
Այսօր ժամը 15:00-ին նախատեսած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն արդեն պետք է մեկնարկի, սակայն, ինչպես հայտնում է մեր թղթակիցը, այս պահի դրությամբ քիչ մարդիկ են հավաքվել: Հավաքվածների ձեռքերում դրոշներ են, ոմանց մոտ` պաստառներ: Մատենադարանի դիմացի հարթակին փակցված պաստառի վրա գրված է` «Բարոյական հասարակության ազատագրումն ու հաղթանակը դեպի Հայ ազգային կոնգրես. Կոնգրեսը անկյունաքարն է նոր և օրինական Հայաստանի Հանրապետության»:
Բեմահարթակը այս պահին զբաղեցրել են երիտասարդները, որոնք պարում ու թմբուկ են խփում: Մի քանիսն էլ թռուցիկներ են բաժանում:

Հավաքվածներից մի քանիսի ձեռքերում Նիկոլ Փաշինյանի լուսանկարներն են: Իսկ որոշների մոտ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը` խաչ քաշած ու գրված` «Եթե արյան ծարավ չեք, թողեք հեռացեք»:
«Հետքի» թղթակցի փոխանցմամբ` ներկա են նաև սփյուռքահայեր ու օտարերկրյա քաղաքացիներ: Օրինակ` մեկի մեջքին փակցված է գերմանիայի դրոշը:
Ոստիկանները հիմնականում հավաքված են Մատենադարանի դիմացը` «պոնչիկանոցի» հարող տարածքում և չեն խոչընդոտում քաղաքացիներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել