակման եւ միացման հեռանկարների վերաբերյալ բավական պրագմատիկ տեսակետ ունի եւ ընդունում է, որ ընդամենը 10-14 աշակերտ ունեցող դպրոցները ֆինանսական տեսանկյունից բեռ են հանդիսանում:
«Ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները միացվում են նրանց մոտ գտնվող դպրոցներին: Սա թույլ կտա երեխաներին պատշաճ կրթություն ստանալ: Միակ ցանկությունս այն է, որպեսզի մեր երեխաները սովորեն երկհարկանի, վերանորոգված դպրոցներում», - ասում է Ղարիբյանը:
Շահումյանի դպրոցի տնօրեն Արթուր Ուռումյանը ժխտում է կառավարության կողմից դպրոցները հենց այսպես, առանց որեւէ պատճառի փակելու հավանականությունը. «Եթե դպրոցի կարիքը կա… ոչ ոք իրավունք չունի փակել այն», - հավատացնում է Ուռումյանը:
Մյուս պատճառը, որի համար որոշ դպրոցներ կորցնում են իրենց աշակերտներին, այն է, որ երեխաների ծնողներն այսօր ավելի ու ավելի հաճախ են նախապատվությունը տալիս վրացական միջնակարգ կրթությանը:
Մառնեուլի Երկրորդ միջնակարգ դպրոցի տնօրեն Լիա Տուշուրին նույնպես մատնանշում է այս երեւույթը, որը, նրա խոսքերով, վերջերս ավելի ակնառու է դարձել:
«Ադրբեջանցիներն այսօր ավելի ձգտում են իրենց երեխաներին վրացական դպրոցներ ուղարկել: Նրանք ցանկանում են, որպեսզի երեխաները վրացերենով կրթություն ստանան, քանի որ կարծում են, որ սա պետական լեզվին պատշաճ տիրապետելու միակ ձեւն է: Սա է ազգային փոքրամասնությունների դպրոցներում աշակերտների կրճատման պատճառը», - բացատրում է Տուշուրին:
Տուշուրիի ղեկավարած դպրոցի օրինակը հաստատում է այս միտումը: Այս տարի առաջին դասարան ընդունված 21 երեխաներից 19-ը ադրբեջանցիներ են:
Հայաստանի ԿԳՆ թեւ Մառնելում ու Սամցխե-Ջավախքում դպրոցների փակման մասին կոնկրետ դեպքեր չունի:
Սակայն ԿԳՆ-ի աշխատակազմի միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչության սփյուքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանն ասում է, որ դրան կարող են նպաստել Վրաստանի ԿԳՆ-ի կողմից իրականացվող բարեփոխումները եւ աշակերտների թվի նվազումը:
Նրա խոսքերով՝ այսօր ոչ միայն ադրբեջանցի երիտասարդներն են նախընտրում վրացական դպրոցներ գնալ:
«Քանի որ հայ երիտասարդները չեն կարողանում ուսանել վրացական ԲՈՒՀ-երում վրացերենի չիմացության պատճառով, ծնողներն ուզում են երեխաներին վրացական դպրոց ուղարկել: Բացի այդ, եթե աշակերտների թիվն այսպես շարունակվի կրճատվել, Վրաստանի կառավարությունը չի ֆինանսավորի (դպրոցները ֆինանսավորում են աշակերտների թվով) եւ այս ամենը կհանգեցնի դպրոցների փակմանը», - IWPR-ին ասաց Ն. Վարդանյանը:
Մարիկա Ցիկորիձե, Մառնեուլի, «Timer» թերթի թղթակից
Գիտա Էլիբեկյան, Երեւան, Հայաստանի Հանրային ռադիոյի լրագրող
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել