HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Կոթի գյուղի սահմանագոտում հանում են ոռոգման ջրագիծը

04_05-kotiՄարտի 12-ին, ժամը 14-ի սահմաններում Կոթի գյուղի սահմանագոտում վիրավորվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի 53-ամյա բնակիչ Հենրիկ Աբովյանը: Նա տրակտորիստ է: Հիվանդանոցում, երբ այցելեցի նրան, Հենրիկը հայտնեց, որ զինվորականների հրահանգով ոռոգման ջրագծի խողովակներ էր հանում սահմանամերձ, վտանգավոր տարածքում: Ադրբեջանական զինուժի կրակահերթից Հենրիկը վիրավորվել էր ձախ ուսի եւ թեւատակի շրջանում:

Վիրավորին երկու ժամ անց տեղափոխել էին Նոյեմբերյանի հիվանդանոց, ուր նա նախնական բուժում ստացավ: Այս դեպքի վերաբերյալ հանրապետության ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում էր, թե Կոթի գյուղի հանդամասում ադրբեջանական «Օդուն-դաղ» պահակակետից արձակված կրակոցից վիրավորվել է Հենրիկ Ա.-ն: Ոստիկանության հաղորդագրության մեջ չէր ասվում, թե նա որ գյուղի բնակիչ է եւ ինչու էր գտնվում սահմանամերձ, վտանգավոր տեղանքում: Հենրիկին Նոյեմբերյանի հիվանդանոցում վիրահատել են, գնդակը հեռացրել: Սակայն հետո բարդություններ են ծագել, վիրավորին տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր շուրջ մեկ ամիս առաջ նրան կրկին վիրահատել են: Այժմ նրա առողջական վիճակը բարվոք չէ, թարախագոյացման գործընթացը շարունակվում է, արյան բաղադրության մեջ մեծ է ազոտի քանակությունը: Հենրիկը հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ անցած մեկուկես ամսվա ընթացքում հիվանդանոցներում շուրջ 3 հազար դոլարին համարժեք գումար է ծախսել: 04_05-koti-1Հենրիկ Աբովյանի տեղեկացմամբ` իրեն սահմանագոտում խողովակներ հանելու հանձնարարություն են տվել կոթեցի ու երեւանցի մի խումբ երիտասարդներ: Հենց նրանք էլ տրամադրել են տրակտորը եւ աշխատանքի դիմաց օրական վճարել են 20 հազար դրամ: 140 սմ տրամագծով խողովակները նախկին Ջողազի ոռոգման ջրագծի մայր խողովակներն են, որոնք, Հենրիկի խոսքերով, հանելուց հետո տեղափոխվել են հսկա բեռնատարներով: Այսպես 20 օր շարունակ սահմանագոտու վտանգավոր հատվածում, հակառակորդի ուղիղ նշանառության տակ Հ. Աբովյանը խոշոր տրամաչափի խողովակներ է հանել, մինչեւ նրան դիպել է ազերի զինյալի գնդակը: Այսօր ոչ ոք չի հետաքրքրվում բերդավանցի տրակտորիստի առողջական վիճակով, երեւանցի եւ կոթեցի գործատուների հեռախոսահամարներն անհասանելի են դարձել: Նա վիրավորված է իր հանդեպ երբեմնի գործատուների անտարբեր վերաբերմունքից: Հարց է ծագում` ո՞վ կարող էր զինվորականների կողմից վերահսկվող տարածք տրակտոր տանել, հենց սահմանի եզրին խոշոր տրամաչափի խողովակներ հանելու հրահանգ տալ, քաղաքացիական անձ հանդիսացող տրակտորիստի մուտքը սահմանագոտի արտոնել: Ովքե՞ր են տարել հարյուրավոր այդ խողովակները, ի՞նչ նպատակով են դրանք օգտագործվել: Նշենք, որ այդ տրամաչափի խողովակների մեկ գծամետրի շուկայական գինը 30 հազար դրամ է: Ջողազի ջրամբարից սնվող ոռոգման ջրագիծը, որը պոմպակայանների միջոցով ոռոգում էր Նոյեմբերյանի եւ Իջեւանի տարածաշրջանների հազարավոր հեկտար հողատարածություններ, շահագործման հանձնվեց 1980 թ. աշնանը: 1990 թվականից, հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով, այդ ջրագիծն անգործության մատնվեց, որովհետեւ ջրատարի խողովակաշարն անցնում էր ադրբեջանական տարածքով: Մի քանի տարի առաջ Կոթի գյուղում սկսվեց Ջողազի ջրատարի մայր խողովակների ապամոնտաժումը: Այս տարվա գարնանը այն նոր թափ ստացավ, մինչ սահմանագոտում վիրավորվեց Հենրիկ Աբովյանը: Վերջինիս խոսքերով` հիմա սահմանագոտում լքված մնացել է այն տրակտորը, որով աշխատում էր ինքը: «Դեբեդ-Աղստեւ ջրառ» ՓԲԸ տնօրեն Սեդրակ Եսայանը տեղեկացրեց, որ 2002 թ. ոռոգման հիմնարկությունից անջատվել է «Ոռոգում» ՓԲԸ-ն: Վերջինիս հանձնվել է ոռոգման համակարգի այն գույքը, որը պարապուրդի մատնված` չի օգտագործվում: Խողովակաշարերի վաճառքից էլ պետք է մարվեն ոռոգման հիմնարկության աշխատողներին ունեցած աշխատավարձի պարտքերը: Պրն Եսայանի խոսքերով` այդ հիմնարկության եւ տարածքի համայնքապետարանների հաշվեկշիռ են հանձնվել նախկին Ջողազի ջրագծի խողովակաշարերը: Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում ժխտեց, որ Կոթիի սահմանագոտում ոռոգման խողովակներն ապամոնտաժվում են համայնքապետարանին պատկանող տարածքում: «Ոռոգում» ՓԲԸ տնօրեն Գեւորգ Ավագյանն էլ հեռախոսազրույցում հայտնեց, որ 2004 թ. իրենց հիմնարկությանն է հանձնվել հանրապետության ոռոգման համակարգի չշահագործվող գույքը: Նրա վկայությամբ` նախկին ոռոգման հիմնարկության 1 մլրդ 500 մլն դրամ պարտքերից Նոյեմբերյանի ոռոգման հիմնարկի աշխատողների աշխատավարձի պարտքերը չեն գերազանցում 20-30 մլն դրամը: Պրն Ավագյանն ամենայն պատասխանատվությամբ վստահեցրեց, որ ոչ Կոթիի, ոչ էլ հարեւան Ոսկեվան գյուղի տարածքում իրենց հիմնարկությունն այս տարի խողովակներ չի ապամոնտաժել: Շրջելով Ոսկեվան գյուղի դաշտերում` տեսա Ջողազի ջրագծի ապամոնտաժված ոռոգման ներքին ցանցը: Ոռոգման համակարգի այս տեղամասի երկարամյա ղեկավար Ռաֆիկ Վարդանյանի խոսքերով` ներքին ցանցի 530 եւ 273 մմ տրամագծով խողովակները 3 տարի առաջ ապամոնտաժել է «Ոռոգում» ՓԲԸ ընկերությունը: Պետությունը միջոցներ է ձեռնարկում Ոսկեվանի ենթաշրջանի սահմանամերձ համայնքների տարածքները ոռոգելի դարձնելու համար: 2006 թ. ԻՖԱԴ կազմակերպության 2.9 մլն դոլար ֆինանսավորմամբ սկսվեց Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան-Կոթի 37 կմ (ճյուղավորումներով հանդերձ) երկարությամբ ինքնահոս ջրագծի կառուցումը: Նոյեմբերյանի սարերից, Ոսկեպար գետից սկիզբ առնող ջրատարը սահմանամերձ Կոթի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան գյուղերում ոռոգելի կդարձնի շուրջ 1100 հա հողատարածություն: Ոսկեպարում ոռոգելի կդառնա 500 հա, Կոթիում` 380, Ոսկեվանում` 100 հա, Բաղանիսում` 70 հա: Այս ծրագիրն ի սկզբանե նախատեսված էր ավարտել 2008 թ. հուլիսին: Հետո որոշվեց ջրագիծը գործարկել նույն տարվա նոյեմբերին: Ներկայումս այս ջրատարի շինարարությունն ընթացքի մեջ է: Ոսկեվանում պետք է ոռոգելի դառնա 100 հա տնամերձ հողամաս: Ոսկեվանի համայնքապետ Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ մտադիր են ծրագրում որոշ փոփոխություններ առաջարկել եւ տնամերձ հողերի փոխարեն ոռոգելի դարձնել Շաշ հողեր հանդամասի 30 հա հողերը: Հարց է ծագում` որքանո՞վ էր նպատակահարմար 2006 թ. տարածքում Ջողազի ոռոգման ջրագծի ներքին ցանցի խողովակները հանելը, եթե 3 տարի անց այդ հողերը պիտի ոռոգելի դառնան: Մի՞թե Կոթի գյուղում անհայտ նպատակներով հանվող խողովակները չէին կարող օգտագործվել այս նոր ջրատարի ներքին ցանցը կառուցելու համար: Ո՞վ է Կոթիի սահմանագոտում մեծ տրամաչափի խողովակները ապամոնտաժում, եթե «օձն իր պորտով, ղուշն իր թեւով» այնտեղ մտնել չի կարող: Վերջին տասնամյակում Նոյեմբերյանի սահմանագոտու գյուղերում անասնագողությունների հարյուրավոր դեպքեր են եղել, որոնք այդպես էլ չբացահայտված են մնացել: Գյուղացիների վկայությամբ` դրանց հետքերը տանում են դեպի Ադրբեջանի սահման: Սահմանագոտու բնակիչները կարծում են, որ գողոնը պարտակվում է հարեւան, ոչ բարեկամ երկրում: Կարծում ենք, որ սահմանապահները պետք է զբաղվեն իրենց գործով` սահմանի պաշտպանությամբ, եւ ոչ թե սահմանի եզրին գտնվող խողովակների ապամոնտաժումն արտոնելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter