HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ն հերքում է ընտրակաշառք բաժանելու լուրերը

11_03-x_galstyan1«Ես դա  համարում եմ ապատեղեկատվական քարոզչական հնարքներից մեկը, որը լայնորեն կիրառվում է նախընտրական շրջանում: Ես կտրականապես հերքում եմ այդպիսի որևիցե լուրի հավաստիությունը: Ասեմ, որ առանց դրա էլ ԲՀԿ-ն այսօր ունի բարձր վարկանիշ, Պարոն Ծառուկյանի հեղինակությունն չափազանց բարձր է»,- պատասխանելով Հետքի այն հարցին, թե մամուլում հրարպարակումներ են եղել այն մասին, որ տարբեր համայքներից բնակիչներ են զանգահարում խմբագրություններ ու տեղեկացնում, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչները խոստացել են 5 000-ական դրամներ բաժանել` Երևանի ընտրություններում իրենց ձայն տալու դիմաց` ասաց  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը` այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշեց, որ վաղվանից մեկնարկող նախընտրական քարոզարշավում իրենք ներկայացնելու են իրենց խոսքն ու գործը և հավաստիացրեց, որ ժողովրդից ձայն խլելու, ձայն հավաքելու համար այդ 5 000 դրամն այսօր արժեզրկված է, և իրականում իր նպատակին չի ծառայում: «Այդ 5000 դրամը ժողովրդին առաջարկելով` այնուամենայնիվ դու վերջնական այդ քվեն ստանալուց զուրկ ես մնում, որովհետև ընտրողը գնում ու քվեախցիկում էլի իր ընտրությունն է անում: Մեր նպատակն է լինելու, որ ժողովուրդը քվեատուփին մոտենա ու իր խղճի մտոք ընտրություն կատարի»,- ասաց նա: Սակայն «Էրեբունի» և «Մոր և մանկան» բժշկական կենտրոններում ընթացող անվճար բժշկությունը փաստ է, և կրկին մեղադրում են ԲՀԿ-ին`անուղղակի ընտրակաշառքի համար: Լրագրողների այս հարցին ի պատասխան` Խ. Գալստյանը նշեց, որ եթե  մայիսի 2-ից սկսած` այդ բժշկական կենտրոններում հանդիպի մի հիվանդ, որն այդ պահին գտնվելիս կլինի առողջապահական ակցիայի շրջանակներում` տվյալ հիվանդանոցում, այ դա նոր կդիտարկվի որպես ընտրակաշառք: «էրեբունի հիվանդանոցը մասնակցել է այս առողջապահական ակցիային զուտ սեփական միջոցների հաշվին: Պրն Քուշկյանը, լինելով առողջապահության նախարար, ոչ մի պետական լծակ չի օգտագործել: Նման ակցիա իրականացավ նաև Գյումրիում, որն ընտրությունների հետ ոչ մի կապ չուներ: Ընդհանրապես` պրն Ծառուկյանը միշտ էլ նման ակցիաներ իրականացնում է»,- ասաց նա: Իսկ ինչպե՞ս է ԲՀԿ-ն պայքարելու ընտրակաշառքի դեմ: Խ. Գալստյանի հավաստմամբ` իրենց կենտրոնական շտաբը վաղվանից արդեն լիարժեք կգործի, և այնտեղ կլինի օպերատիվ արձագանքնման խումբ: «Լավագույն պայքարի միջոցը մեր ժողովրդին այն պարզ ճշմարտությունը բացատրելն է, որ ընտրկաշառքը վեցնելով` դուք նորից ազատ եք ձեր խղճի ու կամքի մտոք ընտրություն կատարելու»,-ասաց նա` ընտրակաշառք տվողներին էլ կոչ անելով իրենց գումարներն ավելի տրամաբանական ծախսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter