Պատրիկ Արապյանին գրանցելու մերժման բողոքարկումը կմեկնարկի մայիսի 7-ին
2009թ. մայիսի 7-ին Թբիլիսիի քաղաքացիական գործերով վարչական դատարանում կայանալու է ֆրանսիացի փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ Պատրիկ Արապյանի` որպես ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի փաստաբան գրանցման Վրաստանի արդարադատության նախարարության որոշման բողոքարկման դատավարության առաջին նիստը:
«Երկիր» միությունը տեղեկացնում է, որ Չախայանների շահերը նշված գործում ներկայացնելու է փաստաբան Նինո Անդրիաշվիլին, որը վրացական «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ-կառավարական կազմակերպության անդամ է, որի նպատակն է Վրաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Վրաստանի արդարադատության նախարարությունը ս.թ. փետրվարի 16-ին առանց որեւէ պատճառաբանման հրաժարվեց գրանցել Պ. Արապյանին` որպես Չախալյաններ պաշտպան: Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին մարտի 6-ին Արդարադատության նախարար Զ. Ադեիշվիլիին ուղղված նամակում առաջարկեց վերականգնել Չախալյանների խախտված իրավունքները եւ արտոնել ֆրանսիացի փաստաբանի մասնակցությունը նրանց նկատմամբ ընթացող դատավարությունում, սակայն վրացական իշխանությունները արհամարհեցին այդ հանձնարարականը: Ս.թ. ապրիլի 14-ին եւ 28-ին Փարիզում ի պաշտպանություն Վահագն Չախալյանի տեղի ունեցած ցույցերի ընթացքում, ցույցի կազմակերպիչներին ընդունած Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան խոստացավ, որ վրացական իշխանություններն դրական լուծում կտան Պատրիկ Արապյանի գրանցման խնդրին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել