Վարդան Օսկանյանի գրքի շնորհանդեսը` Ստեփանակերտում
Այսօր Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար, այժմ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Գիրքը, որում զետեղված են նախկին արտգործնախարարի ելույթները, ամփոփում է նրա դիվանագիտական 10-ամյա աշխատանքը: Գիրքը տպագրվել է նաեւ անգլերեն լեզվով, որը, Վարդան Օսկանյանի հավաստմամբ, բովանդակային առումով շուրջ 80 տոկոսով համապատասխանում է հայերեն տարբերակին: Ելույթների ընտրանում շոշափվում են ոչ միայն արտաքին քաղաքականությանը, այլեւ ներքաղաքական իրավիճակին, ժողովրդավարական գործընթացներին, մարդու իրավունքներին վերաբերող հարցեր:
«Եթե Ստեփանակերտում այս գրքի շնորհանդեսը չանեի` ինչ-որ մի բան պակաս էր մնալու, որովհետեւ նախ զգացական առումով ես շատ կապված եմ այստեղի եւ մարդկանց, եւ ժողովրդին, եւ հողին, եւ նաեւ գրքի բովանդակության ստվար հատվածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին: Այնպես, որ սա անհրաժեշտություն էր»,-այս միտքն իր խոսքում ընդգծեց Վարդան Օսկանյանը, ավելացնելով, որ գիրք տպագրելու գաղափարը ծնվեց պատմության առաջ իր պարտավորության զգացումից: «Որոշեցի այս ելույթները համատեղել մի գրքի մեջ եւ ներկայացնել մեր հանրությանը, սերունդներին, որովհետեւ դրանց մեջ հստակ ուրվագծվում է 10 տարիների` մեր կողմից վարված արտաքին քաղաքականությունը»,-հավելեց նա:
Վ.Օսկանյանը նաեւ տեղեկացրեց, որ երկրորդ գիրքն է պատրաստվում հրատարակել, որտեղ հիմնականում վերլուծական, նկարագրական հուշերի ձեւով են ներկայացվելու իրադարձություններն ու զարգացումները: «Դա նույնպես անհրաժեշտ է, որովհետեւ շատ բան կա, որ փաստաթղթային տեսք չի ստանում, արխիվներում չեն մնում, այլ մնում են միայն նախագահների, արտգործնախարարների մտքերում: Իսկապես պարտավորություն ունենք դրանք դնել թղթի վրա եւ լինել ազնիվ ու անկեղծ` հնարավորինս առանց զոհելու մեր ազգային անվտանգության խնդիրները»,-նշեց նախկին նախարարը: Նա միաժամանակ խոստացավ, որ երկրորդ գրքի շնորհադեսը եւս կլինի Արցախում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել