HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշտարակի քաղաքապետարանում տեղյակ էլ չեն, որ քաղաքում բացօթյա սննդամթերք են վաճառում

30_04-bacotya-arevturՔաղաքացիների բազմաթիվ վարակիչ եւ ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդանալու պատճառ կարող է հանդիսանալ նաեւ բացօթյա տարածքներից սննդամթերքի գնումը, որտեղ պահպանված չեն նույնիսկ հիգիենիկ տարրական պայմանները: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը բազմիցս է հայտարարել, որ իրենց կողմից ստուգումներ ու վերահսկողություն է իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում: Մինչդեռ բավական է այցելել Երեւանից փոքր ինչ հեռու գտնվող որեւէ մի քաղաք եւ տեսնել, որ իրականում ոչ մի վերահսկողություն չի իրականացվում: Աշտարակ քաղաքի շուկան գտնվում է Աշտարակ-Էջմիածին մայրուղու անմիջական հարեւանությամբ, որտեղ ավտոմեքենաների հոսքն անդադար է: Հենց մայրուղու մայթին, առանց փաթեթավորման, վաճառվում է հացամթերք: Փողոցի փոշին ու ավտոմեքենաների արտանետումներն անմիջապես նստում են հացերի վրա, քաղաքացիներն էլ գնում կատարելու ժամանակ ձեռքերով շոշափում են հացը` համոզվելու համար այն թարմ է, թե ոչ: Հացի կողքին վաճավռում է նաեւ թերթեր, պոլիեթիլենային տոպրակներ ու  զանազան այլ իրեր: Շուկայի տարածքում բազմաթիվ թափառող շներ կան, որոնք սննդամթերքի հոտից պտտվում են  առեւտրի տաղավարների շուրջը: Մայթին հաց վաճառող տիկնոջը հարցրինք, արդյո՞ք իր սեղանիկը համապատասխանում է հաց վաճառելու համար նախատեսված հիգիենիկ նվազագույն պայմաններին, երբ փողոցի փոշին նստում է սննդամթերքի վրա: Ճերմակած մազերով կինն ասաց. «Տղա ջան, հացիս վայիս էս ըլնու՞մ: Հանգիստ առեւտուր եմ անում, թողեք մի երկու կոպեկ էլ ես աշխատեմ, թե՞ իմ աշխատածը հարամ ա: Ինձ ով ա չափանիշների մասին բան ասել, որ ես էլ չափանիշներին համապատասխանեցնեմ իմ սեղանիկը: Առանց էդ էլ առեւտուր չի լինում, կողքից թերթ ու ցելոֆան եմ ծախում, որ մի երկու կոպեկ տուն տանեմ: Թող բերեն սիրուն բուտկա սարքեն, ես էլ լավ պայմաններում հացը ծախեմ: Կարո՞ղ ա գիտես` ես չեմ ուզում տաք տեղը նստեմ իմ առեւտուրն անեմ: Քեզանից շատ եմ ուզում, բայց ձեռս ճար չկա»,- ավելացրեց կինը, որը չցանկացավ անունը նշել: Տիկնոջից բացի մի քանի մարդ եւս նույն պայմաններում հաց են վաճառում: Նրանցից մեկը նույնիսկ ավտոպահեստամասերի հարեւանությամբ է առեւտուրը կազմակերպել: Ֆոտոխցիկը տեսնելով անմիջապես հեռացան տարածքից: Հարեւան առեւտրականների ասելով, արդեն 2-3 տարի է շուկայի տարածքում հացն այս պայմաններում է վաճառվում եւ ոչ ոք վաճառողներին «նեղություն» չի տալիս: Նույնիսկ ոմանք կանգնելով հաց վաճառողների «թասիբին» մեզ սկսեցին մեղադրել: «Ջահել տղա էս, ամոթ ա, գնա էն հաստավիզներին խոսցրա, որ օֆիսներ ունեն հազար տեսակի, ամեն ինչը հենց մեզ նման թշվառների վրա պիտի՞ ջարդվի»,- ասաց նրանցից մեկը: 30_04-bacotya-arevtur1Քիչ հեռու, դարձյալ գլխավոր փողոցի հարեւանությամբ, միս է վաճառվում: Երկաթյա կրպակի արտաքին տեսքից արդեն երեւում է, թե վաճառվող միսն ինչ որակ կարող ունենալ: Աշտարակ քաղաքում սննդամթերքի բացօթյա վաճառքի այս օրինակները եզակի դեպք չեն: Աշտարակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Դատումյանը «Հետքի» հետ զրույցում զարմացավ, որ իրենց քաղաքում բացօթյա սննդամթերք է վաճառվում: Նրա խոսքերով, շուկայի տարածքում հնարավոր չէ, որ բացօթյա պայմաններում հաց վաճառվի: «Այդ տարածքում հացի փուռ կա, ու փռի տերը հացը տալիս է փակ կրպակներում են վաճառում: Շուկայի տարածքում պարբերաբար ստուգումներ ենք անում, մեր աշխատակիցը շաբաթը մի 2 անգամ լինում է այդ տարածքում եւ երբեւէ նման բան չի արձանագրել: Հարգելով ձեզ, կարող եմ ասել, որ նման բան լինել չի կարող, դա երեւի թյուրիմացություն է, քանի որ այդ վայրում ես էլ չեմ տեսել, որ հացը բացօթյա վաճառվի»: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը կարող է մեզ չհավատալ, բայց նշված տարածքից արված լուսանկարներին չհավատալ` պարզապես չի կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter