Գագիկ Ծառուկյանի խարիզման կօգնի՞ Հարություն Քուշկյանին
Իր ասուլիսն այսօր սկսելով լրագրողներին մայիսի մեկի կապակցությամբ շնորհավորելով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մաղթեց, որ բոլորս միշտ ունենանք աշխատանք ու ստանանք աշժանավայել աշխատավարձ:
Վաղվանից մեկնարկելիք Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավին ԲՀԿ-ն կազմ ու պատրաստ է: Խ. Գալստյանը ներկայացրեց առաջին տասնօրյակի իրենց անելիքները` վաղը պաշտոնապես ներկայացվելու է ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը, իսկ դրան կհաջորդեն հանրահավաքներ տարբեր համայնքներում:
«Բացի դրանից` իրականացնելու ենք այլ կարգի հանդիպումներ մեր ընտրողների հետ: ԲՀԿ-ն այսօր իսկապես պատրաստ է օրենքով նախատեսված բոլոր հնարավոր քարոզչամիջոցներով մեր տեսակետներն ու ծրագրերը ներկայացնել: Մեր հիմնական կարգախոսն է` մեր խոսքը գործ է: Երկրորդ կարգախոսն է` վստահիր և պահանջիր, և սա նույնպես մեզ համար սկզբունքային է»,- ասաց նա:
Խ. Գալստյանը հավաստիացրեց, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին, անձամբ ներկայացնելու է իրենց թիմին. «Յոթ հանրահավաքներ են ունենալու` միտինգային ֆորմատով և բազմաթիվ հանդիպումներ փակ դահլիճներում` ժողովրդի ներկայությամբ: Օգտագործելու ենք նաև հեռուստատեսությամբ սահմանված ժամանակային եթերը, բոլոր քաղաքական հաղորդումները»:
Իսկ ի՞նչ է անելու Հարություն Քուշկյանը,, եթե հանդիպումները լինելու են Գագիկ Ծառուկյանի հետ: Լրագրողների այս հարցին ի պատասխան Խ. Գալստյանը նշեց, որ նա էլ, բնականաբար, որպես ցուցակում առաջինը` լիարժեքորեն ներգրավված է լինելու բոլոր միտինգներում. «Ուղղակի պարոն Ծառուկյանի խարիզման, հարգանքն ու սերը մեր ժողովրդի շրջանում այնքան մեծ է, որ պարոն Ծառուկյանին վստահելով` երևանցին վստահելու է նաև պարոն Քուշկյանին ու մեր թիմին»,- ասաց նա:
Ինչպե՞ս կանդրադառնա Դաշնակցության կոալիցիայից դուրս գալը ընտրությունների ընթացքի վրա: Այս հարցին ի պատասխան` Խ. Գալստյանը նշեց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրազանգվածի ու հեղինակության վրա այս տեղաշարժը ոչ մի ազդեցություն չի ունեցել: Իսկ իրենք նախընտրական քարոզարժավի ժամանակ պահպանելու են իրենց սկզբունքը` ոչ մեկին չեն քննադատելու, փորձելու են իրենց ընտրողներին հավատ ներշնչել:
Եթե հանկարծ նախագահը ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին թափուր մնացած որևէ պորտֆել չտա ու ՀՀԿ-ի մեջ բաժանի կառավարական պորտֆելները, ինչպե՞ս կվերաբերվեն դրան ԲՀկ-ականները: Խ. Գալստյանի հավաստմամբ, նորմալ, քանի որ «Պարոն Ծառուկյանը երբեք պաշտոնակռիվ չի իրականացրել, պաշտոնի համար առևտրի մեջ չի մտել ու այդ սկզբունքը մենք ևս մեկ անգամ շարունակելու ենք: Եթե հանկարծ այդպես էլ որոշվեց, դա մեզ համար նորմալ է: Բայց մենք ավելի խիստ ու ավելի մոբիլ մեր ուժերը կհավաքագրենք, որ ապագա խորհրդարանական ու համապետական ընտրություններում իսկապես կարողանաք ավելի լուրջ մասնակցություն ունենալ ու հետևաբար ավելի լուրջ նախարարական պաշտոններ ստանձնել»:
Խաչիկ Գալստյանը հավաստիացրեց, որ ԲՀԿ-ն այս ընտրությունները արդար և թափանցիկ կազմակերպելու համար պատրաստ է ներգրավել բոլոր ինստիտուցիոնալ ռեսուրսները, որոնք այսօր հնարավորություն են տալիս կուսակցությանն իր ձայների տերը լինել, և վերահսկել ընտրությունների ընթացքը:
«Եթե 2007-ին մենք ընտրություններին մասնակցում էինք որպես նորելուկ կուսակցություն, որը չուներ ընտրական հանձնաժողովում անդամներ, ապա այս անգամ արդեն որպես խորհրդարանում ներկայացված կուսակցություն, ԲՀԿ-ն բոլոր 439 ընտրական տեղամասերում ունենալու է իր ընտրական հանձնաժողովի անդամը, ինչպես նաև` վստահված անձինք: Բնականաբար, լինելու են դիտորդական խմբեր, որոնք կհետևեն ընտրությունների ընթացքին: Եթե այս կերպ առաջնորդվեն նաև մնացած կուսակցությունները, որոնք ներգրավված են ընտրապայքարին, ապա վստահ եմ որ այս ընտրությունները կլինեն նախադեպային` իրենց թափանցիկության ու արդար ընթացքի առումով»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել