HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Չնայած բազմաթիվ խոստումներին` արտասահմանում սովորող ուսանողներին պետությունը չի աջակցում

Գրիգոր Մինասյանը սովորում է Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանում, միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 1-ին կուրսում: Նրան այս բավականին բարձրակարգ համալսարան հաջողվել է ընդունվել շնորհիվ այն բանի, որ երկու տարի սովորել է Թայլանդի Ռեգենտի դպրոցում, որը միջազգային բակալավրիատի (IB-International Baccalaureate) աստիճան ունի:

Միջազգային բակալավրիատի աստիճան ունեցող դպրոցներում ուսուցումը կատարվում է անգլերեն լեզվով, աշակերտների որոշակի տոկոսը պետք է լինեն արտասահմանից: Այս դպրոցները սփռված են աշխարհով մեկ եւ հնարավորություն են տալիս հետագայում գնահատականների համապատասխանության դեպքում դիմել աշխարհի ցանկացած համալսարան: Գրիգորը Ռեգենտի դպրոց ընդունվելու համար Հայաստանում քննություններ է հանձնել եւ արդյունքում ստացել 90 տոկոս զեղչ` վճարելով միայն 20.000 ԱՄՆ դոլար: Ռեգենտի դպրոցն ավարտելուց հետո Գրիգորը 2008-ին դիմել է Անգլիայի Էքսեթերի համալսարան եւ ընդունվել: «Իմ գնահատականներն ավելի բարձրակարգ համալսարանների էին բավականացնում, սակայն հենց այդ պահից էլ հասկացա, որ չեմ կարողանալու ֆինանսական աջակցություն ստանալ որեւէ մեկից, այդ պատճառով էլ դիմեցի այս համալսարան, որի ուսման վարձը համեմատաբար ցածր է»,- պատմում է Գրիգորը: Եվրոպական նման համալսարանների նվազագույն վճարը կազմում է 40-45 հազար ԱՄՆ դոլար: Սա այն դեպքում, երբ ուսանողը չի օգտվում համալսարանի ճաշարանից: Գրիգորն ասում է, որ դիմել է բոլոր հնարավոր աղբյուրներին, որտեղից կարելի էր որեւէ աջակցություն ստանալ: «Որքան բարեգործական ընկերություններ կան, որքան բարեգործությամբ զբաղվող անձնավորություն կա, բոլորին դիմել եմ, անձամբ ՀՀ  նախագահին նամակ եմ ուղղել` ոչ մի արդյունք, կատարյալ անտարբերություն: Դիմել եմ Կրթության նախարարություն, ասել են` սպասիր, շուտով «Լույս» հիմանդրամը կգործի, կօգնենք, դիմել եմ վարչապետին, սակայն կրկին ոչ մի արձագանք: Իսկ այդ «Լույս» հիմնադրամի մասին լսել եմ, որ այսքան ժամանակ միայն Ջիվան Գասպարյանի համերգն են ֆինանսավորել, թե դա ինչ կապ ունի ուսանողների հետ, ես չգիտեմ, բայց այդ հիմանդրամից արդեն վաղուց եմ հույսս կտրել»,-ասում է Անգլիայում սովորող ուսանողը:

Եվրոպական կրթության մակարդակի մասին Գրիգորն ասում է. «Այնտեղ ես դասախոսություն շատ քիչ եմ ունենում, բայց շատ ժամանակ են ինձ տրամադրում ինքնակրթության համար: Կա հսկայական գրադարան, որից օգտվելը միայն հաճույք է: Բացի այդ, իմ մասնագիտության մեջ խորանալու հսկայական հնարավորություն ունեմ»: Առաջին կուրսի ուսման վարձը, այնտեղ բնակվելու եւ սննդի գումարը մի կերպ վճարել են Գրիգորի ծնողները. «Ես չեմ կարող ասել, թե ես աղքատ ընտանիքից եմ, նորմալ, միջին բարեկեցության ընտանիքից եմ, բայց ծնողներս ուղղակի ի վիճակի չեն այդքան գումար վճարել, ես էլ ինձ վատ եմ զգում, համակարգչիս գումարն այնտեղ ինքս եմ աշխատել մի կերպ, փորձում եմ որոշակի գումար ձեռք բերել ընկերներիս համար ռեֆերատներ եւ այլ աշխատանքներ գրելով»:

Գրիգորն ունի նաեւ 17-ամյա քույր, ով այս տարի պատրաստվում է Երեւանի Բժշկական համալսարան ընդունվել, նաեւ` մի դպրոցական  եղբայր: Այս տարի Գրիգորն իր հույսը կապում է երկու հիմնադրամների հետ` «Բենլյան» եւ «Գյուլբենկյան», սակայն, նրա կարծիքով, այս հիմնադրամները կարող են շատ չնչին օգնություն հատկացնել: «Նման խնդիր համալսարանում ունեն միայն հայերը, չորս հոգի ենք: Մեր համալսարանում չկա մի այլ ազգության ուսանող, ով չֆինանսավորվի իր պետությունից: Միայն հայ ուսանողներն են այս վիճակում հայտնվել»,- ասում է Գրիգորը: Նա համոզված է, որ պետությունը պարտավոր է օգնել իր երիտասարդներին: «Չէ որ հետո մենք ենք գալու ու մեր գիտելիքները ներդնելու այս նույն պետության մեջ, ով այսօր մեզ ոչ մի աջակցություն չի ցուցաբերում: Անձամբ ես ավարտելուց հետո գալու եմ, ծառայելու եմ բանակում, եւ հետո իմ ապագան ծավալեմ Հայաստանում, ես երբեք չեմ էլ մտածել արտերկրում մնալու մասին, ես հայ եմ եւ ապրելու եմ եւ աշխատելու եմ Հայաստանում: Բացի այդ, մեր պետությունը պետք է հասկանա, որ արտերկրի կրթությունը շատ որակյալ է, եւ ես արդեն որոշակի որակավորում ունեմ  եւ դեռ ավելիին կհասնեմ երկու տարի հետո»,- ասում է Գրիգորը: Ըստ Գրիգորի`իր այլազգի ընկերները պետության կողմից երկու ձեւով են ֆինանսավորվում. առավել հարուստ երկրների ուսանողները լիարժեք ֆինանսավորում են ստանում պետությունից առանց որեւէ պայմանի, իսկ պակաս հարուստ երկրների ուսանողներին իրենց պետությունները գումարը տալիս են վարկի տեսքով:

«Երբ նրանք ավարտում են, հետ են գալիս իրենց երկիր եւ անցնում աշխատանքի, պետությունը նրանց աշխատավարձից ամեն ամիս գանձում է որոշակի գումար, այսպիսով ստացվում է, որ պետությունը ժամանակավոր ներդրում է արել, սակայն առանց տոկոսի, իսկ հետո այդ գումարը հետ է ստանում: Ես գիտեմ, որ Հայաստանը չի կարող ամբողջությամբ վճարել իմ ուսման համար, բայց գոնե այս տարբերակը պետք է կիրառել, այսպիսով ինձ էլ պարտադրվում է վերադառնալ եւ աշխատել հայրենիքում»,- բացատրում է Գրիգորը: Նրա խոսքերով` այդ համալսարանում սովորում են հարյուրավոր թուրք ուսանողներ, որոնց ուսման ծախսն ամբողջությամբ ֆինանսավորում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

«Գյուլն այդ համալսարանն է ավարտել, այդ պատճառով էլ նա հատուկ ֆինանսավորում է այդ համալսարան ընդունվող ուսանողներին»,- ասում է Գրիգորը: Իսկ ադրբեջանցի ուսանողներ բրիտանական այդ համալսարանում ընդհանրապես չկան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter