
Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն ժամանել է Մատենադարան, ժողովրդի միջով անցել դեպի բեմահարթակ, նրան ուղեկցել է նաև Ստեփան Դեմիրճյանը, իսկ հետևներից` մի խումբ երիտասարդներ, ինչպես նաև ոստիկաններ: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանելուն պես հավաքվածները սկսել են վանկարկել` «Լևոն` նախագահ», «Լևոն, Լևոն»:
«Հետքի» թղթակցի փոխանցմամբ` հավաքվածները, համեմատած նախորդ հանրահավաքներին, քիչ են, սակայն մարդկանց հոսքը շարունակվում է:
Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը բարձրացել է հարթակ և հայտարարել, որ հանրահավաքի մասնակիցները քաղաքի անդորրը չխանգարեն: Նրան և ոստիկանական խմբին միտինգավորները ճանապարհել են` «Սերժիկ, հեռացիր» վանկարկումով:
Սկզբում լսեցին Նիկոլ Փաշինյանի ելույթի ձայնագրությունը, որն ուղեկցվել է երաժշտությամբ: «Այս հրապարակում դավաճան չկա, այս հրապարակում կասկածող չկա»,-Նիկոլ Փաշինյանի խոսքերին ժողովուրդն արձագանքել է` չկա:
Արարատ Զուրաբյանը շնորհավորել է աշխատավորների օրվա կապակցությամբ, և ասել, որ չնայած հավաքվածների մեծ մասը աշխատազուրկ է, բայց «եթե հասնեն այս իշխանությունների վտարմանը, ապա իրավիճակը կշտկվի»:
Զուրաբյանը նաև տեղեկացրել է, որ փակել են շրջանների ճանապարհները, և այս անգամ «սիրելի ոստիկանությունը նորամուծություն է իրականացրել». ճանապարներին կանգնած են ավտոմատներով, որին ժողովուրդը արձագանքել է` «ամոթ, ամոթ»:
Արարատ Զուրաբյանի խոսքերով` այսօրվա հանրահավաքը քարոզչական հավաք չէ, իսկ քարոզչական հավանքներ իրենք դեռ շատ են ունենալու մայիսի 2-ից հետո: Իսկ մայիսի 15-ին նորից տեղի է ունենալու համապետական հանրահավաք:

Ելույթ է ունեցել Դավիթ Շահնազարյանը, ով անդրադարձել է փաստահավաք խմբի գործունեությանը: Դավիթ Շահնազարյանը մեղադրել է Հայկ Հարությունյանին` ասելով, որ, փաստորեն, Հարությունյանը հանդես է եկել ինքնախոստովանականով, և հայտ է ներկայացրել միջազգային դատարանում Ռոբերտ Քոչարյանի կողին զբաղեցնել մեղադրյալի աթոռը: Դավիթ Շահնազարյանը նաև նշել է, որ հանցագործությունների թիվն աճել է, որովհետև ոստիկանությունն իրականացնում է ահաբեկչական գործողություններ և կոչ արել նրանց չհավասարվեն քրեական տարրերին:
Այս պահին ելույթ է ունենում ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել