HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Քաղաքական նոր բեւեռի ստեղծմանը սպասելիս

Անցյալ շաբաթ ՀՅԴ-ն հայտարարեց«քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու մասին»՝ դա պայմանավորելով «արտաքին քաղաքականության ուղեգծի շուրջ անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություններ առաջանալու» հանգամանքով։ ՀՅԴ-ն հրաժարվեց նաեւ գործադիր եւ օրենսդիր մարմիններում քաղաքական, հայեցողական պաշտոնների՝ իրեն հատկացված պորտֆելներից։

Կուսակցությունը հայտարարեց «հետայսու քաղաքական դաշտում նոր՝ ընդդիմադիր ուժի կարգավիճակով գործելու» մասին եւ իբրեւ հիմնական, նոր առաջնահերթություններ, սահմանեց մասնավորապես իշխանություններին լիարժեք այլընտրանք դառնալու եւ որպես ընդդիմություն՝ իշխանություններին արդյունավետորեն հակակշռելու եւ զսպելու դերակատարության ստանձնումը։ ՀՅԴ-ի այս քայլն առաջին հերթին զուտ քանակական վերաձեւումների ենթարկեց իշխող կոալիցիան, որը, սակայն, առանձնապես լուրջ քաղաքական հետեւանքներ չէր կարող ունենալ։ Առանց ՀՅԴ-ի` կոալիցոն մյուս երեք կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ընդհանուր պատգամավորների թիվն 87 է, հետեւաբար կոալիցիան քաղաքական մեծամասնությունը պահպանելոււ հետ կապված որեւէ խնդիր չէր կարող ունենալ։ Մինչդեռ ՀՅԴ-ի՝ ընդդիմություն դառնալու մասին հայտարարելուց հետո այս դաշտում ավելի լուրջ ու խորքային փոփոխությունների նախադրյալներ են ստեղծվում։ Նախ՝ կտրուկ փոխվում է արտաքին պատկերը։ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո այս դաշտը փաստացի գտնվում էր միայն Հայ ազգային կոնգրեսի «վերահսկողության» տակ։ Չնայած կոնգրեսի շրջանակներում համագործակցում են թե աջ, թե ձախ, թե՛ ազգային ուղղվածության ուժեր, սակայն Տեր-Պետրոսյանի գաղափարական ազդեցության ներքո այն հստակորեն լիբերալ ուղղվածություն է ձեռք բերել։ ՀՅԴ-ի մուտքը ընդդիմություն այս դաշտում չեզոքացնում է ՀԱԿ-ի դոմինանտությունը։ ՀՅԴ-ն, ի դեմս ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի, հայտարարեց, թե իրենք զբաղեցնելու են կառուցողական ընդդիմության դիրքերը եւ այս առումով ՀԱԿ-ի հետ համագործակցության կամ առընչության որեւէ եզր չունեն։ Սա ընդդիմադիր դաշտը երկփեղկելու հստակ նպատակադրում է նշանակում։

Ընդդիմադիր դառնալու իմիտացիա՞

Արդյո՞ք ՀՅԴ-ն իսկապես ուզում է իրական ընդդիմություն դառնալ։ Երկու իրողություն հանրությանը ստիպում է ՀՅԴ-ի որոշմանն առայժմ որոշ վերապահումով մոտենալ։ Նախ՝ հայտարարելով ընդդիմություն դառնալու եւ իշխանությունների հետ արտաքին քաղաքականության շուրջ անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություններ ունենալու մասին, ՀՅԴ-ն խուսափեց, իրենց կարծիքով, սխալ քաղաքականություն վարողներին քաղաքական պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնելուց։ Սա առավել քան տարօրինակ էր, որովհետեւ խնդիրը շոշափում է ոչ թե նեղ կուսակցական, այլ ազգային եւ պետական անվտանգության շահերը։ Անհասկանալի է դառնում, թե իր այսպիսի կեցվածքով ինչպե՞ս կարող է նման առանցքային նշանակության խնդիրների համատեքստում ՀՅԴ-ն ազատ գործելու հնարավորություն ընձեռել իշխանությանը, երբ հայտարարում է, թե ազգային խնդիրները եղել եւ մնում են ՀՅԴ-ի «սրբության սրբոցը»։ Գրեթե նույն մոտցումների համար ՀՅԴ-ն մինչեւ 1998 թ. բացարձակապես չէր ընդունում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի ծրագրային հիմնադրույթները՝ դրանցում ազգային ու պետական դավաճանության հետքեր փնտրելով։ Մինչդեռ հիմա գրեթե նույն մոտեցումների համար Դաշնակցությունը նման լոյալություն է հանդես բերում ներկայիս իշխանության նկատմամբ։ Երկրորդ խնդիրը կապվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՅԴ-ին ուղղված՝ ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններից հրաժարականները ետ վերցնելու առաջարկն ընդունելու հետ։ Իր այս քայլը ՀՅԴ-ն հիմնավորեց նրանով, թե փորձում է քաղաքական նոր մշակույթ ձեւավորել խորհրդարանում եւ իբրեւ ընդդիմություն օգտվել հանձնաժողովներ ղեկավարելու իրավունքից։ «Պայքարելու ենք, որպեսզի ընդդիմությունն ավելի ու ավելի հակակշռման ու զսպման մեխանիզմներ ունենա՝ աշխատելով իշխանությունների հետ»,-բացատրում էր ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը։ Չնայած արտաքուստ հանձնաժողովների նախագահների պորտֆելներից չհրաժարվելը կարող է թերահավատություն առաջացնել ընդդիմություն դառնալու ՀՅԴ-ի սկզբունքայնության նկատմամբ, սակայն իրականում այն բացատրելի էր երկու պատճառով։ Նախ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, լինելով քաղաքական, իշխանության քաղաքական ուղեգիծը պարտադիր պաշտպանելու պարտավորություն չեն ենթադրում, ինչպես, օրինակ, գործադիր իշխանության պարագայում։ ԱԺ-ն քաղաքական մարմին է՝ իր բոլոր դրսեւորումներով հանդերձ, եւ քաղաքական փոքրամասնությանը պետական քաղաքականության մշակմանը մասնակից դարձնելը նույնիսկ դրական ազդեցություն կարող է ունենալ որոշումների կայացման գործընթացի վրա։ 1999-2003 թթ. երկրորդ գումարման ԱԺ-ում ընդդիմադիր երկու խմբակցություններ՝ Կոմկուսը եւ ԱԺՄ-ն, ստացան երկու հանձնաժողովների նախագահների պորտֆելներ։ Սակայն այս երկու կուսակցություններն էլ, ձեռք բերելով այս պաշտոնները, նաեւ գործադիր իշխանության մաս դարձան եւ ընդդիմադիրից փաստացի վերածվեցին իշխանության կցորդների։ Արդյունքում դրանք ժամանակի ընթացքում աստիճանաբար քայքայվեցին եւ կորցրեցին հեղինակությունն ու ազդեցությունը։ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկը ղեկավարելու առաջարկ այս գումարման ԱԺ-ում իշխանություններից ստացել էր նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը եւ մերժել այն։ Այսինքն՝ հայաստանյան քաղաքական դաշտում ձեւավորված չէ այնպիսի քաղաքական մշակույթ, որի պայմաններում ԱԺ ղեկավար կազմում ընդգրկվելիս ընդդիմադիր ուժերը կպահպանեն իրենց կարգավիճակը։ Արդյո՞ք ՀՅԴ-ին կհաջողվի բեկում մտցնել այս խնդրում եւ իսկապես դառնալ ընդդիմադիր դաշտի խոսափողը խորհրդարանում։ Ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն կդառնա ոչ թե ընդդիմության, այլ միայն իր խոսափողը։ ՀՅԴ-ի կեցվածքը հասկանալի էր, որովհետեւ խոսքը գնում է երկու՝ «Արտաքին հարաբերությունների» ու «Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի» այս օրերին առանցքային հանձնաժողովների մասին։ Դրանք ապահովում էին այն լծակները, խողովակները, որոնց միջոցով ՀՅԴ-ն կարող էր անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ Հայաստան-Թուրքիա ընթացող ինտենսիվ բանակցությունների եւ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի մասին։ Այդ հանձնաժողովները ՀՅԴ-ին անհրաժեշտ էին՝ առկա իրավիճակի վերաբերյալ վստահելի տեղեկատվության աղբյուր ունենալու եւ սեփական նպատակներին ծառայեցնելու համար։ Առաջին հերթին, թերեւս, հենց այս հանգամանքը ստիպեց ՀՅԴ-ին շատ արագ ընդունել իշխանության առաջարկը։ Իր հերթին նման առաջարկ հնչեցնելով՝ իշխանությունը փորձում էր բոլորին ցույց տալ, թե թաքցնելու բան չունի։

Երբ փոխվում են գումարելիների տեղերը

Սակայն ընթացող այս գործընթացներն ուշագրավ են մեկ այլ առումով։ Ներքաղաքական գործընթացների վրա հիմնական ազդող հանգամանքը դառնում է արտաքին քաղաքականությունը՝ երկրորդական պլան մղելով երկրում սոցիալական, քրեական, բարոյահոգեբանական իրողությունները։ Հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների ֆոնին աստիճանաբար ընդգծվում է ազգային-ազգայնական շերտերի քաղաքականացման եւ բյուրեղացման միտումը։ ՀՅԴ-ի ընդդիմադիր դառնալը կարող է արագացնել այս գործընթացը։ ՀՅԴ-«Ժառանգություն» հնարավոր տանդեմի, այս ուժերի շուրջ համախմբվող ազգային պահպանողական ուժերի միջոցով կարող ենք մոտ ապագայում ունենալ բոլորովին նոր քաղաքական բեւեռ, որն աստիճանաբար կսկսի հասարակական վստահություն ձեռք բերել։ Դրա համար բավարար հիմք են ստեղծում երկու գործոն. ա. հայկական շահերից իշխանությունների հնարավոր նահանջի, զիջողական քաղաքականության, կասկածամտության հետ կապված մտավախությունները, բ. եւ իրեն արմատական ընդդիմություն հռչակած ՀԱԿ-ի նկատելի լոյալությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ իշխանությունների որդեգրած կուրսի նկատմամբ։ Իր վերջին հրապարակային ելույթում` մայիսի 1-ին, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ներկայացնելով Հայաստան-Թուրքիա բանակցություններում քննարկվող «աշխատանքային փաստաթղթում արծարծվող 4 կետերը», իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնում դրանցից ընդամենը մեկի կապակցությամբ, այն է՝ հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծումը։ Ավելին, Տեր-Պետրոսյանն ուղղակի հայտարարեց, թե պատրաստ է օժանդակել Հայաստանի իշխանություններին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ Ընդհանրապես, երբ ուշադրություն ենք դարձնում Տեր-Պետրոսյանի ելույթին, ապա պարզ է դառնում, որ նա հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացները պայմանավորում է իրարով։ Եվ քանի որ այս խնդիրները սկսում են որոշիչ դեր կատարել հասարակության տրամադրությունների ձեւավորման վրա, ապա չի կարելի բացառել, որ նաեւ ՀԱԿ-ի վարկանիշն աստիճանաբար կսկսի ընկնել։ ՀԱԿ-ում կան ուժեր՝ ի դեմս «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի», որոնք կարող են ինչ-որ պահի դուրս գալ ՀԱԿ-ից, սկսել օժանդակել նացիոնալիստական ուժերի դիմադրողական շարժմանը եւ ՀԱԿ-ի քայքայման նախադրյալ ստեղծել։ Այնպես որ, չի կարելի բացառել, որ հայ-թուրքական բանակցությունների եւ ԼՂ հիմնահարցի կարգավորման բանացկային գործընթացների հետագա ակտիվացումն աստիճանաբար կփոխի Հայաստանի ներքաղաքական ուժերի դասավորությունը, կստեղծի ներքաղաքական բոլորովին նոր ներկապնակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter