HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Պատգամավորների համարձակությունը կարճ տեւեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԼՂՀ Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել արտգործնախարարին` կապված ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների հետ: Խոսվել է նույնիսկ Հայաստանին` Ղարաբաղի անունից բանակցելու համար պատասխանատվության ենթարկելու մասին: Նիստում հնչած հայտարարությունների շարունակությունը, թերեւս եղավ այն, որ պատգամավորները, մեր տվյալներով, շուրջ 20 հոգի, հանդես են եկել նախաձեռնությամբ` այսօր արտահերթ նիստ հրավիրելու համար, եւ ներկայացրել քննարկվելիք հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագծում, մեր տեղեկությունների համաձայն, հիմնականում նշված է, որ ղարաբաղյան կողմը չի կարող պարտավորություն ստանձնել առանց իր մասնակցության ձեռք բերված ցանկացած պայմանավորվածության կամ համաձայնագրի համար, ղարաբաղյան կողմը ոչ մեկին չի լիազորել ներկայացնելու իր շահերը եւ որ ժամանակն է, որ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջեւ կնքվի միջպետական պայմանագիր` ռազմավարական գործընկերության մասին: Սակայն այսօր պարզ դարձավ, որ այդ 20 պատգամավորներից մոտ 11-ը «հետ են կանգնել» իրենց որոշումից: Դրանք հիմնականում «Հայրենիք» խմբակցության, «Արցախատուն» պատգամավորական խմբի պատգամավորներն են, որոնց որակմամբ, «ստորագրությունները սառեցվել են»: Պատճառները փորձեցինք ճշտել նշված պատգամավորներից: Օրինակ «Արցախատուն» խմբի ղեկավար Գարիկ Գրիգորյանը մեր այն հարցին, թե ինչու է «հետ վերցրել» իր ստորագրությունը, նա նշել է, որ պատճառ չկա: Խմբի մեկ այլ պատգամավոր Ռուդոլֆ Մարտիրոսյանի խոսքերով, ստորագրությունը (որն ի դեպ կա այն ձեւաթղթում, որում առաջարկվում է այսօր արտահերթ նիստ գումարել) «սառեցվել է» այն պատճառով, որ գտնում է, որ այդ հարցի քննարկումն ավելի լիարժեք կլինի, եթե մասնակցություն ունենան նաեւ ՀՀ արտգործնախարարը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը եւ այլն: Իսկ սկզբից ստորագրումը պատգամավորի հիմնավորմամբ` «քաղաքական ակտիվության արդյունք էր»: «Հայրենիք» խմբակցության անդամ Արպատ Ավանեսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ խմբակցության պատգամավորները որոշել են գործընթացը «սառեցնել», սակայն պատճառը նա չի ասել` հիմնավորելով, որ այն պետք է խմբակցության ղեկավարը հայտնի: Իսկ խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը սկզբից ստորագրելու պատճառը հիմնավորել է նրանով, որ նախաձեռնության հեղինակներից մեկը պատգամավոր Վիտալի Բալասանյանն էր, որը նաեւ նախագահի խորհրդականն է: Այդ ամենը հաշվի առնելով, ըստ Արթուր Թովմասյանի, իրենց թվացել է, թե նախագահի «համաձայնությունը» կա եւ որոշել են ստորագրել, սակայն հետո ինչ-որ «պարզաբանումներից» հետո հակառակ որոշումն են կայացրել: Նա նաեւ հիշեցրել է, որ մայիսի 9-ի Եռատոն է նշվելու եւ նպատակահարմար չեն գտել հիմա այդ հարցը քննարկել, ու կարող են դրան անդրադառնալ ցանկացած այլ ժամանակ: ««Ազատ Հայրենիք» կուսակցությունը վստահում է նախագահ Բակո Սահակյանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականությանը»,-հատուկ շեշտել է Արթուր Թովմասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter