HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ծառատունկ Ռուբեն Մանգասարյանի հիշատակին

Լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի բարեկամները, ընկերները  եւ  ուսանողները կիրակի` մայիսի 3-ին նրա հայրենի Վաչագան գյուղում էին: Այցելության նպատակը Ռուբենի հիշատակին ծառատունկ կազմակերպելն էր: Անտառի  «Քոլ» կոչվող  տեղամասը Ռուբենի սիրած վայրն է եղել: Հաճախ էր լինում այստեղ ու լուսանկարում: 

«Խորհրդային տարիներին տուրիստական վայր է եղել, ու մարդիկ գալիս էին այստեղից Խուստուփ սարը տեսնելու: Հետո հայտնի պատճառներով, այս անտառավայրից ծառեր հատվեցին: Ռուբենը ամեն անգամ այստեղ գալուց անհանգստանում էր ամեն կտրված ծառի համար ու որոշել էր վերականգնել անտառը, ինչքան որ հնարավոր էր»,-ասում է Ռուբենի եղբայրը` Տիգրան Մանգասարյանը: Վերջինիս խոսքով, Ռուբենի կիսատ մնացած նախաձեռնությունն որոշեցին շարունակել նրա ընկերներն ու ուսանողները: Ու քանի որ Ռուբենի մահվան քառասունքի կապակցությամբ Կապանում էին, կյանքի կոչեցին Ռուբենի մտահղացումը:

caratunk-for-ruben

Կովկասյան լրատվամիջոցների իստիտուտում   ֆոտոլրագրության բաժին էր հիմնել ու մոտ 30 հոգու իր արվեստն է ուսանել: Թաթուլ Կարախանյանը հիշում է, որ անընդհատ այդ մտահղացման մասին էր խոսում Ռուբենը: «Ռուբենի գործը պիտի շարունակենք գործով, ոչ թե սգալով, նա ինքը  կենդանություն եւ ուրախություն էր սփռում շուրջը»,-ասում է Թաթուլը: Նա բազմիցս եղել է Սյունիքում, բայց Վաչագանում  առաջին անգամ է` իր ուսանող ընկերների հետ: Խոստովանում են, որ  տեղի բնությունը տեսնելով` «վերջապես հասկացանք, թե Ռուբենի  սուր տեսողությունը որտեղից է սերվել, որտեղից  բնության նկատմամբ նրա սերը»:

tatevik_simonyan

Մասնագիտությամբ դաշնակահարուհի Տաթեւիկ Սիմոնյանը այս տարվա մարտի 1-ին է ծանոթացել Ռուբենի հետ: 20 օր հետո ֆոտոլրագրողը հանկարծամահ է եղել: «Դժվար է խոսել անցյալ ժամանակով: Բարի մարդ էր, իր աչքերից երեւում էր: Երբ իմացա պատերազմների է մասնակցել, թեժ կետերից  ֆոտոներ է արել` զարմացա: Այդ թեմաներով արած նկարները տեսնելով համոզվեցի, որ  նրա   նուրբ բնավորությունը ակնհայտ է իր ստեղծագործություններում»,-ասում է Տաթեւիկը: Տաթեիկը նույնպես խառնվել էր Ռուբենի աշակերտներին ու լուսանկարում էր :

anna-tatul_040509

Ռուբենի մեկ այլ ուսանողուհի՝ Աննա Իսրայելյանի խոսքով, Ռուբենը իր համար առաջին հերթին կյանքի ուսուցիչ է եղել: Պատմում է, որ կյանքում փակ մարդ է եղել, բարի ժպիտ ուներ եւ միշտ ուրախ պահեր են վերհիշում, որովհետեւ կենսախինդ էր: «Մեքենան կարծես իր կյանքն էր, ամեն ինչ մեքենայում ուներ` սկսած սրճեփից մինչեւ ձկնորսական կարթեր եւ ուռկաններ: Իհարկե, նաեւ իր լուսանկարչական ապարատները»,-պատմում է Աննան: Սուրճն էլ իր ձեռքով էր պատրաստում` յուրահատուկ եղանակով, չէր թողնում, որ ուրիշը եփի: Աննան նաեւ հիշում է, որ ձկնորսության գնալիս` որդեր որսալն էլ տոն էր դարձնում, շահագրգռում ուսանողներին, որպեսզի ամեն մեկը շատ որդ հավաքի:

30_03-r_mangasaryan-2

«Հետո ձուկը բռնում էր, մեքենայում գազ ուներ, թավա, ձեթ լցնում էր մեջ, տեղում մաքրում, տապակում ու հենց գետի ափին ուտում էինք: Ասում էր, իսկական ձուկը սա է, թե չէ խանութից գնի, եւ այլն, եւ այլն…: Նա  մեզ ասում էր՝ ինչ անես կյանքում չմոռանաս ո՞վ ես դու, որտեղի՞ց ես և ու՞ր ես գնում: Ամեն քայլ անելիս` հարցրու ինքդ քեզ ու առաջ շարժվի: Այժմ, որ չկա մեր սիրելի ուսուցիչն ու ընկերը, ավելի են կարեւորվում այս խոսքերն ու մենք անպայման միշտ հիշելու ենք»,-աում է Աննան: Ռուբենի ընկերներն էլ քարերին նստած հուշեր էին պատմում: Կապանցի գեղանկարիչ, Ռուբենի հորաքրոջ տղան` Ռոբերտ Կամոյանը պատմում է, որ ամեն գյուղ գալուց` այստեղ` Քոլում էր լինում: Ռ. Կամոյանի խոսքով, Ռուբենը ճիշտ կողմնացույց պիտի լինի իր ընկերների համար: «Ուղեղով չէր մտածում, սրտով էր մտածում: Սրտի ռիթմը կապում էր տիեզերքի ռիթմի հետ, ոգեշնչվում էր,  հասկանում այդ դժվար ռիթմերը, ու հանգստություն սփռում շրջապատում: Անեկդոտներ էր միշտ պատմում այստեղ նստած ու քահ-քահ առաջինն ինքը ծիծաղում: Փառք Աստծուն, որ նման մարդու հետ հաղորդակցվելու բախտ եմ ունեցել»,-ասում է Ռ. Կամոյանը:

zxachikyan-amuradyan

«Կոլաժ» գործակալության տնօրեն Աշոտ Մուրադյանը հիշում է, որ  Ռուբիկը միշտ հպարտանում էր իր Խուստուփ սարով:  «Ռուբիկի հետ շատ ենք եկել այս վայրերը: Առաջին անգամ է, որ առանց Ռուբենի ենք եկել, այս գեղցեկությունը վայելում ենք առանց Ռուբենի: Կարծում եմ, մեր տնկած ծառերը նաև կդառնան Ռուբենի տնկած ծառերը, նաեւ նրա ցանկությունն էր սա»-ասաց Ա. Մուրադյանը: Ֆոտոլրագրող Զավեն Խաչիկյանը չգիտի ձեռնարկին ինչ անվանում կարելի է տալ: «Կարող էինք քաղաքում մեծ միջոցառում անել, բայց նախընտրեցինք գալ այստեղ, բնության մեջ, Խուստուփ սարի տակ հասկանալու մեր ընկերոջ կորուստը, վերհիշելու նրա հետ անցկացրած ճանապարհը»,-ասում է Զ. Խաչիկյանը:

tmangasaryan

Ծառատունկը Ռուբեն Մանգասարյանի միակ կիսատ մնացած մտահղացումը չէր, որ իրականության դարձավ: Ռուբենի եղբայրը՝  Տիգրանը ասաց, որ լուծվել է Կովկասյան լրատվամիջոցների իստիտուտում   ֆոտոլրագության դասընթացի հարցը: Այն կշարունակի վարել Ռ. Մանգասարյանի ուսանողներից մեկը` լուսանկարիչ Կարեն Միրզոյանը: «Շարունակելու ենք նաեւ տպագրել National Geographic Traveler հանդեսի հայաստանյան տարբերակը, որի հրատարակման իրավունքը  ձեռք  էր բերել Ռուբենը:  Երկու համար  Ռուբենի կենդանության օրոք է տպագրվել: Շուտով երրոդ համարը լույս կտեսնի» ,-ասաց Տ. Մանգասարյանը: Վերջինս անձամբ է համակարգում ամսագրի աշխատանքներն ու ասաց, որ այս համարում տեղ են գտել «Մեհրաբարև» ծրագրի շրջանակներում հայ ու թուրք լուսանկարիչների արած նկարները, Ղարս-Գյումրի ծրագրի  ու Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն առնչվող լուսանկարները: Միաժամանակ ամսագրում կլինեն  Ռուբեն Մանգասարյանի մասին` աշխարհի տարբեր անկյուներում ապրող նրա ընկերների խոսքերն ու հուշերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter