HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փողոցների անվանակոչության հարցը ստվերում է թողել Շահումյանի իրական խնդիրները

hnavasardyan_040509Հանրապետության ամբողջ տարածքում դժվար, թե գտնվի մի գյուղապետ, որ իր աշխատած տարիներին գյուղի փողոցներից առնվազն մեկը չանվանակոչի իր ազգականներից մեկի անունով: Արմավիրի մարզի Շահումյան գյուղի գյուղապետն էլ բացառություն չէր եւ հենց տարեսկզբին իր նախաձեռնության պատճառով հայտնվեց ամբողջ մարզի ուշադրության կենտրոնում: Գյուղապետ Հարություն Նավասարդյանը Շահումյանի մի քանի փողոց անվանակոչել էր իր ազգականների անունով, ինչը տարաբնույթ խոսակցությունների առիթ էր հանդիսացել: Սակայն տարբեր կողմերից գյուղապետարանի վրա ճնշումներն այնքան մեծ էին, որ Հ. Նավասարդյանը ստիպված փողոցների անունները վերջերս փոխել է: «Ուրեմն ասեմ, որ Նավասարդյան Լեւոնն իմ պապիկն է, բայց փողոցը նրա անունով անվանակոչել էինք, ոչ թե որպես իմ պապիկ: Նավասարդյան Լեւոնը մոտ 30 տարի աշխատել է կոլխոզի նախագահ, 25 տարի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն է եղել: Բոլորի կողմից ճանաչված, հարգված, սիրված մեծ անձնավորություն էր: Իրոք արժանի մարդ է եղել, գյուղացու դարդով ապրող: Եթե ես էլ չլինեի գյուղապետ հաստատ առաջարկվելու էր, որ նրա անունով փողոց ունենար գյուղը: Եթե փողոցները պիտի համարակալվեն, ասենք համար առաջին, երկրորդ, երրորդ եւ այլն, ավելի լավ չի՞ փողոցն ունենա այն մարդու անունը, որն իրոք արժանի է եւ գյուղի համար մեծություն է: Մեկ էլ Մարտուն Պողոսյանի անունով ենք փողոց ունեցել` ինքն էլ դվայորնի հորողբերս ա: Մարտուն Պողոսյանն էլ 10 տարի գյուղապետ է աշխատել, պատիվ, հարգանք է ունեցել: Արդեն 7 տարի է մահացել է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Հարություն Նավասարդյանը: Գյուղապետին հարցրինք, եթե այդ մարդիկ իրոք մեծություն էին գյուղի համար ինչու՞ փողոցները նրանց անունով չմնացին: «Քանի որ օրենքի խախտումով էինք անվանակոչել փողոցները, ավագանու նոր նիստ արեցինք, իրենց հարազատներից ներողություն խնդրեցինք, որ նախկինում այդ փողոցները դրվել էին նրանց անուններով: Բոլորին ասել եմ, որ կառավարության որոշում եմ խախտել, որի իրավունքը ես չունեի, իհարկե, դիտավորյալ չէի խախտել: Այդ փողոցներն արդեն նրանց անունով չեն եւ չի էլ կարա լինի: Հիմա Լեւոն Նավասարդյանի անվան փողոցն անվանափոխվել է Աշոտ Նավասարդյանի անունով (ՀՀԿ-ի հիմնադիրն է,-հեղ.), որն իմ հետ որեւէ ազգակցական կապ չունի: Աշոտ Նավասարդյանն էլ հարգված քաղաքական գործիչ է եղել»,-ավելացրեց ՀՀԿ անդամ Հարություն Նավասարդյանը: Թեեւ փողոցն արդեն իր պապու անունով չէ, սակայն գյուղապետն այնքան էլ հանգիստ չի ընդունում այդ փաստը: «Ձեզանից մի բան եմ խնդրում, այցելեք ցանկացած շահումյանցու օջախ եւ հարց տվեք, թե ով է եղել Լեւոն Նավասարդյանը, այդ ժամանակ դուք կասեք ոչ թե պիտի փողոց լիներ Լեւոն Նավասարդյանի անունով, այլ ամբողջ գյուղը պիտի լիներ նրա անունով, որովհետեւ մեծատառով մարդ է եղել: Նույն Նավասարդյան Լեւոնի թոռը` Կարեն Հովհաննիսյանը, որն ապրում է Մոսկվայում, Շահումյան գյուղում եկեղեցի է հիմնում: Այդ եկեղեցին ոչ միայն շահումյանցու համար է կառուցվում, այլ ամբողջ հայ ազգի համար է: Կարեն Հովհաննիսյանն այդ եկեղեցին կառուցում է իր անցավորների պատիվը բարձր պահելու համար: Բա նման մարդկանց ո՞ց կարելի է արհամարել եւ ուշադրության կենտրոնից դուրս թողել»,-ավելացրեց Շահումյանի գյուղապետը: Հետեւելով գյուղապետի խորհրդին մի քանի շահումյանցուց հետաքրքրվեցինք, արդյո՞ք արդարացված էր գյուղապետի պապու եւ նրա մեկ այլ ազգականի անունով փողոց անվանակոչելը: Գյուղացիները խուսափում էին մեզ հետ այդ թեմայով զրուցել ասելով, թե  «տղա ջան դու գնացող ես, բայց մենք ամեն օր իրար երես ենք տենալու ու չենք ուզում դուշմանություն ընկնի մեր մեջ»: Միայն մի տարեց մարդ համարձակություն ունեցավ անունը նշել: «Ճիշտ է, Լեւոնը վատ մարդ չի եղել, բայց պետք չէր, որ հենց իրա թոռի գյուղապետ եղած ժամանակ փողոցն անվանակոչվեր նրա անունով: Հետո էլ նման հարցերում պիտի մեզ էլ գոնե շան տեղ դնեն, ասեն ըսենց բան ենք մտածել, գյուղացի եք, ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: Բայց մեզ բանի տեղ դրող չկա, իրանք իրանց նստում որոշում են, հետո էլ ասում են էս ա, ուզում եք ուզեք, չեք ուզում` մի ուզեք: Էդ հարցը հլա մի կողմ թող, հիմա մեռնել ապրելու տարի ա, ամեն օր խոսում են, որ կրիզիս ա, բա մեր մարզպետը սկի չի՞ մտածում իր մարզի ժողովրդի մասին, ասի հլա գնամ գյուղերը տենամ խեղճ գյուղացին ինչ խնդիր ունի: Մենակ մայրաքաղաքի մասին են առավոտից իրիկուն խոսում, բա գյուղացու մասին ո՞վ պիտի մտածի, թե մենք չորրորդ սորտի մարդ ենք»,-ասաց Գեւորգ պապը: Իրոք, այսօր Շահումյանում թիվ մեկ հարցն ամենեւին էլ փողոցների անվանակոչության հարցը չէ: Գյուղատնտեսական տարին արդեն սկսվել է եւ գյուղացիները չգիտեն, թե ինչպես են մշակելու իրենց հողամասերը, քանի որ գումարներ չունեն: «Գյուղի հիմնական խնդիրը գյուղացու վատ վիճակն է: Ինչի համար է վատ, որովհետեւ մեր գյուղում հիմնականում ցորեն են ցանում: Եթե հաշվարկենք, լավագույն դեպքում 1 հեկտար հողակտորից գյուղացին ստանում է մոտ 4 տոննա ցորեն եւ եթե դա էլ վաճառի կիլոգրամը 80-100 դրամով, ստացված գումարը հազիվ կատարած ծախսերը կհանի եւ եկամուտ չի ունենա: Իմ կարծիքով գյուղացին հողը մշակում եւ տեսնում է, որ եկամուտ չկա ու հուսախաբ է լինում: Գյուղացին այսօր իրոք անապահով է, դա է պատճառը, որ մեր գյուղի 20 տոկոսը գնում են արտագնա աշխատանքի եւ այդ ընտանիքների եկամուտը գոյանում է միայն դրսից ստացված գումարներից: Գյուղացիների որոշ մասն էլ անասնապահությամբ է զբաղվում: Հիմնականում հավի ճուտ են պահում, եւ ճտի վաճառքից ավելի շատ եկամուտ ունեն, քան իրենց մշակած հողամասից: Մի քանի տարի առաջ գյուղացու վիճակն ավելի ծանր էր, հիմա համետատած ավելի լավ է: Բայց մոտ մեկ տարի է արդեն զգացվում է, որ գյուղացու վիճակը վատացել է, դա էլ երեւի կախված է ճգնաժամից,-պատմեց Հ. Նավասարդյանն ու ավելացրեց. -Ցանկացած համայնք էլ խնդիր ունի, չկա մի համայնք, որ խնդիրներ չունենա, բայց աստիճանաբար երկիրը զարգանում է եւ շատ խնդիրներ լուծվել են: Օրինակ, նախորդ տարիներին ոռոգման ջրի խնդիր ունեինք, իսկ այս տարի այդ խնդիրը չունենք: Հիմա էլ խմելու ջրի խնդիր ունենք, բայց ոչ ուրիշ համայնքների նման` մեզ մոտ մի քիչ վիճակը բարվոք է: Ջրի խողովակները մոտ 60 տարվա են, աստիճանաբար կոռոզիայի են ենթարկվել եւ վերանորոգման խիստ կարիք է զգացվում»: Նշենք, որ Շահումյանում վարելահողերը 180 հեկտար են կազմում, որից միայն 80 հեկտարն է մշակվել: Գյուղապետի ասելով, հող չմշակելու հիմնական պատճառն այն է, որ գյուղացին գումար չունի հողը պարարտացնելու, հողի, ջրի վարձերը վճարելու համար, ինչպես նաեւ տեխնիկա չկա: «Ձեր համար պարզ չի, եթե հողից գյուղացին եկամուտ ստանար, հաստատ ազատ հողամաս չէր մնա: Գյուղում ամենաշատը ես եմ զբաղվում հողագործությամբ»-ասաց Հ. Նավասարդյանը: Նշենք, որ նա  2 հեկտար պոմիդորի եւ 6 հեկտարից ավելի էլ ցորենի ցանքատարածություն ունի: «Անձնական 6 հազար մետր հողամաս ունեմ: Իմ մշակած հողերը գյուղացու հողերն են, իրանք չեն մշակում, տալիս են ինձ ասում են դու մշակի, մեր հող ու ջրի վարձն էլ տուր»,-ավելացրեց գյուղապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter