HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վարդան Օսկանյան. «Մենք մտել ենք մի այնպիսի գործընթացի մեջ, որի վրա ազդեցությունն ու վերահսկողությունն արդեն կորցրել ենք»

«Սկսել էինք Ղարաբաղյան հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու ամրագրված սկզբունքից, ավարտել արդեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքով»,-այսպես է բնութագրել այսօր Վարդան Օսկանյանը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ձեռքբերումը` իր «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսի ժամանակ: «Ինչքան էլ մադրիդյան փաստաթուղթը իր մեջ պարունակում է բազմաթիվ հարցեր, որոնք մեզ համար թերեւս անընդունելի են եւ պետք է դեռ աշխատել ու քննարկել, բայց մի սկզբունքի հարցով ես գոնե հանգիստ եմ զգում, որ առաջին անգամ փաստաթղթային տեսք ստացավ այն, ինչին մենք ձգտել ենք` սեւով սպիտակի վրա նշվում է, որ Լեռնային Ղարաբաղն ինքը պիտի որոշի իր ճակատագիրը` ինքնորոշման իրավունքի հիման վրա»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը: Նախկին արտգործնախարարի խոսքերով, «այն, ինչ այսօր կա փաստաթղթային տեսքով, լավ հիմք է ծառայում հասնելու նրան, ինչին որ ձգտել  ենք` Լեռնային Ղարաբաղի ամբողջական ինքնորոշմանը»: Նա նաեւ շարունակել է, որ փաստաթուղթն առնվազն լավ հիմք է տալիս ցանկացած պահի, եթե ճիշտ դիվանագիտություն վարվի, դիվանագիտորեն միշտ գտնվել բարենպաստ իրավիճակում: Ներկաների խնդրանքով, Վ.Օսկանյանն անդրադարձել է նաեւ տարածքների թեմային: Նա տեղեկացրել է, որ բանակցություններում միշտ էլ առկա էր տարածքների հարցը: «Կարգավորման գործընթացում առանց այդ տարածքները ընդհանուր բանաձեւի մաս դարձնելու ուղղակի հնարավոր չի բանակցել: Կամ ընդհանրապես չպիտի բանակցել, կամ, եթե բանակցությունների մեջ ես` բնականաբար առնչվում ես այդ հարցերի հետ»,-շեշտել է նա: Վարդան Օսկանյանը խոսել է նաեւ տարածաշրջանային ներկա զարգացումներից, որոնցից մտահոգիչը թերեւս համարում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում տեղ գտած զարգացումները: Նրա համոզմամբ, հայ-թուրքական օրակարգում այսօր Լեռնային Ղարաբաղի հարց չկա եւ չի եղել, սակայն, ըստ նրա, «մեզանից անկախ այսօր այդ առնչությունները ստեղծվել են», ինչում էլ վտանգ է տեսնում պարոն Օսկանյանը: «Ճիշտ է մեր իշխանությունները երբեք չեն գնա նրան, որ թուրքերի հետ Ղարաբաղի հարց քննարկեն, բայց մենք մտել ենք մի այնպիսի գործընթացի մեջ, որի վրա ազդեցությունն ու վերահսկողությունն արդեն կորցրել ենք»,-այս կարծիքին է Վ.Օսկանյանը, ով գտնում է, որ ապրիլի 22-ին հայտարարված համաձայնությունից հետո Թուրքիան «ուզում է Ղարաբաղի հարցում եւս ինչ-որ մի բան ստանալ, որպեսզի բացեն սահմանը եւ ադրբեջանական կողմը դժգոհ չլինի»: «Մեր դիվանագիտության հիմնական թերացումն այսօր կայանում է նրանում, որ այն գործընթացը, որ կար եւ շարունակվում է այսօր, գաղտնի բանակցություններից վերածեցին հրապարակայինի: Երբ բանակցությունները գաղտնի էին` թուրքերը հնարավորություն չունեին ոչ բովանդակությունը, ոչ գործընթացը շահարկել, այսօր, երբ հրապարակային, եւ բոլորը հետաքրքրություն են ցուցաբերում, այդ ամենը մեր օգտին չի: Թուրքերի` գործընթացը շահարկելու քաղաքականությունը շատ ավելի արդյունավետ է»,-ավելացրեց նախկին արտգործնախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter