Դպրոցը գործում է առանց ջրի եւ զուգարանի
Էջմիածնի Երվանդ Օտյանի անունը կրող թիվ 7 միջնակարգ դպրոցը քաղաքի երբեմնի լավագույն կրթօջախներից էր: Թե տարածքով, թե աշակերտների թվով և, թե` բարձր որակավորում ունեցող ուսուցիչներով ու շրջանավարտներով միշտ աչքի է ընկել նաև հանրապետությունում: Այստեղ են անցկացվել ոչ միայն հանրապետական նշանակության առարկայական բազմաթիվ օլիմպիադաներ, այլև` սպորտային առաջնություններ:
Շնորհիվ որակյալ ու հարուստ խոտածածկույթի, դպրոցի մարզադաշտը դարձել էր ֆուտբոլի պատանեկան խաղերի, իսկ փակ մարզադահլիճը` բասկետբոլի ու վոլեյբոլի առաջնությունների անցկացման վայր: Մեծ, գեղեցիկ ու հարմարավետ էր նաև հանդիսությունների սրահը, որտեղ, քաղաքի նախկին ղեկավարները, ժամանակին հյուրընկալում էին նշանավոր մարդկանց:
Այդ ամենը սակայն անցյալում է. Երբեմնի պարծանք մարզադաշտը դպրոցի հարևանությամբ բնակվողները «խեղդել» են անասնագոմերի, ավտոտնակների ու այլ անհասկանալի շինությունների մեջ:
Ուշադրությունից դուրս մնացած 50-ամյա դպրոցն անհիշելի ժամանակներից չվերանորոգվելով կորցնում է նաև հանդիսությունների սրահը. դպրոցի երկու մասնաշենքերի միջև գտնվող, 300 տեղանոց դահլիճի դուռը կրթօջախի ղեկավարությունն ամուր կողպել է, որովհետև թեթև ցնցումից բացված պատերն ու առաստաղը կարող են փուլ գալ:
Բայց սա դեռ ամենը չէ. դպրոցը զրկվել է նաև ամենատարրական պայմաններից. կոյուղու և ջրի խողովակների խափանման պատճառով արդեն չորս տարի է կրթօջախը ջուր չունի: Ջրի բացակայությամբ պայմանավորված քաղաքի հակահամաճարակային տեսչությունն արգելել է ճաշարանի գործունեությունը. երեխաները ստիպված սնվում են դրսում`օգտվելով հարևանությամբ գտնվող խանութից:
Դպրոցում չեն գործում նաեւ զուգարանները: Իրենց բնական կարիքները հոգալու համար աշակերտները ստիպված թակում են դպրոցի հարեւանությամբ գտնվող տների դռները:
6-րդ դասարանցի Արմեն Մարգարյանն ուշացել էր 4-րդ դասից. «Հարևանը խանութ էր գնացել, մինչև եկավ` ահագին սպասեցի, դրա համար էլ ուշացա…»,-ասաց Արմենը:
Արփինե Բալջյանը, ում երեխան նույնպես այս դպրոցի սան է, ըմբռնումով է մոտենում աշակերտների հաճախակի այցին:
«Բա ի՞նչ անեմ, երեխաներ են, բնական կարիք ունեն, ո՞նց կարամ արգելեմ…Մեկն էլ իմ երեխան. մեկ էլ տեսար` դասարանցիներով եկան, ասեմ` մի օգտվեք մեր զուգարանից… Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են դպրոցի համար: Բա երեխեքը մեղք չե՞ն: Ճիշտ է` մեր տունը դպրոցին մոտ է, բայց հասնելու համար մեծ փողոց են կտրում-անցնում. եթե մի բան պատահի` ո՞վ է պատասխան տալու»-ասաց տիկին Արփինեն:
Դպրոցի տնօրեն Ազատ Տեր-Սարգսյանին ևս անհանգստացնում են ստեղծված անհարմարությունները:
«Մաշված է դպրոցը սպասարկող Իսակով փողոցի կոյուղին ամբողջությամբ: Մինչև չվերանորոգվի, խնդիրը չի լուծվի: Դրան տեղյակ է թե Արմավիրի մարզպետարանը, թե` ջրմուղ կոյուղու ղեկավարությունը: Խոստացել են այս տարի անպայման վերանորոգել»,- ասում է Ա.Տեր-Ստեփանյանը:
Լավ ավանդույթներ ու բարի համբավ ունեցող 7-րդ դպրոցի մասին հիմա անցյալ կատարյալով են խոսում: Դպրոցի նախկին շրջանավարտներն անգամ իրենց երեխաներին ուրիշ դպրոցներ են տանում` հեռու պահելով տարրական պայմաններց զուրկ, օր-օրի քանդվող կրթօջախի անհարմարություններց:
Ծնողների զգուշավորությունը կտրուկ նվազեցրել է աշակերտների թիվը: Արդեն 4-րդ տարին է` ժամանակին 1500 աշակերտ ունեցող դպրոցում նույնիսկ լիարժեք 1-ին դասարան չի հավաքվում: Երեխաներն այնքան քիչ են, որ դասամիջոցներին նույնիսկ աղմուկ չի լինում:
«Նրանց թվի կրճատումը կրճատեց նաև դպրոցի ծախսերի համար տրվող գումարը: Եթե նախկինում կարողանում էինք այդ գումարով գոնե թեթևակի վերանորոգումներ իրականացնել, հիմա դրանից էլ ենք զրկվել»,-ասաց տնօրենը:
Այս դպրոցում դասասենյակների կոտրված դռները փոխարինել են պոլիէթիլենով, իսկ պատերի ճաքերը սքողել նկարների ու ստենդների տակ:
Պարծենալու միակ առարկան համակարգչային դասարանն էր, այն էլ բոլորովին վերջերս, անզգուշության պատճառով հրդեհի բաժին դառավ:
7-րդ միջնակարգի տարբեր տարիների շրջանավարտները տարբեր ժամանակաշրջաններում Էջմիածնի մի շարք ղեկավար պաշտոններ են զբաղեցրել,որոնց պարբեբաբար տեղեկացվել է դպրոցի օր-օրի վատթարացող ֆիզիկական վիճակի մասին:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել