HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորին պատկանող երթուղայինները չեն աշխատում, բայց նա ավելի շատ փող կաշխատի այսօր

Այսօր առավոտից երթուղի դուրս չեն եկել Էջմիածնից, Աշտարակից, Արագածոտնի մարզի Բյուրական եւ Ագարակ գյուղերից եւ այլ վայրերից մայրաքաղաք եկող տրանսպորտային միջոցները: էջմիածնեցի տարեց մի կին Հանրապետական հիվանդանոց էր շտապում` հիվանդ որդուն այցելության, սակայն մի քանի ժամ կանգառում սպասելուց հետո, ստիպված օգտվեց տաքսուց: Եթե սովորական օրերին Էջմիածնից Երեւան հասնելու համար քաղաքացիները ծախսում են 220-250 դրամ՝ կախված նրանից, օգտվում են երթուղային տաքսիներից, թե ավտոբուսներից, ապա այսօր նրանք մայրաքաղաք հասնելու համար պետք է վճարի 2000 դրամ: Պատճառն այն է, որ երթուղի դուրս չեն եկել 111 համարի ավտոբուսներն ու մոտ 20 միկրոավտոբուսներից եւ ոչ մեկը: Փոխարենը կանգառում իրար ետեւից շարված են տասի ավտոմեքենաները, որոնց վարորդները կարգախոսներով ուղեւորներ էին թռցնում իրարից: «Էսօր հազիվ գործներս կպել ա, լույսը նոր ա բացվել, բայց արդեն 3 անգամ Երեւան եմ գնացել»,-հպարտանում էր  «Քարավան» տաքսի ծառայության վարորդներից մեկը: Տեղեկացնենք, որ Էջմիածին-Երեւան երթուղին սպասարկում է «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, հանրապետական խմբակցության անդամ Հրանտ Գրիգորյանին (գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է): Ստեղծված իրավիճակի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ընկերության տնօրեն Մանվել Վարդանյանից, սակայն ամեն անգամ նրա բջջային հեռախոսի զանգերին պատասխանում էին ինչ-որ մարդիկ՝ ասելով, թե պարոն Վարդանյանը սենյակում չէ: Սակայն լուրջ կասկածներ ունենք, որ մեր առաջին հեռախոսազանգին պատասխանողը հենց Մանվել Վարդանյանն էր, եւ ինքն էլ հայտարարեց, թե սենյակում չէ: Րոպեներ առաջ, երբ նրան կրկին զանգեցինք հեռախոսին մոտեցավ Հովո անունով ներկայացած մի տղամարդ. «Ախպեր ի՞նչ ա եղել: Մանվել Վարդանյանը հեռախոսը դրել ա զայրադկի ու դուրս ա եկել, զանգ եկավ դրա համար ես վեկալեցի: Ինքը հիմա դրսում ա»: Հովոյին խնդրեցինք հեռախոսը փոխանցել Մանվել Վարդանյանին. «Վայ ախպեր ջան, հենց նոր շեֆի հետ տեղ գնաց (նկատի ուներ Հրանտ Գրիգորյանին,-հեղ.): Նշենք, որ այս վիճակը ձեռնտու է նաեւ Հրանտ Գրիգորյանին եւ նա ամենեւին էլ վնասներ չի կրում, որ միկրոավտոբուսներն ու ավտոբուսները երթուղի դուրս չեն գալիս: Բանն այն է, որ «Քարավան» տաքսի ծառայությունը նույնպես իրեն է պատկանում եւ այսօր Էջմիածին-Երեւան երթուղին «սպասարկում» են միայն այս տաքսի ավտոմեքենաները, քանի որ կանգառում այլ տաքսիների չեն թողնում կայանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter