Վրացական ընդդիմությունը երկուշաբթի օրվանից գործնական քայլեր է անելու

Վրացական ընդդիմությունը ապրիլի 9-ից սկսել է բողոքի զանգվածային ակցիաները` պահանջելով գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականը: Սակայն դեռևս Մ. Սահակաշվիլին հրաժարական չի տվել: «Գրուզիա օնլայն» կայքը տեղեկացնում է, որ երեկ տեղեկատվական հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ «երկուշաբթի օրվանից իշխանությունների դեմ սկսվելու է սուր պայքարի նոր ալիք»:
Ընդդիմադիրները խոստացել են երկուշաբթի օրվանից սկսել առավել ակտիվ գործողություններ և գործնական քայլեր ձեռնարկել իշխանությունների դեմ: «Այն, ինչ նկատի ունենք «նոր գործնական քայլեր» հասկացության տակ, դեռևս ենթակա չէ հրապարակման, այլապես մինչ հիմա բարձրաձայնած կլինեինք: Դա մեր ծրագրի մի մասն է, և մենք դրա մասին կհայտարարենք միայն երկուշաբթի»,- ասել է «Հանուն միասնական Վրաստանի» ժողովրդավարական շարժման գլխավոր քարտուղար Էկա Բեսելիան: «ИТАР-ТАСС»-ի փոխանցմամբ` Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն հայտարարել է, որ Միխայիլ Սահակաշվիլին պատրաստ է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ կառուցողական հարցերի շուրջ զրուցելու համար, սակայն, բնականաբար, ոչ հրաժարականի հարցով»։
Սակայն Բարամիձեն նշել է, որ իշխանության ներկայացուցիչների, երկրի նախագահի և ընդդիմության առաջնորդների հանդիպումը պետք է կայանա առանց նախապայմանների և առանց տեսախցիկների առկայության: «Դաշինք հանուն Վրաստանի» միության ղեկավար Իրակլի Ալասանին հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է հանդիպել նախագահի հետ, լսել նրա առաջարկները` երկիրը ճգնաժամից դուրս բերելու հարցում, սակայն իշխանություններից իրենց միակ պահանջը` արտահերթ նախագահական ընտրություններն են, և որ պետք է նշանակել հանդիպման վայրը և ժամը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել