HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պարարտանյութի դեֆիցիտ` Արմավիրի մարզում

Արդեն մի քանի օր է` Արմավիրի մարզում պարարտանյութի դեֆիցիտ է: 3 օր է Էջմիածնում պարարտանյութ գտնել գրեթե հնարավոր չէր: Գյուղացիները ծանոթների միջամտությամբ էին կարողանում ներկրողներից 1-2 պարկ պարարտանյութ գնել:

Մինչ այդ պարարտանյութը վաճառվում էր 8600 դրամով: Երեկ Էջմիածնում ընդամենը մեկ տեղում էր պարարտանյութ վաճառվում, այն էլ սահմանափակ քանակությամբ` պարկը 10.700 դրամով: Գյուղացիները խոսում էին, որ առաջիկայում հնարավոր է նորից պարարտանյութի գինը թանկանա: Խոսակցություններ կան, որ այսօր արդեն պարարտանյութի ազատ վաճառք կլինի՝ 8700 դրամով:

Գյուղապետերը նույնպես անհանգստացած են այս խնդրով եւ երեկ անձամբ են դիմել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին:

Մարզպետարանից «Հետքին» տեղեկացրին, որ դեֆիցիտի մասով ոչինչ չեն կարող ասել, ինչ վերաբերում է գնին, ապա ներկրողները թանկ գնով են պարարտանյութ ներկրել, այդ իսկ պատճառով գինը թանկացել է:

Մարզպետարանի գյուղվարչությունը գյուղացիներին առաջարկում է օգտագործել ազոտական ցեոլիտ, որի մեկ լիտրն արժե 3000 դրամ: Միջինացված թվերով 1հա հողամասը պարարտացնելու համար անհրաժեշտ է մոտ 10 լիտր ցեոլիտ:

Թե ինչ խաղ են խաղում պարարտանյութ ներկրողներն, առայժմ պարզ չէ, սակայն մի բան ակնհայտ է, որ միջազգային շուկայում պարարտանյութի գինը չի կարող ընդամենը մեկ օրով ազդել Հայաստանի շուկայի վրա, այն էլ միանգամից 2000 դրամի տարբերությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter