HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Հինգ ընտանիք հայտնվելու է փողոցում. հարկադիր կատարողները խոստացել են «պատուհանից նրանց դուրս շպրտել»

03_05-kapan

Սմելա Մաթևոսյանը 12 տարի ապրում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Կապանի մասնաճյուղի հանրակացարանում: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Սյունիքի մարզային բաժնի աշխատակիցները նրան ու հանրակացարանում բնակվող 5 ընտանիքի երեք օր ժամանակ են տվել` հանրակացարանի իրենց սենյակներն ազատելու համար:

Սմելա Մաթեւոսյանն ապրելու ուրիշ տեղ չունի: Նրա որդին բանակում ծառայում է: «Ու»ր գնամ, մնալու տեղ չունեմ, գոնե սպասեն տղաս գա բանակից, տեսնենք ի՞նչ ենք անում, աղջկաս հետ ուր մնամ»,-ասում է տիկին Սմելան: Տիկին Սմելան իր երեխաների հետ տարիներ առաջ ապրում էր Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանրակացարանում: Ամուսինն աշխատում էր կոմբինատում:  Ամուսնուց բաժանվելուց հետո կինը հազիվ է հասցնում երեխաների կարիքները հոգալ: Ստիպված երեխաներին գիշերօթիկ դպրոց ուղարկեց: Որպեսզի դպրոցը բնակավայրին մոտ լինի` Սմելա Մաթեւոսյանը տեղափոխվեց ճարտարագիտական համալսարանի հանրակացարան: Համալսարանի  տնօրինությունն այդ ժամանակ ընդառաջել էր տեղական իշխանության խնդրանքին ու նման մի քանի ընտանիքների սենյակ հատկացրել հանրակացարանում: Ի սկզբանե, հանրակացարանի շենքը որպես ժամանակավոր կացարան տրամադրվել էր Ադրբեջանից գաղթած փախստականներին:  Փախստականներին բնակարաններով ապահովվելուց հետո, ըստ բնակիչների, սկսվել է հալածանքն իրենց նկատմամբ: Տնօրինությունն այդ հինգ ընտանիքներին բազմիցս առաջարկել է  ազատել տարածքը, բայց ապարդյուն: 2008-ին տնօրինությունը դիմեց դատարան՝  համալսարանի սեփականություն  համարվող հանրակացարանից ապօրինի զբաղեցնողներին վտարելու պահանջով: Սյունիքի  մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կրթարանի պահանջը: Վերջինիս ղեկավարությունը հաշվի առնելով, որ ձմեռ է, չի պնդել հայցի ապահովումը: Հիմա արդեն եղանակները տաքացել են եւ բնակիչները պետք է ազատեն իրենց սենյակները: Այդ մասին նրանց տեղեկացրել են նաեւ հարկադիր կատարողները:

03_05-heghnar

«4 տարեկան տղաս անընդհատ էդ ա ասում` մամ, էն սև շորերով դյադյան մեզ դուրս ա նետելու պատուհանից»,-ասում է Հեղնար Հայրապետյանը` բացատրելով, որ «այդ դյադյաները» համազգեստներով  հարկադիր կատարողներն են  ու  երեխաների մոտ հայտարարել են, որ եթե դուրս չգան, ապա «պատուհանից իրենց էլ են շպրտելու, վեշերն էլ»: Հեղնարը 3-րդ կարգի հաշմանդամ է, երկու  երեխա ունի` 15 ու 4 տարեկան: Ամուսինը մահացել է եւ ընտանիքի հոգսը ընկել է կնոջ ուսերին: 8 հազար դրամ նպաստ  ու 23 հազար թոշակ է ստանում: Նա ասում է, որ փողը հազիվ իր դեղերին է հերիքում: Ամառները ժամանակավորապես  աշխատել է բացօթյա սրճարանում: «Այս ամառ երևի չընդունեն կաֆե. անցած սեզոնում ինքնասիրությանս էին կպնում, վիճեցի հաճախորդի հետ, հետո եկա տուն, փորձեցի երակներս կտրել,-ասում է Հեղնարը` ցույց տալով ձեռքերը:-Ի՞նչ անեմ, հոգեբուժարանում պառկեցի, բուժում ստացա, հիմա ելք չունեմ, մնալու եմ փողոցում»:

03_05-anna

Աննա Փարսադանյանի տղան 4 տարեկան է, աղջիկը` 6: Ա.Փարսադանյանը 2-րդ կարգի հաշմանդամ  է, սնվում է բարեգործական ճաշարանում, այնտեղից ճաշ բերում երեխաների համար:

03_05-anna-1

«Պայմաններ չկան այս շենքում, ավերակ, ամառը մլակներն են ուտում, ձմռանը չենք տաքանում: Հիմա էլ ջուրն են անջատել, որ զզվենք դուրս գանք, պարետն ասաց լույսերն էլ են անջատելու, բայց էդ պայմաններում էլ համաձայն եք ապրել ստեղ»,-ասում է Աննան: ՀՊՃՀ-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն Սեյրան Բալասանյանը նշում է, որ հանրակացարանն արդեն անհրաժեշտություն է դարձել բուհի համար, քանի որ հեռակա ուսուցմամբ սովորողները մնալու տեղ չունեն: Հանրակացարանի բնակիչներն էլ համաձայն են, որ տնօրինությունը ճիշտ է, բայց իրենք ելք չունեն: «Հա, բայց բարոյական իրավունք կա, հո անխիղճ չեն, մենք իրենց չենք խանգարում, տուն չունենք, պետությունը չի ապահովվում, պիտի համակերպվենք: Հա, նորոգում է հանրակացարանը, թող մի քանի սենյակ տան, մենք մնանք, հո շենքը չենք ուտելու, էլի իրանցն ա»,- ասում է Ա.Փարսադանյանը: Մասնաճյուղի տնօրենը կտրականապես դեմ է այս առաջարկին, որովհետև  «այդ մարդիկ լիովին ավերել են շենքը: Քանդել են ամեն ինչ, մանրահատակը վառել, փականները փչացրել, նույնիսկ դրանք հանել, չգիտեմ որն ասեմ»-ասում է Սեյրան Բալասանյանը` ավելացնելով, որ հարցն իր իրավասության սահմաններից արդեն դուրս է. դատական ատյաններն են զբաղվում հարցով: Անդրդվելի են նաեւ հանրակացարանում բնակվողները: Դուրս վտարելուց հետո Աննան որոշել է Կապանի քաղաքապետարանի դիմաց վրան դնել ու այնտեղ ապրել: Հեղնարն էլ ասում է, որ ինքը դուրս չի գալու: «Ուզում եմ տեսնեմ, ոնց են շպրտելու ինձ ու երեխաներիս: Մարդկայի՞ն է դա: Ավելի լավ է շպրտեն, մենք էլ մեռնենք, քան ապրենք»,- լացակումած նշեց Հեղնարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter