HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հալավարում դեռ սպասում են 2 տարի առաջ խոստացված փոխհատուցմանը

Հալավարը Լոռու մարզի այն 20 գյուղերից է, որոնք դեռեւս երկու տարի առաջ ամռանը կարկտահարվելով՝ մինչեւ հիմա սպասում են Կառավարության խոստացած օգնությանը: 2007 թ. կարկուտից տուժած հալավարցիները հիշում են, որ աղետից հետո գյուղ եկան Լոռու մարզպետարանի մասնագետներից կազմված հանձնաժողովականները, իրենց սեփական աչքերով տեսան աղետից քարուքանդ եղած հողամասերը, արձանագրություն կազմեցին՝ խոստանալով Կառավարության տարերային աղետից տրվող փոխհատուցումից բաժին հանել նաեւ իրենց:

Անցել է երկու տարի, եւ սպասելուց հոգնած հալավարցիներն արդեն սկսել են բողոքելով պահանջել իրենց խոստացված կարտոֆիլը: Դիմելով Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին՝ հալավարցիները զարմացել ու կարկամել են նրա պատասխանից: Մարզպետը գյուղի բնակիչների գրավոր նամակին պատասխանել է, թե համայնքապետերի եւ ազգաբնակչության մեծամասնության խնդրանքով եւ պահանջով առաջարկվել է, որպեսզի վնասների փոխհատուցման փոխարեն մարզի բոլոր համայնքներում տեղադրվեն հակակարկտային կայաններ: Հալավարում որեւէ գյուղացի այդպես էլ չհիշեց, թե ով կամ ովքեր են իրենց անունից նման խնդրանք-պահանջով դիմել մարզպետին: «Բայց ո՞ր գյուղացու խնդրանքով»,- հարցնում է հալավարցի Տրդատ Իսմայիլյանը: Նա, ինչպես իր հարեւանները, նման նամակ չի գրել: Փոխարենը տեղյակ է այն ցուցակից, որը կազմվել է աղետից հետո. «Իմ անվան դիմաց գրված էր 310.000 դրամի օգնություն, համայնքապետարանում են ցույց տվել, բայց հետո համայնքապետն ասեց, որ չեն փոխանցելու, փոխարենը կարկտակայան են տեղադրելու»,- ասում է Տ. Իսմայիլյանը: Համայնքապետ Սարգիս Հակոբջանյանն ավելի անտեղյակ է: Նա ասում է, թե ինքը կարկտահարության վնասը փոխհատուցելու փոխարեն հակակարկտային կայան տեղադրելու առաջարկով մարզպետին չի էլ դիմել: «Դրա հետ կապված գյուղում կազմակերպվել է ստորագրահավաք եւ դիմել են մարզպետին, ես ըսենց գիտեմ: Իրենք մտածում են, թե պետությունը տվել է այդ գումարը, ես հրաժարվել եմ, բայց ես նման դիմում չեմ ներկայացրել»,- համագյուղացիներին նկատի ունենալով` ասում է համայնքապետը: Ստացվում է, որ համայնքապետը մարզպետին նամակ չի գրել, բայց դա չի խանգարել մարզային իշխանություններին՝ նման պատասխանով փակել փոխհատուցման թեման՝ ավելի կարեւոր հարցի լուծում տալու նպատակով: Ավելի կարեւոր հարցը, փաստորեն, հակակարկտային կայանի տեղադրումն է:

Կարկտահարությունից տուժածներին փոխհատուցման փոխարեն հակակարկտակայան են խոստանում

Չնայած փոխհատուցման եւ հակակարկտային կայանների տեղադրման գործընթացը միմյանց հետ կապ չունեցող ծրագրեր են, այդուհանդերձ, անցել է երկու տարի, բայց Լոռու մարզի եւ ոչ մի բնակավայրում հակակարկտային կայան չի տեղադրվել: Մարզպետ Արամ Քոչարյանը կարծում է, որ հենց կարկուտից տուժած համայնքներն են որոշել փոխհատուցման փոխարեն ավելի համակարգված լուծել խնդիրը՝ կարկուտից պաշտպանվելու համար հրաժարվել օգնությունից եւ դրա համար նախատեսված գումարները հատկացնել կայանների տեղադրմանը: «Համայնքների ղեկավարներն ըմբռնումով մոտենալով՝ հասկացան, որ ավելի լավ է կառավարությունից ակնկալիք չունենան, ընդհակառակը՝ գլոբալ ծրագրերի մասին մտածեն եւ խնդրեն հակակարկտային կայանների միջոցով բացառել կարկտահարության դեպքերը տարածաշրջանում»,- նկատում է Քոչարյանը: Բայց այն հարցի շուրջ, ըստ որի Հալավար համայնքը նման խնդրանքով չի դիմել, ուստիեւ հալավարցիներին պետք է հատկացնեին կառավարության օգնությունը, մարզպետն իր տեսակետն ունի: Նա ասում է, թե Հալավարի վնասը չի գերազանցում 50 %-ը, իսկ դա նշանակում է, որ գյուղը չպետք է օգտվեր փոխհատուցումից: Այս տրամաբանությամբ` 2007 թ. կարկտահարությունից տուժած 23 համայնքներից փոխհատուցում է ստացել 3-ը: Մարզպետը կարծում է, թե կարեւորը կայանների միոջոցով աղետների հետեւանքներից վերջնականապես ազատվելն է, քան ամեն տարի գյուղացուն օգնություն հատկացնելը: Ըստ պրն Քոչարյանի` ՀՀ կառավարությունը կայանների տեղադրման ծրագիր ունի, համաձայն որի հանրապետության մարզերում կայաններ կտեղադրվեն մեկ տարի հետո՝ 2010 թ., այն էլ՝ դրանց կարիքն ունեցող ոչ բոլոր համայնքներում: Ըստ ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի 1253-Ն որոշման` մարզերում գազագեներատորային կայանների տեղադրումը մեկնարկելու էր 2008 թ.-ից: Լոռիում դրանք տեղադրվելու են 2010 թ.-ից: Նախատեսվում է տեղադրել 24 կայան, որի համար պետական միջոցներից կհատկացվի 120 մլն դրամ: Կառավարության հատկացրած փոխհատուցման եւ հակակարկտային կայանների տեղադրման ծրագրերը ֆինանսավորման տարբեր աղբյուրներ ունեն, եւ մեկը մյուսով փոխարինելը տրամաբանական չէ: Կառավարությունն ամեն տարի տարերային աղետներից տուժած համայնքներին փոխհատուցում է կորցրած բերքը՝ մարզպետարաններից ստանալով տեղեկություններ տուժած համայնքների մասին, իսկ հակակարկտային կայանների տեղադրման վերաբերյալ Կառավարությունն այլ ծրագիր ունի, որը Լոռիում չի իրականացվել: Ավելին, Կառավարության ծրագրի համաձայն` կայանների տեղադրումը Լոռիում պետք է մեկնարկի 2009 թ.-ին, այսինքն` Հալավարի կարկտահարությունից 2 տարի հետո: Հալավարցիները դեմ չեն կայանների տեղադրմանը, սակայն չեն էլ ուզում պատկերացնել, թե իրենց հաշվին պետք է այն տեղադրվի: «Առանց ավագանու նիստի, առանց մեր կարծիքը հարցնելու են նման որոշում կայացրել: Գոնե իմանայինք, թե ինչ ենք անելու»,- ասում է հալավարցի Գեղեցիկ Հովհաննիսյանը` մինչ այժմ զարմանալով, թե այդ որ համագյուղացին է նման առաջարկ արել մարզպետին: Նրանց հարցուփորձին այդպես էլ որեւէ մեկը վերջնական պատասխան չի տվել: Համայնքապետն էլ ասում է, թե ինքն ընդամենը տեղեկատվություն փոխանցողն է, ու եթե հալավարցիները կարող են 2 տարի անց պահանջել ու ստանալ իրենց բաժին օգնությունը, ինքը նրանց կողքին կկանգնի: Երկու տարի առաջվա կարկտահարությունը առանց այն էլ ամայի Հալավարն ավելի ծանր դրության մեջ է դրել: Հալավարցի Արթուր Թումանյանը պատմում է, որ արդեն երկու տարի է կարտոֆիլը չի աճում, 10 հա խոտհարքից այլեւս նորմալ խոտ էլ դուրս չի գալիս, «տակից եսիմ ինչ ա դուրս գալիս, հաստացած ա, էլ մեխանիզմը չի հնձում»: Ոչ պիտանի դարձած խոտհարքի տերն անցած տարի 80.000 դրամ է ծախսել 30-40 տոննա խոտ գնելու համար: «Հա՛մ խոտհարքի փողը տամ, հա՛մ չհնձեմ, հիմա էլ խոտ առնե՞մ, կարտոշկա, լոբի, սաղ փչացավ»,- բողոքում է Արթուրը:

«Ու նրանք որոշում են իմ հարցերը»

Հալավարցին միայն փչացած բերքից չի դժգոհում: Կառավարության ուշադրությունն այս գյուղ չի հասել: Վանաձորից ընդամենը 21 կմ հեռավորության վրա գտնվող գյուղն աշխարհից ու քաղաքակրթությունից օտարացած է: Հալավարը նախկինում ադրբեջանաբնակ գյուղ էր: Ղարաբաղյան պատերազմից հետո գյուղը վերաբնակեցվեց Վանաձորի ու հարակից գուղերի բնակիչներով: Գյուղը ո՛չ դպրոց ունի, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ բուժկետ, գրադարանի ու մշակույթի կենտրոնի մասին խոսելն ավելորդ է: Գյուղի պատիվը հյուրի առջեւ քիչ թե շատ բարձր է պահում համայնքապետարանի նորոգված շենքը` իր մաշված եռագույն դրոշով: Եռագույնը համայնքապետարանի գոյության միակ վկայությունն է: Այդ մասին որեւէ ցուցանակ կամ որեւէ պաստառ ու տեղեկատվական թերթիկ չկա: Պատերը դատարկ են, դուռն էլ` կողպված: Մեր այցելության օրը համայնքապետը գյուղում չէր: Իր ասելով՝ գյուղի գործերով քաղաք էր գնացել, ուստի նրա հետ հանդիպումը կայացավ քաղաքում՝ Վանաձորում: Մինչդեռ համայնքապետարանի մյուս աշխատողները նույնպես տեղում չէին: Համայնքապետ Հակոբջանյանը դա բացատրում է աշխատողների՝ տարբեր բնակավայրերում բնակվելու հանգամանքով: Հալավարցի է միայն քարտուղարը: Գյուղացիներից ոմանք դժգոհ են նաեւ համայնքապետից ու նրա աշխատակազմից: «Ի՞նչ բաց, եկար տեսար՝ բա՞ց ա, իրան պետք ա, գալիս` բացում ա: Էս 8 տարի բղավում եմ, որ ժողով անեն, մեր խնդիրները բարձրաձայնեն, լսող չկա»,- բողոքում է Գեղեցիկ Հովհաննիսյանը: 04_05-rosaՆրանք գյուղի առաջնային խնդիրներից են համարում փոխադրամիջոց ունենալը: Վանաձոր գալու համար հալավարցին ստիպված է ոտքով կտրել-անցնել քարուքանդ 7 կմ ճանապարհը՝ հասնելու Լեռնապատ գյուղ՝ այնտեղի ավտոբուսով Վանաձոր մեկնելու համար: «Գյուղում Տրդատը ավտո ունի, մենք, մեկն էլ «Երազ» ուներ, էս ժողովրդին իրենց ավտոյով տանում էին, էն էլ փչացավ»,- բացատրում է 69-ամյա Ռոզա Թումանյանը՝ նկատելով, թե սեփական փոխադրամիջոց չունեցողների «երեսը կաշի» չի ու ամեն առիթի չեն կարող հարեւանին խնդրել քաղաք հասցնել: Համայնքապետի կարծիքով` գյուղին ավտոբուս պետք չէ: «Սխալ են դժգոհում, ես եմ իմ ավտոյով տարել, շաբաթվա մեջ եթե պայմանավորվում ենք, որ 2 օր պիտի աշխատի` նստող չկա, ընչով պատահի գնացել են»: Գյուղում քիչ մարդ է ապրում՝ մոտ 25 ընտանիք, սակայն գրանցված բնակչության թիվը 220 է: Մնացածը բնակվում են մոտ գյուղերում եւ Վանաձորում: Ինչպես հալավարցիներն են ասում, իրենց գյուղը ծերանոց է: Բնակչության գերակշիռ մասը տարեցներ են, որոնց ընտանիքի երիտասարդ անդամներն ապրում են այլ տեղերում: Այս է պատճառը, որ գյուղում ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ` մանկապարտեզ: «Ըստեղ բոլորն էլ հող են ունեցել, բայց փախան, փախան հողի հարկից, դպրոց չունենալուց, ավտոբուսից»,- դժգոհում է գյուղի բնակիչներից Էմմա Ղազարյանը: Հալավարցիները հարկերը վճարում են ավելի քան 80 %-ով: Այս տարվա բյուջեն Հալավարի հինգ հոգուց բաղկացած ավագանին հաստատել է 4.5 միլիոն դրամ, որից 2 մլն դրամը պետական բյուջեից տրվող հավելավճարն է: Սակայն ավագանու անդամ Նինա Մարտիրոսյանը չէր հիշում, թե որքան է կազմում նաեւ իր կողմից հաստատված բյուջեն: «Չեմ հիշում, որ ստորագրելու ա լինում, գնում եմ, ստորագրում»,- ասաց նա: Ավագանու անդամը չէր էլ հիշում, թե երբ է կայացել վերջին նիստը, մինչդեռ համայնքապետը հիշեց, որ ավագանու վերջին նիստը անցած տարվա բյուջեի կատարողականը հաստատելու մասին էր: Ավագանուց դժգոհությունները եւս քիչ չեն: «Ավագանու որոշում չեն տա, ուզում ես ստոյկա տաս, չեն տա: Չի էլ ասում` ինչքան հաստիք ունի: Ու նրանք որոշում են իմ հարցերը»,- բողոքում է Գեղեցիկ Հովհաննիսյանը` ավելացնելով, որ շատ կուզենար ավագանիները մի գիրք կարդային: Ռոզա Թումանյանն էլ հիշում է, որ անցած տարի համայնքապետին խնդրել էր նորոգել գյուղի վերեւի կամուրջը, որը քանդվել էր սելավից. «Չսարքեց, ասեց` փող չկա: Գյուղում մի գրասենյակ ա, էն էլ նախագահի համար: Ծերանոց ա ըստեղ: Առանձնապես ոչինչ չեն անում: Իրանք իրանց դասավորում են, տալիս են, ու՞մ են հարցնում, ոչ մեկին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter