HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Փոստանջյանը Հայաստանի հարցով ԵԽ զեկուցողներին մեղադրում է կողմնապահության մեջ

Զարուհի Փոստանջյանն այսօր Հայացք ակումբում ներկայացրեց իր գործունեությունը ԵԽԽՎ-ում` առաջին անգամ ներկայանալով որպես ԵԽԽՎ-ի պատվիրակ: Ինչպես տեղեկացրեց պատգամավորը, իրեն հրավիրել են մասնակցելու նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովի փակ նիստին, որտեղ ընդամենը 20 րոպե է տրամադրվել Հայաստանի հարցին. «Խոսեց Դավիթ Հարությունյանը, ով ներկայացրեց մեր իշխանությունների կողմից իբրեւ կատարված աշխատանքները դրական իմաստով, ինձ էլ իրավունք տվեցին խոսելու` 5 րոպե: Իհարկե, իմ եւ պրն Հարությունյանի կարծիքները բացարձակ տարբեր էին»: Զարուհի Փոստանջյանն իր հետ տարել էր նաեւ մի շարք փաստաթղթեր` ներկայացրած տեսակետները հիմնավորելու համար. «Իմ ելույթին հակադարձեց պրն Պրեսկոտը, երեւի իրեն դուր չեկավ ելույթս, որտեղ ես ասում էի` թեպետ օրենսդրությունը բարելավվել է` Քր.օր.-ի 225 եւ 300 հոդվածները, բայց դա հարցի լուծում չէ, եւ շուրջ 55-56 մարդ այս պահին էլ ապօրինի գտնվում են կալանքի տակ»: Զարուհի Փոստանջյանն իր ելույթում նշեց նաեւ, որ թեեւ Վենետիկի հանձնաժողովը դրական գնահատական էր տվել «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ կազմակերպելու մասին» օրենքին, բայց այսօր էլ Հայաստանում երթեր, ցույցեր, հանրահավաքներ ընդդիմությունը չի կարողանում իրականացնել, այսինքն` օրենքը չի անդրադառնում սպառողների կյանքի վրա: Ըստ պատգամավորի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը հակադարձել է եւ նշել, որ դրական տեղաշարժեր կան եւ ավելացրել, թե քանի որ իշխանության զավթման փորձ է եղել, ապա դա պետք է քննվի: «Բայց ես հետո առանձին հանդիպեցի Կոլոմբիեին, խոսել եմ եւ ասել, որ ՀՀ քաղաքացիները ունեն հնարավորություն եւ օգտվելու են դրանից, Ձեր ընտրողներին նամակներ են հղելու, ըստ որի հնարավոր է` Դուք կողմնակալ եք Ձեր զեկույցներում եւ մոտեցումներում»,- ասաց Փոստանջյանը: Ըստ նրա` ԵԽ մարդու իրավունքի հանձնակատար Թոմաս Համմարբերգը նշել է, որ իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը համաներումն է. «Նա նաեւ նշեց, որ 7-ի գործում լուրջ ապացույցներ գոյություն չունեն, եւ ինքը չի առնչվել որեւէ ապացույցի, որը կարող էր իրատեսական անդրադառնալ մեղադրանքին»: Պատգամավորն ընդգծեց, որ եթե իշխանությունները գործուն միջոցներ չձեռնարկեն, ապա ինքը հնարավոր է օգտվի իր լիազորություններից, որը թույլ է տալիս հրաժարվել Պրեսկոտ-Կոլոմբիեի ծառայություններից. «Չնայած երկու զեկույց կար, օրինակ` Մարդու իրավունքները արտակարգ իրավիճակներում, որտեղ Հայաստանի իշխանությունները լուրջ քննադատվել են, եւ բավականին լուրջ անդրադարձ կար մեր իրավիճակին, ուստի եթե ասենք, որ այսօր օրակարգում Հայաստանի հարցը չկա, այնուամենայնիվ, զեկույցների մեջ Հայաստանի հարցը շոշափվում է»: Ըստ Զարուհի Փոստանջյանի` մենք դեռ փակուղային իրավիճակից դուրս չենք եկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter