HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արամ Սարգսյան. «Հաղթանակ բոլորիս»

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր հինգ ամսվա լռությունից հետո Մատենադարանի հարթակից ելույթ ունեցավ: Հավաքվածները ողջունեցին նրան երկարատեւ ծափերով: Նա բարեւեց հավածվածներին եւ շնորհավորեց «աշխատավոր հայ ժողովրդին»` օրվա կապակցությամբ: Արամ Սարգսյանը ելույթը սկսեց աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունից Հայաստանի վրա. «Յուրաքանչյուր հայ իր հոգում, իր մտքում, ենթագիտակցության մակարդակով, սեփական բջիջներով ինչ-որ վտանգ է զգում: Ես համոզված եմ, որ ցանկացած հայ մարդ` լինի ընդդիմություն, թե իշխանություն, Երեւանում ապրի, թե Ապարանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Բեյրութում, Հալեպում, թե Լոս Անջելեսում, այդ զգացողությունը ունի, իսկ եթե ժողովուրդը այդպիսի զգացողություն ունի, դա վերաբերում է հայրենիքին, հետեւաբար հայրենիքը վտանգված է»: Իսկ ինչ են անում իշխանությունները ստեղծված իրավիճակում: Ըստ Արամ Սարգսյանի` «փոխանակ լսելու սեփական ժողովրդի, Ղարաբաղի, սփյուռքի հայության տեսակետները, ներկայացնելու մեր տեսակետները, բանավիճելու եւ դրա արդյունքում համաժողովրդական տեսակետ ձեւավորելու, գնում են հակադրման ճանապարհով, գնում են բռնի ուժի, դիմացինին որպես հակառակորդի, թշնամի դիտելու ճանապարհով, գնում են կեղտոտ, ճղճիմ դատավարությունների ճանապարհով»: Արամ Սարգսյանը առաջարկեց իշխանության խնդիրները թողնել իշխանություններին: Նա ներկայացրեց Ղարաբաղում տիրող իրավիճակը. «Եթե նախկինում Ղարաբաղում հանդիպում էի եղբորս` Վազգենի ընկերներին եւ ներկայացնում Հայաստանի իշխանությունների որակը, ներքաղաքական իրավիճակը, նրանք լսում էին, չէին հակադրվում, քանի որ ասում էին` ավելի լուրջ խնդիր ունենք, իսկ հիմա իրենք արդեն իրենց Ազգային ժողովում ասում են ավելի տեսակետներ, քան մենք, իրենք հասկացան, որ մենք ճիշտ էինք, իրենք ներկայացնում են մեր տեսակետները»: Ըստ Արամ Սարգսյանի, նույն իրավիճակում են նաեւ սփյուռքի եղբայրները. «Նրանք ամեն օր զանգահարում են, զգում են վտանգը եւ իրենց հույսը բեւեռում են մեզ` այստեղ ապրող հայ ժողովրդին, Կոնգրեսին, ընդդիմությանը: Նույնն է նաեւ իշխանության ճամբարում, բազմաթիվ մարդիկ հասկանում են իրավիճակը, մտքով մեզ հետ են եւ շուտով իսկապես մեր կողքին կկանգնեն»: Արամ Սարգսյանը կոչ արեց, որ յուրաքանչյուրը առանձին փորձի համախմբել ամբողջ հայության ներուժը` Հայաստանով, Ղարաբաղով, սփյուռքով. «Դրանով է հաղթանակը ապահովվելու, իսկ դրա փորձը տեսել ենք 80-ականներին: Մենք համախմբվեցինք, նման գործընթացները տեղի են ունենում շատ արագ եւ այս անգամ էլ նույն կերպ է լինելու: Այն ամենը, ինչ մեզանից յուրքանաչյուրը ունի իր մտքում, տեղի է ունենալու շատ ավելի արագ, քան մենք` այստեղ հավաքվածներս դա պլանավորում ենք»: Արամ Սարգսյանը խորհուրդ տվեց կատարել աշխատանքը առանց չարության, քրիստոնյային վայել սիրով ու ջանասիրությամբ. «Եվ հաջողությունը ինքը մեզ անսպասելի ընդառաջ գա: Հաղթանակ բոլորիս»,-մաղթեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter