HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Ալավերդու բնապահպանական խնդիրները

Ալավերդի քաղաքի տնտեսության, բնակչության առողջության , բուսական ու կենդանական աշխարհի վրա օրեցօր մեծանում են էկոլոգիական ազդեցությունները, մինչդեռ դրանք այդպես էլ չեն հայտվում ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Ալավերդու էկոլոգիական հիմնախնդիրներն առընչվում են Հարավային կովկասի էկոլոգիական հիմնահարցերի հետ:

Ու թեեւ ՀՀ կառավարությունը 1998թ.-ի փետրվարի 25-ի իր որոշմամբ միջազգային էկոլոգիական այլ կոնվենցիաների հետ ընդունել է «Միջսահմանային կոնտեքստում շրջական միջավայրի ազդեցության գնահատման մասին» ՀՀ պարտավորությունները, այդուհանդերձ դրանք մինչեւ օրս չեն իրագործվել Ալավերդիում: Մայիսի 1-ին Լոռու մարզի Ձորագետ ավանի Թուֆենկյան հյուրանոցում «Շրջակա միջավայր եւ անվտանգություն» նախաձեռնության շրջանակներում, նախաձեռնության անդամ մի քանի միջազգային կազմակերպությունների ` ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի գրասենյակը, Համաշխարհային բանկը եւ Ռեգիոնալ էկոլոգիական կենտրոնը հրավիրել էին սեմինար: «Նախաձեռնության նպատակն է գնահատել էկոլոգիական ռիսկերը եւ առաջարկել դրանց կառավարման եւ, եթե հնարավոր է, կանխարգելման միջոցառումներ: Կոնկրետ այս ծրագիրը կոչվում է «Գեո-քաղաքներ», «Գեո- Ալավերդի»: Մինչ այս արվել է «Գեո-Երեւան», «Գեո-Հրազդան»,«Գեո-Գյումրի» ծրագրերը: Ալավերդին արդյունքում կունենա հաշվետվություն, որով կգնահատվի քաղաքի էկոլոգիական վիճակը եւ բոլոր հնարավոր զարգացումները, տարբեր պայմաններում, եթե գործարանը աշխատում է, չի աշխատում: Այնուհետեւ այդ առաջարկությունները գնալու են կառավարություն, տարածքային կառավարման նախարարություն, միջոցառումների փաթեթով»,-սեմինարի նպատակները ներկայացրեց ԵԱՀԿ Շրջակա հարցերով ավագ օգնական Գոհար Ղազինյանը: Սեմինարին մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գալոյանը, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, ՀԿ-ների ղեկավարներ, «Էյ-Սի-Փի»-ի ընկերության, պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային ծառայության աշխատակիցներ: Քննարկվեցին Գեո քաղաքների հասկացությունը, կիրառությունը Ալավերդի քաղաքի համար, Ալավերդի քաղաքի շրջակա միջավայրի հետ կապված ներկայիս մարտահրավերները, շրջակա միջավայրի ազդեցությունը Ալավերդի քաղաքի սոցիա-տնտեսական զարգացման վրա հարցերը: Ուշագրավ էր «Գեո Ալավերդի» ծրագրի կոորդինատոր Գեւորգ Ղազումյանի զեկույցը Ալավերդի քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա շրջակա միջավայրի ազդեցության մասին, որտեղ թեեւ առանձին կարեւորագույն հարցեր, ինչպես Ալավերդու կոյուղաջրերը գետ թափվելը, բուսական ու կենդանական աշխարհի պահպանության, թափոնների, գերեզմանների վիճակը, դուրս էին մնացել տեսադաշտից, այդուհանդերձ կատարվեցին մտահոգիչ հրապարակումներ: Այսպես, ըստ Ալավերդու գլխավոր հատակագծի բնակչության հաշվարկային թիվը 2010թ.-ին նախատեսվում է 37 հազար մարդ: Ըստ 2007թ.-ի տվյալների կազմում է 14,8 հազար մարդ: Բակչության թիվը Ալավերդիում էլ ավելի իջել է կապված` միջազգային տնտեսական ճգնաժամի բերած նոր գործազրկության հետ: Ակնհայտ է, որ Ալավերդին «մարում» է: Ալավերդու տնտեսությունն իր մեջ ընդգրկում է հազիվ 600 աշխատատեղ ապահովող «Էյ-Սի-Փի» ընկերությունը եւ միջին կամ փոքր 5 ձեռնարկություն: Ետխորհրդային տարիներին «Էյ-Սի-Փի» ընկերության արտանետումների ամենաբարձր քանակը արձանագրվել է 2005թ.-ին, այն կազմել է 24 448,2 տ./տարի: Ըստ մթնոլորտային օդի աղտոտվածության վերլուծության մթնոլորտ արտանետված ծծմբի երկօքսիդի արտանետումները սահմանված նորմաները գերազանցել են 12 անգամ: Ալավերդու ջրամատակարարման ցանցին տարեկան տրվող 1800 հազար ջրից կորուստները կազմում է 80-85%, կոյուղու ցանցի մոտ 45%-ը հիմնանորոգման կարիք ունի, կեղտաջրերի մաքրում չի կատարվում: Ալավերդիում բնապահպանական լուրջ հիմնախնդիր է թափոնների կառավարումը: Քաղաքը չունի աղբավայր, աղբը թափվում է Դեբեդ գետը: Արտադրական թափոնների մեծ մասը գոյանում է «Էյ-Սի-Փի» ընկերությունից, 2005թ.-ի առաջացած թափոնների միայն 4,2%-ն է օգտագործվել, մոտ 1%-ը կուտակվել է գործարանի տարածքում, մնացածները կուտակվել է Ջիլիզա տանող ճանապարհին գտնվող չկազմակերպված թափոնների կուտակիչներում: Խյուսը տեղադրվել է գործարանի տարածքում կառուցված 230 հազար խ.մ. տարողությամբ պոչամբարում: «Գեո-Ալավերդի» ծրագրի կոորդինատորի կողմից, չուսումնասիրված լինելու պատճառով դեկլարատիվ էր ներկայացված էկոլոգիական ազդեցությունները բնակչության առողջության վրա: Այսպես, կենսաբազմազանության անդառնալի խախտում, կյանքի որակի անկում, մարդկանց առողջական վիճակի վատթարացում, շնչառական, ինֆեկցիոն, քաղցկեղային հիվանդությունների հաճախակիություն, ծննդաբերության ցուցանիշների անկում, գյուղատնտեսության անառողջ արտադրանք եւ այլն: Սեմինարում ընթացավ հիմնախնդրի բուռն քննարկում: ԵԱՀԿ Ալավերդու Օրհուս կենտրոնի կոորդինատոր Ռուզաննա Միրզոյանը ներկայացրեց Ալավերդիում ծանր հիվանդությունների ցուցանիշները, որտեղ մեծ թիվ են կազմում ուռուցքային, հոգեկան, սրտնանոթային, շնչուղիների եւ այլ հիվանդությունները: Ալավերդիում ներկայումս ուռուծքային ծանր հիվանդներ են 400 մարդ: Քննարկման ժամանակ «Վահագնի 21» ՀԿ-ի նախագահ Գոռ Հովվյանը դժգոհեց. «Ինձ ընդամենը մտահոգում է, թե երբ ենք անցնելու ծրագրերի իրականացման գործին: Բերեք անենք այն, ինչ կա, 2005թ.-ից բավականին մշակված ծրագրեր կան: Դեբեդի ավազանի ռազմավարություն մշակվեց: Ընդամենը մնում է այդ ծրագրերի տեխնիկական հաշվարկն անել ու գործի դնել դրանք: Կարելի է դրանցից գոնե մի երկուսն իրականացնել, մարդիկ տեսնեն գործ է արվում, ոչ թե էդ հաշվետվությունները տպում ենք , ինչ որ կազմակերպությունների դոնորների ենք ուղարկում, դրանք մնում են անիրականանալի»: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը չհամաձայնեց Գոռ Հովվյանի հետ. «Համոզված եմ, որ էդքան էլ էդ ձեւի չէ, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում 2010թ.-ի վերջին երեւի կունենանք աղբավայր, որը Ալավերդու համար շատ կարեւոր խնդիր է եւ արդեն գործընթացը գնում է: Այս առումով Տարածքային կառավարման նախարարությունը մեզ շատ օժանդակություն ցույց տվեց, մենք համատեղ կարողացանք հասնել նրան, որ արդեն Բնապահպանության եւ Քաղաքաշինության նախարարություններն իրենց դրական եզրակացություներն են տվել: Մենք նույնիսկ նախնական հաշիվ ենք ներկայացրել Բնապահպանության նախարարություն: Գումարը կկազմի մոտավորապես 180մլն. դրամի կարգի: Աղբավայրի շինարարությունը կսկսվի 2010թ.-ին, այս մասով համայնքն իր ներդրումն արդեն արել է: Վերջապես կունենանք լիցենզավորված աղբավայր: Կոյուղու մաքրման կայանը մի քիչ ավելի թանկ հաճույք է , 4 մլն. ԱՄՆ դոլար գումար է անհրաժեշտ դրա համար ըստ 2004թ.-ի կատարված հաշվարկների: Աղբավայրի հարցը, որ լուծենք, հետո կանցնենք կոյուղու մաքրման կայան ունենալուն»: Քննարկման ընթացքում կարեւորվեց նաեւ բնակչության առողջության վրա էկոլոգիական ազդեցությունների ուսումնասիրումը: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գալոյանն էլ իր ելույթում ասաց. «Ալավերդու գոնե ծրագրի շրջանակը պետք է արձանագրել ընդգրկում է բարդ խնդիրներ: Ծրագիրը խիստ կապված է բնապահպանական ծրագրի հետ, մինչեւ սեպտեմբեր պետք է մշակվի Լոռու մարզի զարգացման ծրագիրը, պետք է այդ ամենը գույքագրել»: Ա. Գիլոյանը առանձնապես շեշտեց Դեբեդի գետեզրերի աղբով աղտոտվածությունը, իսկ իրավիճակի շտկման գործում կարեւորեց Օրհուսի կենտրոնի աջակցությունը: Սեմինարի վերջում մասնակիցները բաժանվեցին երկու խմբի քննարկումների հենքի վրա Ալավերդու զարգացման սցենար մշակելու համար: Մշակված սցենարները «Գեո Ալավերդի» ծրագրի կոորդինատոր Գեւորգ Նազարյանի խմբագրելուց հետո կներկայացվի ՀՀ կառավարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter