HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետական կառույցը դարձրել են ազգականների աշխատանքի տեղավորման գործակալություն

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2334-Ն որոշումով: Ըստ կենտրոնի կանոնադրության` կառույցը հանդիսանում է տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում գործառույթներ իրականացնող մարմին: Կառույցը ղեկավարող լիազոր մարմինը Արտակարգ իրավիճակների նախարարությունն է:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» կանոնադրության համաձայն` այս ՊՈԱԿ-ը պարտավոր է ՀՀ տնտեսության մեջ շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող արտադրական եւ սպասարկման ոլորտի վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնել, դիտարկել արտադրական վտանգավոր օբյեկտները, ինչպես նաեւ իրականացնել վթարի ռիսկի գնահատում եւ այլ գործառույթներ: Նշենք, որ այս կառույցը նախկինում գտնվել է Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ենթակայության տակ, սակայն Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը մոտ մեկ տարի առաջ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» լուծարելու առաջարկ է արել: Մինչ Ն. Երիցյանը առաջարկությունը պատշաճ կներկայացներ, անհասկանալի արագությամբ ՊՈԱԿ-ը տեղափոխվեց Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ եւ մինչ օրս շարունակում է գործել: Ուշագրավն այն է, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում (htt://www.mineconomy.am/am/72/item/603/) հանրային քննարկման է դրվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին նախագիծ: Ստացվում է, որ Ներսես Երիցյանը փորձում է իր սկսած գործը տրամաբանական ավարտին հասցնել: Եթե մեկ տարի առաջ նրան չհաջողվեց ՊՈԱԿ-ը լուծարել, ապա օրենքի փոփոխություններով փորձում է նվազեցնել կառույցի լիազորությունները: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը շրջում է Volkswagen մակնիշի ծառայողական ավտոմեքենայով, իսկ կենտրոնի այլ բարձրաստիճան պաշտոնյաները` Volkspassat մակնիշի: Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ այսուհետ կառավարությունն անցնում է ծախսերը կրճատելու եւ խնայողություններ անելու ռեժիմի, որպեսզի կարողանան դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հասցրած վնասներին: Աշոտ Պետրոսյանն ամսական ստանում է մոտ 1 միլիոն դրամ աշխատավարձ` ավելին, քան իր նախարարը, քան վարչապետը, նույնիսկ ավելի բարձր, քան նախագահը:

Աշոտ Պետրոսյանի աշխատասենյակն այնպես է կահավորված, որ ոմանք կարող են այն շփոթել թանգարանի հետ: Այս կենտրոնում են աշխատում Աշոտ Պետրոսյանի ազգականների զգալի մասը: Ներկայացնում ենք տնօրենի ազգականների ցանկը, որոնք աշխատում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում»: Սերինե Պետրոսյան- Աշոտ Պետրոսյանի դուստրն է: Աշխատում է որպես տնօրենի օգնական (փաստորեն, հոր օգնականն է): Սամվել Պետրոսյան- տնօրենի հորեղբոր թոռն է: Աշխատում է վերլուծության վարչությունում, որպես առաջատար մասնագետ: Անահիտ Պետրոսյանը եւս ազգականն է եւ աշխատում է որպես ուսումնամեթոդական եւ կանոնակարգերի մշակման վարչության առաջատար մասնագետ: Այս վարչության խնդիրը կանոնակարգերի մշակումն ու կառավարության հաստատմանը ներկայացնելն է, սակայն մինչ օրս վարչության 9 աշխատակիցները ոչ մի կանոնակարգով հանդես չեն եկել: Ժորա Պետրոսյանն ընդհանուր բաժնի պետն է եւ Աշոտ Պետրոսյանի եղբայրը (կենտրոնի աշխատակիցների մի մասի ասելով էլ` հորեղբոր որդին է): Վլադիմիր Հովսեփյանն էլ փորձաքննության վարչության պետն է եւ ՊՈԱԿ-ի տնօրենի սանիկը: Այլ ազգականներ եւ բարեկամներ եւս աշխատում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում»: Վ. Հովսեփյանի ընկերները նույնպես այս պետական կառույցում են աշխատանք գտել:

Քանի որ վերջինս Մալաթիա-Սեբաստիա համայնքից է, կենտրոնում աշխատողների կեսն այդ համայնքից են: Մեր աղբյուրների պնդմամբ` Աշոտ Պետրոսյանի փեսան` Սերինե Պետրոսյանի ամուսինը, նույնպես ՊՈԱԿ-ում է աշխատում, սակայն չկարողացան անունը նշել, քանի որ նա չի առնչվում աշխատակիցների հետ, այդ մասին հարցնելու համարձակություն աշխատակիցները չունեն` բոլոր սենյակներում տեսահսկման սարքավորումներ են տեղադրված: Տնօրենի փեսայի աշխատասենյակի պատին նրա անուն ազգանունն ու պաշտոնն էլ փակցված չէ: «Տնօրենի աշխատասենյակն է, դրա կողքին ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման բաժնի պետ Ռոբերտ Քարամյանի սենյակն է, դրա կողքն էլ Աշոտ Պետրոսյանի փեսան է նստում»,-այսպես ներկայացրեցին տնօրենի փեսային կառույցի աշխատակիցները:

Ուշագրավ է, որ միայն պայմանագրային բաժինը չի տեսահսկվում, ինչը պարտադիր պիտի լիներ, քանի որ հիմնական գործողություններն այդ բաժնում են արվում: Նշենք, որ այս կենտրոնում միարժեք չեն շահագործողների հետ կնքված պայմանագրերը, որոնք միեւնույն փորձաքննությունն են անցնում: Այսինքն, եթե որեւէ «թիկունքով» մարդ է ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր կնքում, նրա օբյեկտում կատարվող փորձաքննության պայմանագրային արժեքն ավելի մատչելի է լինում, քան հասարակ քաղաքացունը:

Մեր ձեռքի տակ կա նման պայմանագիր, որտեղ միեւնույն փորձաքննությունը տարբեր արժեքներով է գնահատվել: Պարզվում է` այս ՊՈԱԿ-ը «յուղոտ պատառ» է նաեւ պատգամավորների ազգականների համար: Ռուբեն Բադեյանը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում» զբաղեցնում է գազասարքավորումների եւ վառելիքի օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունների բաժնի պետի պաշտոնը: Նա ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի բարեկամն է: Այստեղ է աշխատում նաեւ մեկ այլ պատգամավորի` Կարեն Ճշմարիտյանի մտերիմը` տնօրենի տեղակալ Արամ Օհանյանը: Կառույցի հետ գործ ունեցողների մոտ նա միշտ հպարտանում է դրանով՝ ասելով, որ իր թիկունքին Կարեն Ճշմարիտյանն է կանգնած:

Կառույցում խոսակցություններ կան, որ Աշոտ Պետրոսյանին մոտ ժամանակներս հեռացնելու են զբաղեցրած պաշտոնից, եւ արդեն շրջանառվում են տնօրենի հավանական թեկնածուների անունները` Վլադիմիր Հովսեփյան, Արամ Օհանյան եւ Ռոբերտ Քարամյան: Բոլոր հարցերի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Մեզ հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը հաստատեց, որ Աշոտ Պետրոսյանի դուստրը եւ Վլադիմիր Հովսեփյանն, իրոք, ՊՈԱԿ-ի աշխատակիցներ են: Այլ հարազատների մասին Ս. Աբրահամյանը տեղեկատվություն չտրամադրեց եւ խոստացավ մեզ հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխաններ ստանալու համար հանդիպում կազմակերպել Աշոտ Պետրոսյանի հետ: Հարցազրույցը պետք է կայանար ապրիլի 20-ին, սակայն անակնկալ կերպով նույն օրը տնօրենը գնաց գործուղման: Նրա ղեկավարած կառույցից ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե Ա. Պետրոսյանը 4 օրով որտեղ էր գործուղման գնացել:

Կրկին Սուսաննա Աբրահամյանի հետ հարցազրույցի համար պայմանավորվեցինք, եւ հանդիպումը պետք է կայանար ապրիլի 27-ին, սակայն այդպես էլ այն չկայացավ: Ակնհայտ է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Աշոտ Պետրոսյանը խուսափում են պարզաբանումից: Մհեր Շահգելդյանի հետ հանդիպել նույնպես չի ստացվում: Նշենք, որ դեռեւս ապրիլի 18-ին Աղվերանում լրագրողների համար կազմակերպած սեմինարի ժամանակ նույն հարցերով դիմեցինք նաեւ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին:

«Ճիշտն ասած, ամոթ չլինի, բայց ես էլ չգիտեմ, թե ինչ կենտրոնի մասին է խոսքը: Հավանաբար, դա այն կենտրոնն է, որն առաջ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ էր: Ես ֆիքսեցի ձեր հարցը, կվերադառնամ Երեւան եւ կփորձեմ հասկանալ, թե դա ինչ ՊՈԱԿ է եւ ինչպես են այնտեղ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստանում»,- ասաց Արմեն Գեւորգյանը: Այս խնդիրների վերաբերյալ փոխվարչապետին ուղարկել ենք նաեւ գրավոր հարցեր եւ ակնկալում ենք ստանալ դրանց պատասխանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter