Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ` Էվա Բյոդեն ս.թ. մայիսի 6-8-ը առաջին անգամ կայցելի Հայաստան:
Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Ազգային ժողովի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա նաև կմասնակցի ՀՀ ԱԳՆ-ի կողմից համակարգվող հակաթրաֆիքինգային միջգերատեսչական խորհդի աշխատանքային խմբի հանդիպմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հատուկ ներկայացուցչի հանդիպումները կօգնեն խորացնել ու ամրապնդել Հայաստանում հակաթրաֆիքինգային դերակատարների համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, հստակեցնել այն ոլորտները, որտեղ ԵԱՀԿ-ի աջակցությունը և փորձը կարող է օգտակար լինել:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մյուս միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ աջակցում է Հայաստանի իշխանություններին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում, թրաֆիքինգի զոհերի պաշտպանության և աջակցության ապահովման մեխանիզմներ և հակաթրաֆիքինգային ռազմավարությունների մշակման հարցերում:
Գրասենյակի գործունեության ուշադրության կենտրոնում է ուղղորդման ազգային մեխանիզմի մշակումը և Հայաստանի իրավապահ կառույցների համար թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ վերապատրաստումը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ աշխատանքի և սոցիալ հարցերով նախարարության հետ սերտ համագործակցությամբ նախարարության տարածքում հիմնադրել է Թրաֆիքինգի զոհերի բարելավված պաշտպանության համար աջակցության և ռեսուրսային կենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել